Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի անվտանգության մարտահրավերները 2023-ին ընդառաջ. կայացավ ՄԱՀՀԻ XI անվտանգային ֆորումը

Դեկտեմբեր 26,2022 16:53

Ս. թ. դեկտեմբերի 23-ին Անի Գրանդ հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանի անվտանգության մարտահրավերները 2023-ին ընդառաջ» խորագրով ՄԱՀՀԻ XI անվտանգային ֆորումը։ Միջոցառմանը մասնակցեցին ՄԱՀՀԻ Ժողովրդավարության դպրոցի շրջանավարտները, ասոցացված և գործընկեր փորձագետները, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ՝ խորհրդականներ, ռազմական կցորդներ և դիվանագետներ եվրոպական, միջինարևելյան երկրներից։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը բացման խոսքից հետո ազդարարեց նոր՝ ՄԱՀՀԻ «Տվյալների բազա, գծապատկերներ և անվտանգային ռիսկի գնահատում» ծրագրի մասին, որի մեթոդաբանության մշակման աշխատանքները մեկնարկել են գարնանը։ Այդ նպատակով ՄԱՀՀԻ հետազոտական թիմն ուսումնասիրել է աշխարհում հաջողված նմանատիպ բոլոր օրինակները և արդյունքում կառուցել Արցախյան ու հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող տվյալների հավաքագրման, մշակման ու վերլուծության մոդել, որի նպատակն է գնահատել մեր տարածաշրջանում անվտանգության միջավայրը և կատարել ռիսկերի գնահատում՝ հիմնված գիտականորեն ճշգրիտ մեթոդաբանության վրա, և ըստ այդմ՝ հաշվարկել պատերազմական վտանգի հավանականությունը։

Տվյալների բազան ներկայացնում է 6 փոխկապակցված տվյալների շտեմարան․

1) «Հակամարտություն-արձագանքում» ժամանակացույց, որը ներառում է Արցախ-Ադրբեջան շփման գծին կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցող հրադադարի խախտման բոլոր ռազմական ու հիբրիդային միջադեպերը,

2) «Արտաքին քաղաքականության զարգացումներ-հակազդում» ժամանակացույց, որը ներառում է հակամարտության կողմերի ու տարածաշրջանում ներգրավված բոլոր երկրների/տերությունների արտաքին քաղաքականության հիմնական զարգացումները, որոնք ազդում են տարածաշրջանի անվտանգության միտումների վրա,

3) «Անվտանգային որոշումներ-հակազդում» ժամանակացույց, որը ներառում է հակամարտության կողմերի ու տարածաշրջանում ներգրավված բոլոր երկրների/տերությունների ու կազմակերպությունների՝ համապատասխանաբար ազգային ու միջազգային մակարդակներով ընդունվող բանաձևերն ու նորմատիվ որոշումները, որոնք ազդում են տարածաշրջանի անվտանգային դինամիկայի վրա,

4) «Տնտեսական զարգացումներ-հակազդում» ժամանակացույց, որը ներառում է հակամարտության կողմերի ու տարածաշրջանում ներգրավված բոլոր երկրների/տերությունների տնտեսական հիմնական զարգացումները, որոնք ազդում են տարածաշրջանի անվտանգության միտումների վրա,

5) «Ներքին զարգացումներ-հակազդում» ժամանակացույց, որը ներառում է հակամարտության կողմերի ու տարածաշրջանում ներգրավված բոլոր երկրների/տերությունների հիմնական հասարակական/հումանիտար զարգացումները, որոնք ազդում են տարածաշրջանային անվտանգության միտումների վրա,

6) «Սոցիետալ/հանրային զարգացումներ-հակազդում» ժամանակացույց, որը ներառում է հակամարտության կողմերի ու տարածաշրջանում ներգրավված բոլոր երկրների/տերությունների հիմնական հասարակական/հումանիտար զարգացումները, որոնք ազդում են տարածաշրջանային անվտանգության միտումների վրա։

Երկրորդ փուլում տվյալների հավաքագրմանն ու ժամանակացույցերի կազմմանը հաջորդում է հավաքագրված միջադեպերի ու իրադարձությունների ինդեքսավորումը՝ ըստ լավագույն միջազգային պրակտիկայից ընտրված ու գիտականորեն հիմնավորված մեթոդաբանությունների, դրանց հիման վրա ժամանակային շարքերի կառուցումը և վերլուծությունը՝ կոռելյացիոն ու իվենթ վերլուծության մեթոդներով։ Վերջին՝ երրորդ փուլում կատարվում է ռիսկի ընթացիկ գնահատում։

Ստյոպա Սաֆարյանի կողմից ընդգծվեց ծրագրի կարևորությունը՝ հայ-ադրբեջանական/Արցախյան հակամարտությանը վերաբերող տեղեկատվության ամբողջական ու միասնական բազա ունենալու, ծրագրված պատերազմներ ու նշանակալի ռազմա-քաղաքական լարվածությունները կանխատեսելու, դրանց վաղ արձագանքման, բանակցային գործընթացի պլանավորման և ռիսկերի գնահատման տեսանկյունից։

ՄԱՀՀԻ հետազոտական ծրագրի ղեկավարը համոզված է, որ Ինստիտուտի այս բացառիկ արտադրանքի շնորհիվ ակադեմիական-հետազոտական հանրույթը, պետական քաղաքականության պատասխանատու գերատեսչությունները (ԱԳՆ, ԱԽ, ՊՆ և այլն) և բոլոր պոտենցիալ շահառուները հնարավորություն կունենան ավելի խորն ուսումնասիրել անցյալի էսկալացիաները և գնահատել ազգային ու միջազգային մակարդակով դրանց արձագանքման արդյունավետությունը կամ անարդյունավետությունը, վերհանել այն կատալիզատոր միջադեպերը, որոնք էապես ազդում են իրավիճակի վրա և ավելի լավ պլանավորել հետագայում վաղ արձագանքման ռազմավարությունը։ Այս առումով ուշագրավ էին 2022թ. օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածի համար կառուցված փորձնական մոդելի ներկայացումն ու բացահայտումները, որոնք թույլ էին տվել կառուցված ժամանակային շարքերի միջև որոշակի կոռելյացիաներ հաստատել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ու դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման ու Արցախի շրջափակման ռազմա-քաղաքական ճգնաժամերի համար։

Ծրագրի ներկայացմանը հաջորդեց հարցուպատասխանը՝ Ֆորումի մասնակիցների ակտիվ ներգրավմամբ։

ՄԱՀՀԻ նոր ծրագրերի մեկնարկի ներկայացումից հետո ՄԱՀՀԻ տնօրեն Ստյոպա Սաֆարյանի ու Հոգաբարձուների խորհրդի նախագահ Անահիտ Բախշյանի կողմից հանդիսավորությամբ հանձնվեցին ՄԱՀՀԻ ժողովրդավարության դպրոցի 32-րդ և 37-րդ թողարկումների շրջանավարտների մասնակցության վկայականները։

Երկրորդ նիստում ՄԱՀՀԻ ասոցացված և գործընկեր փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմամբ պայմանավորված ճգնաժամի, դրա նպատակների, դրանում ռուս խաղաղապահների դերի ու այն հանգուցալուծելուն ուղղված անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։ Ելույթներով, գնահատականներով ու առաջարկություններով հանդես եկան ՄԱՀՀԻ հետազոտությունների համակարգող Ռուբեն Մեհրաբյանը, Օրբելի կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը, Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և այլոք։

Ֆորումի վերջին նիստում տեղի ունեցավ մասնակիցների՝ առանց հղումների ձևաչափով հանդիպումը հատուկ հյուր-բանախոսի՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, որը հակիրճ զեկույց ներկայացրեց Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի վերաբերյալ։ Մասնավորապես ներկայացվեցին ու քննարկման առարկա դարձան Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող ճգնաժամին վերաբերող վերջին զարգացումները, դրանց պատճառա-հետևանքային կապերը, ինչպես նաև իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի իշխանությունների մոտեցումները և գործնական քայլերը։ Ներկայացմանը հաջորդած ընդգրկուն հարցուպատասխանը չշրջանցեց նաև երկրի անվտանգային համակարգերին, այդ թվում՝ բանակի բարեփոխումների ընթացքին, ներքին ու արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականություններին ու դրանց առաջնահերթություններին վերաբերող բազմաթիվ հայեցակարգային և ընթացիկ հարցերը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031