Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իշխանյանը Իտալիայի համալսարաններում հանդես է եկել դասախոսությունների շարքով, որոնց հիմքում նրա ղեկավարած գիտական խմբի վերջին 10 տարիների ընթացքում ստացված գիտական արդյունքներն են

Դեկտեմբեր 26,2022 15:57

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը սույն թվականի դեկտեմբերի 1-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հանդես է եկել 20 դասախոսությունների շարքով։ Իտալական ՅՈՒՆԻՆԵՏՏՈՒՆՈ միջազգային տելեմատիկ համալսարանի (UNINETTUNO International Telematic University) և Տուշիայի համալսարանի (University of Tuscia) ասպիրանտներին (PhD) Արթուր Իշխանյանը ներկայացրել է «Advanced Differential Equations» (Առաջադեմ դիֆերենցիալ հավասարումներ) շարքը։

Դասախոսությունների շարքը ներկայացնում էր վերջին տարիներին ժամանակակից ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտում մեծ տարածում ստացած Հոյնի ֆունկցիաների տեսությունը, որոնք շատ ավելի ընդհանուր ֆունկցիաներ են, քան ներկայում լայնորեն հայտնի հիպերերկրաչափական դասի ֆունկցիաները։ Շարքի հիմքում Արթուր Իշխանյանի ղեկավարած գիտական խմբի (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ) վերջին 10 տարիների ընթացքում ստացված գիտական արդյունքներն են։ Դասախոսությունների շարքը ցուցադրվելու է իտալական և եվրոպական հեռուստաալիքներով։

Իտալական ՅՈՒՆԻՆԵՏՏՈՒՆՈ միջազգային տելեմատիկ համալսարանի հետ կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրով, մասնավորապես, նախատեսվում է PhD ծրագրերի իրականացում, ակադեմիական փոխանակում, համագործակցություն գիտական ​​հետազոտությունների ընդհանուր հետաքրքրության ոլորտներում, գիտաժողովների կազմակերպում, պրոֆեսորադասախոսական կազմի և վարչական անձնակազմի վերապատրաստում։ Համագործակցությունն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջոցով։ Ներկայում պատրաստվում են դրամաշնորհների համար համատեղ դիմումներ։

Արթուր Իշխանյանը հանդիպումներ է անցկացրել Իտալիայի Ֆրասկատիի ազգային լաբորատորիայի (National Laboratory of Frascati) մի քանի առաջատար գիտնականների հետ։ Հանդիպումների ժամանակ քննարկվել են ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ հետազոտությունների իրականացման հեռանկարները։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031