Կենտրոն համայնքի Բրյուսով փողոցը Երեւանի ամենակարճ փողոցներից մեկն է։ Այն սկիզբ է առնում Արշակունյաց պողոտայից ու մի 500-600 մետրից՝ աղեղ գծելով՝ կրկին Արշակունյացին է միանում։ Այս կարճ փողոցում կարելի է տեսնել Երևան քաղաքի իրական պատկերը։
Մի երկու տարի առաջ փողոցին հարակից տարածքում մեծ շինարարություն սկսվեց։ Նոր թաղամաս են կառուցում։ Ապրե՛ն։ Թո՛ղ կառուցեն։ Բոլորովին դեմ չենք։ Ավելին՝ կողմ ենք։
Բայց քաղաքի բոլոր անկյուններում ընթացող շինարարությունների պատճառով քաղաքը թաղված է աղբի ու թանձր փոշու մեջ։ Վերջերս այս մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը խոսեց։
Քամին ընթացող շինարարությունից բերել ու բակի երեւի թե բոլոր ծառերից, էլեկտրալարերից ու սյուներից գույնզգույն ու մեծ տոպրակներ է կախել։ Շուտով մեկ տարին կլրանա, ինչ այս վիճակն է։
Կարդացեք նաև
Հավաքարարները կանոնավոր մաքրում են բակը, բայց ծառերի կամ սյուների վրա բարձրանալու պարտավորություն ու հնարավորություն նրանք, ինչպես նաեւ բնակիչները, հաստատ, չունեն։ Հատուկ միջոցառում է պետք։ Ո՞վ է ասել, թե քաղաքը մաքրել՝ նշանակում է ավլել միայն մայթերը։ Քաղաքը մաքրել՝ նշանակում է ունենալ մաքուր քաղաք։
Անկասկած՝ կգտնվեն խելոքներ, որոնք կպնդեն, թե քաղաքապետարանը չի մեղավորը, թե մարդիկ են աղտոտում, թե հարակից շինարարությունն է մեղավոր։ Իհարկե, մարդիկ ու շինարարությունը մեղավոր են, բայց մաքրության առաջին պատասխանատուն քաղաքային իշխանություններն են։ Նրանք են պարտավոր մաքրել, հետեւել, որ մաքուր մնա ու աղտոտելու համար մեծ, շատ մեծ տուգանքներ նշանակել։ Ինչի համար ասես, ինչ մտացածին պատճառով ասես՝ Հայաստանի քաղաքացուն տուգանում են, բայց աղտոտելու համար մեծ տուգանքների մասին չենք լսել։
Չեն տուգանում, չեն հետեւում, չեն մաքրում։ Արդյունքում՝ ահա այսպիսի ամոթալի վիճակ է։ Արդյունքում՝ ունենք աղտոտված քաղաք։
Լուսանկարները փողոցի տարբեր հատվածներից
Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ