ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2022թ. դեկտեմբերի 25-ին Վանաձոր քաղաքում կատարված կնոջ սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է նույն օրը Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից, որը հայտնել է, որ սպանել է կնոջը։
ՀՀ քրեական օրենսգրքի 155֊րդ հոդվածի 2֊րդ մասի 9֊րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների 7 փողոցում գտնվող տանը կից տաղավարում հայտնաբերվել է 34-ամյա կնոջ դին` պարանոցի հատվածում կտրած, ծակած վերքերով։
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:
Կարդացեք նաև
38-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք։ Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե