«Մեր հաշվարկներով, մասնակիցների թիվը 65-75 հազար մարդ է»,- «Մեդիա կենտրոնում» այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած համաարցախյան հանրահավաքին: Խոսելով ադրբեջանական մեդիայում թե հանրահավաքի ներկայացման, թե առհասարակ, Բերձորի միջանցքի փակման եւ դրան հաջորդած իրադարձությունների ներկայացման մասին՝ փորձագետն ասաց, որ ադրբեջանական մամուլը փորձում էր այդ թիվը էականորեն փոքր ներկայացնել. սկզբում՝ 50 հազար, ապա մինչեւ 15 հազար, ինչը հասկանալի է՝ ադրբեջանական պաշտոնական քարոզչության տեսանկյունից: Իլհամ Ալիեւը, հիշեցնենք,, քանիցս հայտարարել է, որ Արցախում 30-40 հազար մարդ է բնակվում:
Տարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ այս օրերին իշխանական տարբեր գործիչներ ադրբեջանական մամուլում փորձել են առաջ տանել ևս մեկ կեղծ թեզ, որ իբր իրենք հումանիտար միջանցք բացել են, բայց Արցախի իշխանությունները թույլ չեն տալիս մարդկանց երթեւեկել՝ իրենց իշխանական ամբիցիաներից ելնելով: Մինչդեռ, ըստ բանախոսի, միջազգային կազմակերպության՝ Կարմիր խաչի միջնորդությամբ, մի քանի մեքենայի անցումը դեռ մարդասիրական միջանցք չէ, հակառակը, դա ցույց է տալիս, որ շրջափակում կա, այլապես Կարմիր խաչի միջնորդության կարիքը չէր լինի: Նաեւ ռուս խաղաղապահների անցուդարձը, ըստ փորձագետի, չի կարող դիտարկվել միջանցքի տրամադրում, քանզի դա զուտ ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների արդյունք է։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն էլ, լրացնելով գործընկերոջն, ընդգծեց, որ ադրբեջանական մամուլը շարունակում է առաջ տանել թեզը, ըստ որի, Ադրբեջանը պետք է վերահսկողություն սահմանի Արցախի այն հանքերի վրա, որոնք ռազմավարական նշանակության են: Դրանցից մեկը Դրմբոնի հանքավայրն է եւ երկաթի մի քանի հանքեր: Ադրբեջանական կողմը նաեւ ցանկանում է անցակետ տեղադրել Բերձորի միջանցքում, որպեսզի վերահսկեն դեպի Արցախ ողջ շարժը: Պահանջները ընդլայնվեցին՝ ընդհուպ մինչեւ, այսպես կոչված, անկլավներ եւ Զանգեզուրի միջանցք: Փորձագետի գնահատմամբ, եթե այս շրջափակումը կասեցվի, դա չի նշանակում, որ ապագայում նման շրջափակումներ չեն լինելու, այնքան, մինչեւ կարողանան ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ Արցախն ադրբեջանական ճանաչելու իրենց նպատակին հասնելու համար: Նաեւ ռուսական զորքն այդ տարածքից հեռացնելու, քանի որ իրենց այդ գործում ռուսական զորքը մեծապես խանգարում է:
Ինչ վերաբերվում է թուրքական մամուլի արձագանքին, թուրքագետի գնահատմամբ, թուրքական մամուլը ուղղակի կրկնում է ադրբեջանական մամուլին, մանավանդ, որ պաշտոնական Անկարան քանիցս հայտարարել է, որ իր դիրքորոշումները համահունչ են Ադրբեջանի դիրքորոշումների հետ եւ քանի դեռ չի եղել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, չի կարող խոսք գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Դիրքորոշումն էլ հստակ է՝ Արցախը պետք է ճանաչվի Ադրբեջանի մաս, որին հետեւում են նաեւ մյուս պահանջները՝ ցեղասպանության ճանաչումից հրաժարվել եւ այլն ու այդ պարագայում միայն իրենք կնստեն Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու բանակցությունների շուրջ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի