Ամփոփվել է «ԵՄ–ն հանուն նորարարության» դրամաշնորհային ծրագիրը, որը մեկնարկել էր 2020 թ. հոկտեմբերի 30-ին:
Ծրագրի նպատակն էր բարձրացնել Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կարողությունները, բարելավել բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրը:
Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի զարգացում` կարգավորելով հանրակրթության որակի վրա ազդող մեխանիզմները», «Բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրի բարելավում՝ գույքի և սարքավորումների ձեռքբերման միջոցով»:
«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի զարգացում` կարգավորելով հանրակրթության որակի վրա ազդող մեխանիզմները» բաղադրիչի հիմնական նպատակը ԿԶՆԱԿ-ին տեխնիկական աջակցության տրամադրումն է՝ նպաստելով կառույցի կարողությունների զարգացմանը: Տրամադրվող աջակցությունը ընդգրկում է հանրակրթության ոլորտի հիմնական ուղղությունները՝ ուսուցիչների մասնագիտական զարգացումը, որը ներառում է ուսուցիչների վերապատրաստումը և ատեստավորումը, դպրոցներում ուսումնական գործընթացների կառավարումը և գնահատումը, ուսումնական ծրագրերի, նյութերի մշակման և փորձաքննության մեթոդաբանությունը, համապատասխան ուղեցույցների ստեղծումը։ ԿԶՆԱԿ-ի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ծրագրի շրջանակում կազմակերպությանը տրամադրվել է 50 դյուրակիր համակարգիչ:
Կարդացեք նաև
«Բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրի բարելավում՝ գույքի և սարքավորումների ձեռքբերման միջոցով» բաղադրիչի նպատակն է բարելավել բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրը Տավուշի մարզի դպրոցներում` տրամադրելով քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, աշխարհագրության և ՏՀՏ լաբորատոր սարքավորումներ և գույք: Բաղադրիչի շրջանակում Տավուշի 76 հանրակրթական դպրոցներ ստացել են բնագիտական և ՏՀՏ լաբորատոր սարքավորումներ և գույք:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ