«Ձմեռ պապիկն այցելում է բոլորին» 2022 նախաձեռնության անդամները ավտոերթով մոտեցել են Լաչինի միջանցքին: Նախաձեռնությունն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում են մեկնել Արցախ՝ ամանորյա փոքրիկ նվերներով ու հյուրասիրություններով դպրոցականներին եւ երեխաներին քաջալերելու նպատակով։
Նախաձեռնության մասնակիցները նախ մոտեցան Տեղ համայնքի առաջին անցակետին, որտեղ ծառայություն են իրականացնում Արցախի ոստիկանությունն ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։ Ոստիկանն առաջարկեց երկու-երեք հոգով մոտենալ ռուս խաղաղապահներին՝ բանակցելու։ Սակայն նախաձեռնության անդամները հրաժարվեցին, նշելով՝ բոլորով պետք է մոտենան, խմբի մեծ մասը քիչ հետու կկանգնի։
Այս պահին նախաձեռնության անդամներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները մոտենում են ռուս խաղաղապահներին՝ հասկանալու՝ արդյոք թույլատրվելու է անցնել Լաչինի միջանցքի այն հատվածով, որը փակել են ադրբեջանցի կեղծ բնապահպանները։
Նախագծի համակարգող Սամվել Մովսիսյանը հայտարարեց՝ եթե ռուս խաղաղապահները թույլ տան անցնել, ապա հայկական կողմի գլխավոր պայմանն այն է, որ ադրբեջանցիների միջով չպետք է անցնեն, այլ՝ ադրբեջանցիները պետք է անցնեն ճաղերից այն կողմ, այնպես, ինչպես եղել է դեկտեմբերի 12-ից առաջ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայանում են բնապահպաններ, դեկտեմբերի 12-ից փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, Արցախը երկու շաբաթ է՝ շրջափակման մեջ է։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ