Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք խոսքի, մտքի քաղաքացիական պատերազմի մեջ ենք». Հովհաննես Իշխանյան

Դեկտեմբեր 26,2022 13:38

«Արցախի հանրահավաքը շատ ոգեւորիչ է, ու պետք է հետեւություններ անել՝ այդ համախմբվածությունը հասկանալու համար: Ճանապարհը փակելը չէր հաստատ պատճառը, որովհետեւ նոյեմբերին էլ նման հանրահավաք եղավ, որտեղ կրկին երեւաց, որ Արցախը շատ համախմբված է: Սրա պատճառներից մեկն այն է, որ նոյեմբերի 9-ից հետո Արցախում տարատեսակ գործիչների պառակտիչ գործողությունները վերացնելով՝ հասել են արդյունքի»,- «Հայելի» ակումբում ասաց վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:

Նրա ձեւակերպմամբ՝ միեւնույն ժամանակ որոշ պրոֆեսիոնալ պառակտիչներ դեռ շարունակում են իրենց գործողությունները. «Կան ինչ-որ շառլատաններ, որոնք մամուլում հանդես են գալիս, ու տակը գրված է փորձագետներ, կան ուղղակի ֆեյսբուքում ինչ-ինչ օգտատերեր, ինֆլյուենսերներ, որոնք շատ հետեւորդներ ունեն: Մեր դեմ հիմա նման գործիքներ են օգտագործվում: Քանի որ հետաքրքրությունը տարածաշրջանում, այսինքն՝ Սյունիքում ու Արցախում մեծ է, ամեն մի երկիր, պետական գործիչ իր՝ տարբեր տեսակի զինվորներով (խոսքի զինվորներով, գրչի եւ այլն) փորձում է հայերի համերաշխությունը կոտրել, որպեսզի իր շահերին նպաստող գաղափարները տարածի եւ հասնի իր ուզած արդյունքին: Մենք այժմ խոսքի, մտքի քաղաքացիական պատերազմի մեջ ենք»:

Հովհաննես Իշխանյանի խոսքով. «Արցախի ոգեւորությունը պետք է փոխանցվի Հայաստանին, այստեղ եւս պետք է հասնել նույնպիսի համախմբվածության ու միասնականության: Սակայն Հայաստանում դա շատ բարդ է, որովհետեւ ամեն մեկն ունի իր վախերը, հատկապես ասոցացիատիպ վախերը՝ սրա հանրահավաքին չմասնակցեմ, էս մեկին չգնամ: Տպավորություն է, որ ոմանք կարծում են, թե անմահ են, մի ողջ կյանք ապրելու են, ու այդպես հայրենիքն իրենց կողքով անցնելու է: Թվում է, թե իրենց վախերն այս պահին ավելի կարեւոր են, քան ասենք՝ Արցախի ազատագրումը կամ իրենց հայրենակիցների արժանապատվության պաշտպանությունը:

Իսկ հայ ժողովուրդն արժանապատիվ ժողովուրդ է: Արցախցիները դա շատ լավ ցույց տվին, ու ցույց են տվել սյունեցիները, լոռեցիները եւ բոլորը: Մենք 44-օրյա պատերազմում տեսանք, թե ինչ արժանապատիվ ժողովուրդ ենք, որ նույնիսկ այս դավաճանության պայմաններում պահում էինք մեր հողերը, իսկ հյուսիսը առանց կրակոցի դավաճանները հանձնեցին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031