Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների օպերատիվ բաժինների ծառայողների հետ համատեղ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:40-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ մուտք գործելիս խուզարկության են ենթարկել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» և «Նուբարաշեն» բժշկական ստորաբաժանման բժիշկ Մ. Ն.-ին:
Բժիշկ Մ.Ն.-ի մոտից հայտնաբերվել է արգելված իր հանդիսացող wi-fi սարք, որի զննությամբ հայտնաբերվել է 11 փաթեթ, որոնցում առկա են եղել հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 22 գրամ և 12,4 գրամ քաշերով զանգվածներ, ինչպես նաև ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,1 գրամ և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 65 գրամ զանգվածներ: Նշված թմրամիջոցները բժիշկը ներկրել է քրեակատարողական հիմնարկ դատապարտյալին իրացնելու նպատակով:
Մ.Ն.-ն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Հարուցվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի, 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, իսկ դեկտեմբերի 25-ին միջնորդություն է ներկայացվել դատարան բժիշկ Մ.Ն.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ