Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործող կարգում կան դրույթներ, որոնք իրար հետ համաձայնեցված չեն». ԳԱԱ-ում քննարկվեց գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը

Դեկտեմբեր 26,2022 18:05

Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում գիտական հանրությունը ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի հետ քննարկեց «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

«Գործող կարգում կան բազմաթիվ դրույթներ, որոնք իրար հետ համաձայնեցված չեն։ Նոր կանոնակարգով վերացվում են այդ անհամաչափությունները», – նշեց Կարեն Քեռյանը:

Փաստաթղթով նախատեսվում է կատարել փոփոխություններ գիտական աստիճանաշնորհման կարգում չորս ուղղություններով․
Թեկնածուական պաշտպանելուց մինչև մասնագիտական խորհրդի անդամ լինելու համար 2027 թվականից սկսած անհրաժեշտ կլինի ունենալ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրություններ: Նման տպագրությունները կդիտվեն համարժեք տեղական պարբերականներում տպագրված 2-3 հոդվածի:

Արտերկրի մասնագետը հնարավորություն կունենա համաղեկավարելու ասպիրանտներին ու հայցորդներին, բացի այդ՝ ընդգրկվելու մասնագիտական խորհուրդներում, ինչպես նաև առցանց մասնակցելու պաշտպանության գործընթացին՝ որպես ընդդիմախոս:
Կպահանջվի ներկայացնել կուտակած անհրաժեշտ կրեդիտների մասին տեղեկանք, նշել մասնագիտական խորհրդի նիստի քվորումն ապահովելու համար նվազագույն անհրաժեշտ մասնակիցների մասնաբաժինը։ Փորձարարական մասնագիտությունների դեպքում առանց համահեղինակների հոդված ունենալու պահանջը փոխարինվել է առաջին հեղինակով հոդված ունենալուն:

Առաջատար կազմակերպության փոխարինում ընդդիմախոսով: Աստիճանաշնորհման գործընթացի տարբեր օղակներում մասնագետներին ներգրավելիս այլևս շեշտը չի դրվելու գիտությունների դոկտորի աստիճան ունենալու վրա, այլ կարևորվելու է բարձր գիտաչափական տվյալներ ունենալը և ակտիվ գիտնական լինելը:

Քննարկման ընթացքում բարձրացվեց մասնագիտական խորհուրդների անդամների և գիտական ղեկավարների երիտասարդացման հարցը։ «Մենք նոր մեխանզիմներ պետք է ներդնենք և հնարավորինս փորձենք երիտասարդացնել գիտական ղեկավարների տարիքը», – ասաց Կարեն Քեռյանը։

Անդրադարձ եղավ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրություններ ունենալու պահանջին։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նշեց․ «Հումանիտար-հասարակագիտական ոլորտներում անգլալեզու հրապարակումների թիվն էապես պետք է ավելացնել աշխարհում մեր տեսանելիության բարձրացման համար։ Սա ազգային անվտանգության խնդիր է»։

ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց իր դիտարկումները նախագծի վերաբերյալ․ «Նախագիծը ենթադրում է որակի բարձրացում, բայց որոշ դրույթներ իջեցնում են որակը։ Հատկապես առաջատար կազմակերպության փոխարինումը՝ ընդդիմախոսով։ Իմ կարծիքով՝ պետք է վերանայել այդ դրույթը։ Նաև պետք է վերանայել գիտությունների դոկտորի աստիճանի հետ կապված դրույթը։ Պետք է այդ աստիճանը պահպանել․ գիտությունների դոկտորը պետք է թեկնածուից բարձր լինի»։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031