Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընդամենը ուզում ենք հանգիստ ու անվտանգ ապրել մեր հողում, որտեղ իմ երեխան վախով չի անցկացնի ամեն օրը». JAMnews

Դեկտեմբեր 26,2022 10:48

JAMnews. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակվելուց հետո մարդիկ հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում: Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ակամայից ստիպված են մնալ շրջափակված Արցախում, բազմաթիվ արցախցիներ էլ՝ տարբեր պատճառով այդ օրերին դրսում գտնվելով, ստիպված են ճանապարհի բացմանը սպասել Հայաստանում: Նրանց թվում կան նաև անչափահաս երեխաներ:

Ստեփանակերտցի 13-ամյա Վլադիմիրն արցախցի մի խումբ երեխաների հետ դեկտեմբերի 11-ին եկել էր Հայաստան՝ դիտելու Երևանում անցկացվող Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը: Սակայն դեկտեմբերի 12-ին ճանապարհը փակվեց, երեխաների մեկօրյա այցելությունը երկարաձգվեց անորոշ ժամանակով:

«Ճիշտն ասած, ես սկզբից դեմ էի, որ տղաս գնար Երևան: Սիրտս կարծես գուշակում էր, որ Եվրատեսիլից հետո ինչ-որ բան պետք է լինի։ Բայց որ տղաս շատ էր ցանկանում, թույլ տվեցի»,- պատմեց  տղայի մայրը՝ Մարինա Վանյանը:

Քանի որ երեխան մեկ օր էր բացակայելու, ծնողները հավելյալ հագուստ ու պարագաներ իր հետ չեն ուղարկել: Երբ պարզվել է, որ տունդարձն անհնար է, Երևանում հայտնված երեխաներին օգնության են հասել տեղացիները:

«Երեխաների մնալու տեղը լավն է, ուտելիքով ապահովում են, զբաղեցնում են։ Սրտիս խորքում գիտակցում եմ, որ որդիս ապահով է, որ երեխաների հետ մեկնած ուսուցիչներն իրենց համար և՛ մայր են, և՛ քույր, բայց տեղս չեմ գտնում։ Ուզում եմ, որ երեխաս կողքիս լինի, թեկուզ այս պայմաններում»,- ասում է մայրը:

Մարինան Ստեփանակերտում բնակվում է զինծառայող ամուսնու ու երեք երեխաների հետ: Հիմա, երբ 13-ամյա որդին հանգամանքների բերումով հեռվում է, Մարինայի հենարանն ու հուսադրողը դարձել է ավագ դուստրը՝ 10-ամյա Էլինան:

«Աղջիկս ասում է․ մամա, Վովկան լավ է, տես՝ իր հետ որ խոսում ես, ինքը ծիծաղում է: Ինձ հանգստացնում է»,- պատմում է Մարինան:

Իսկ 5-ամյա դստերն այս օրերին ավելի շատ հետաքրքրում է՝ ե՞րբ կկարողանան ծնողներն իր համար ելակ գնել:

«Փոքրս միրգ շատ է սիրում, քանի օր է՝ կլուբնիկա է ուզում: Ասում եմ՝  ճանապարհները բացվեն, կլինի: Ասում է՝ մամ, որ Վովկան գա, հետը կբերի՞: Ասում եմ՝ հա, բալես»,- կիսվում է մայրը:

Մարինայի խոսքով՝ վերջին օրերին ԼՂ-ում շատ է սրվել մանկական կերի, մրգի ու բանջարեղենի հարցը: Տեղացիները փորձում են իրար ձեռք մեկնել՝ միմյանց օգնելով գտնել ու գնել այն, ինչի կարիքն ունեն․

«Ավելի շատ բանջարեղենի խնդիր ունենք՝ կարտոֆիլ, բազուկ, գազար, կաղամբ: Հասարակ կարտոֆիլն ինչ է, մեզ համար ոսկի է դարձել: Որ իմանում ենք մեկը չունի, արագ զանգում ենք, թե էսինչ տեղը կա, գնացեք առեք: Մանկական կերերն էլ են վերջանում, վաճառատեղեր կան, որ արդեն չունեն»:

Վերջին օրերին բոլորն անցել են խնայողական ռեժիմի: Ճանապարհի ապաշրջափակման անորոշությունը ստիպում է կենտրոնանալ մեկ մտքի վրա. ինչպե՞ս անել, որ եղածը հնարավորինս երկար ժամանակ բավականացնի:

«Մենք չգիտենք, թե այս ամենն ինչքան կտևի, չգիտենք, թե ամեն րոպե, ամեն վայրկյան մեզ ի՞նչ է սպասվում, ի՞նչ անակնկալներ կարող են  լինել: Փորձում ենք  խնայողաբար օգտագործել ունեցածը: Եթե առաջ կարող էինք շռայլություններ թույլ տալ, հիմա չենք կարող: Հասարակ երշիկը մակարոնի հետ երկու կտոր եմ դնում երեխաներին, որ երկար օգտագործենք»,- ասում է կինը:

Տեղացիները պատմում են՝ իրավիճակն առավել ծանր է եղել շրջափակմանը առաջին օրերին, երբ դադարեցվել էր նաև գազի մատակարարումը: Այդ օրերին փակվել էին դպրոցներն ու մանկապարտեզները:

«Այդ օրերին տներում, դպրոցներում, մանկապարտեզներւմ ցուրտ էր, երեխաները մրսել էին, հիվանդացել: Տանն էլեկտրականությամբ էինք տաքանում, եռոցով դույլերով ջուր էինք տաքացնում՝ երեխաներին լողացնելու ու կենցաղային կարիքները հոգալու համար,- հիշում էր Մարինան։- Ահավոր էր, բայց մենք ամեն ինչին կդիմանանք, համաձայն ենք առանց գազ էլ մնալ, մենակ թե մեր տներում լինենք, մեր հողում»:

Ասում է, այս իրավիճակում իրեն օգնում է հավատն առ Աստված: Բայց երեխաներին չգիտի, ինչ ասել, երբ հարցնում են՝ ի՞նչ կլինի, եթե ճանապարհը չբացեն․

«Այնքան հոգնել ենք այս իրավիճակից, անընդհատ քննարկելուց․ այս մեկն եկավ՝ լավ կլինի, այն մեկն այնինչ բանն ասաց՝ լավ կլինի։ Ամեն օր սրտատրոփ սպասում ենք լուրերի ժամին, որ տեսնենք՝ ով ինչ է ասում, բայց լսելուց հետո մտածում ենք՝ անիմաստ խոսքեր են»:

Բազմազավակ մորը առավելապես զարմացնում է տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ոմանց անտարբերությունը.

«21-րդ դարն է, այս փոքր, փխրուն երկրում ենք ապրում, բայց այնպիսի տպավորություն է, որ շատերը աշխարհում մեզ չեն տեսնում, չեն լսում, չեն ուզում լսել: Իսկ մենք ընդամենը ուզում ենք հանգիստ ու անվտանգ ապրել մեր հողում, որտեղ իմ երեխան վախով չի անցկացնի ամեն օրը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031