Լրահոս
Օրվա լրահոսը

Անվերջ հոգնած․ որոնք են այս վիճակի պատճառները

Դեկտեմբեր 26,2022 09:30

Հոգնած, հոգնած, հոգնած ինչպես՝ երբեք,
ինչպես վաղուց՝ մենակ,
օտարացումների անհեթեթ վրայով
ինձնից մահ է հայցում իմ նմանակը…

Վահագն Աթաբեկյան

Հոգնածությունը, թերևս, ամենալավը նկարագրում են բանաստեղծները, բայց այդ զգացումն ամենևին էլ պոետիկ չէ իրական կյանքում, մանավանդ երբ ձգվում է անվերջ՝ խլելով մարդուց կյանքի գույները տեսնելու հնարավորությունը։ Սովորական հոգնածությունը կարելի է թոթափել մի քանի ժամում, թեկուզ և այդ նույն բանաստեղծների ստեղծագործությունները կարդալու ընթացքում, սակայն դա այդքան էլ հեշտ չէ գերհոգնածության կամ խրոնիկ հոգնածության դեպքում։

Եվ եթե դուք մշտական հոգնածություն եք զգում և էներգիայի պակաս ունեք անգամ այն ժամանակ, երբ թվում է, թե հոգնածության ակնհայտ պատճառներ չկան, ուրեմն բժշկի հետ խորհրդակցելու ժամանակն է։

Ինչ է գերհոգնածությունը կամ խրոնիկ հոգնածությունը

Խրոնիկ հոգնածությունը երկարատև հոգնածության վիճակ է, որը մշտապես ուղեկցում է մարդուն՝ սահմանափակելով նրա գործողությունները։ Մարդն իրեն ուժասպառ է զգում՝ առավոտյան արթնանալով այնպես, կարծես թե չի էլ քնել։
Գերհոգնածության պատճառները կարող են շատ տարբեր լինել՝ ալերգիկ ռինիտ, սակավարյունություն, դեպրեսիա, ֆիբրոմիալգիա, երիկամների խրոնիկ հիվանդություններ, թոքերի հիվանդություններ, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, բակտերիալ կամ վիրուսային ինֆեկցիա և այլն։ Դրական է այն փաստը, որ հիվանդության ճիշտ ախտորոշման և բուժման դեպքում հնարավոր է ազատվել օրգանիզմը հյուծող այդ վիճակից։

Ո՞ր հիվանդությունները կարող են խրոնիկ հոգնածություն առաջացնել

Ալերգիա, հարդախոտի տենդ

Ախտանշաններ՝ հոգնածություն, գլխացավ, քոր, քթի փակվածություն, հոսք քթից և այլն։

Ալերգիկ ռինիտը խրոնիկ հոգնածության պատճառներից մեկն է, սակայն այն բավականին լավ է ենթարկվում բուժման և վերահսկման։ Նախևառաջ կարևոր է պարզել, թե կոնկրետ ինչն է ալերգիա առաջացնում՝ ծաղկափոշին, միջատները, կենդանիների թեփը, բորբոսն ու սնկերը, եղանակային փոփոխությունները, թե՞ այլ ալերգենները։

Ալերգիկ ռինիտի ախտանշանները վերացնելու և հոգնածությունից ազատվելու համար առաջին հերթին պետք է խուսափել ալերգեններից և գրագետ բուժում ստանալ։

Սակավարյունություն

Ախտանշաններ՝ հոգնածություն, գլխապտույտ, դյուրագրգիռություն, մրսկանություն և այլն։

Սակավարյունության առաջացման պատճառները շատ տարբեր են, օրինակ այն կարող է զարգանալ երկաթի անբավարարության, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների ընդունման, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, քաղցկեղի, թութքի, առատ դաշտանի և այլ պատճառներով։

Սակավարյունությունն ախտորոշելու համար բժիշկն արյան անալիզ է նշանակում։ Եթե հոգնածության պատճառը երկաթի անբավարարությունն է, բուժումը կարող է ներառել երկաթի հավելումների ընդունումը, երկաթով և վիտամին C-ով հարուստ սննդի ընդունումը։

Դեպրեսիա, տագնապի զգացում

Ախտանշաններ՝ հոգնածություն, անհուսության, անօգնականության զգացում և այլն

Խրոնիկ հոգնածության պատճառը շատ հաճախ տագնապն ու դեպրեսիան է, որի դեպքում մարդն անկումային տրամադրություն է ունենում գրեթե ամբողջ օրվա ընթացքում՝ կորցնելով անգամ առօրյա գործերով զբաղվելու ցանկությունը։

Դեպրեսիան պետք չէ թերագնահատել, այլ պետք է բուժել՝ դիմելով հոգեկան առողջության ոլորտի մասնագետների և նյարդաբանի օգնությանը։ Բուժումը կօգնի թեթևացնել այդ վիճակի ախտանշանները, այդ թվում՝ գերհոգնածությունը։

Վիրուսային կամ բակտերիալ ինֆեկցիաներ

Ախտանշաններ՝ հոգնածություն, ջերմության բարձրացում, գլխացավ, մարմնի ցավեր և այլն։

Հոգնածությունը ինֆեկցիաների ախտանշան կարող է լինել՝ բնորոշ այնպիսի հիվանդություններին, ինչպիսիք են գրիպը, մոնոնուկլեոզը, քովիդ-19-ը, ցիտոմեգալովիրուսը, հեպատիտը, ՄԻԱՎ-ը, թոքաբորբը և այլն։

Ինֆեկցիայի բուժումն օգնում է ազատվել խրոնիկ հոգնածությունից, սակայն որոշ վարակների, օրինակ՝ մոնոնուկլեոզի ու Քովիդ-19-ի դեպքում այդ վիճակը կարող է բավականին երկար ձգվել։

Ֆիբրոմիալգիա 

Ախտանշաններ՝ խրոնիկ հոգնածություն, մկանային ցավեր, քնի խանգարումներ, դեպրեսիա և այլն։

Ֆիբրոմիալգիան համախտանիշ է, որի դեպքում մարդը մշտական հոգնածություն է զգում՝ կորցնելով առօրյա գործերով զբաղվելու ցանկությունն ու կարծես մշտապես գտնվելով մշուշի մեջ։ Ֆիբրոմիալգիայի հաղթահարման համար շատ կարևոր կարող են լինել քնի կանոնավոր ռեժիմը, վարժությունների կատարումը, լիարժեք հանգիստը, առողջ կենսակերպը, սթրեսի նվազեցումը, ասեղնաբուժությունը։

Սննդային ալերգիա, սննդային անտանելիություն

Ախտանշաններ՝ հոգնածություն, քնկոտություն, հյուծում

Թեև սնունդն էներգիայի աղբյուր է, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ սննդային թաքնված անտանելիությունն ու ալերգիան կարող են հակառակ արդյունքի հանգեցնել։ Հոգնածությունը կարող է լինել սննդային անընդունելիության կամ ալերգիայի նախանշան։ Օրինակ ցելիակիայի՝ գլյուտենային հիվանդության ախտանշաններից մեկը հենց այդ վիճակն է և լավագույնը, որ կարելի է անել այդ հիվանդության դեպքում, սննդակարգից գլյուտենի բացառումն է։

Սրտի հիվանդություններ

Ախտանշաններից մեկը՝ հոգնածություն գործունեության այն տեսակներից, որոնք պետք է նման վիճակի չհանգեցնեին։

Եթե մարդուն հոգնեցնում են այն գործողությունները, որոնք նախկինում շատ դյուրին էին նրա համար, ասենք՝ աստիճաններ բարձրանալը, ուրեմն բժշկի հետ խորհրդակցելու և սրտի հետ կապված խնդիրները բացառելու ժամանակն է։

Ռևմատոիդ արթրիտ

Ախտանշաններ՝ հոգնածություն, հոդացավեր, հոդերի բորբոքում և այլն։

Ռևմատոիդ արթրիտը բորբոքային արթրիտի տեսակ է, որը նույնպես հանգեցնում է գերհոգնածության։ Քանի որ հոդերի վնասումը կարող է հաշմանդամության պատճառ դառնալ, հիվանդության վաղ ախտորոշումն ու շուտափույթ բուժումը ոչ միայն հոգնածության թոթափման, այլև անդառնալի խնդիրներից խուսափելու ամենաարդյունավետ տարբերակը կարող է լինել։

Դիաբետ

Ախտանշաններ՝ գերհոգնածություն, ծարավի ու քաղցի զգացում, քաշի կտրուկ տատանումներ և այլն։

Դիաբետի բուժումը ենթադրում է կենսակերպի փոփոխություններ, որոնք ներառում են ֆիզիկական ակտիվության ավելացումը, սննդակարգի փոփոխությունները, արյան մեջ գլյուկոզայի, խոլեսթերինի մակարդակի, զարկերակային ճնշման վերահսկումը և այլն։

Վահանաձև գեղձի թերֆունկցիա (հիպոթիրեոզ) 

Ախտանշաններ՝ ուժեղ հոգնածություն, հյուծվածության զգացում, քաշի ավելացում, մրսկանություն և այլն։

Վահանաձև գեղձի ցածր ակտիվությունը միայն այս ախտանշաններով չի սահմանափակվում՝ ուղեկցվելով նաև սրտի ռիթմի խանգարմամբ,  սիստոլիկ զարկերակային հիպերտենզիայով, գերքրտնարտադրությամբ, ձեռքերի դողով, կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարումներով և այլն։

Կախված վահանագեղձի հիվանդության տեսակից՝ բուժումը կարող է լինել ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրաբուժական կամ ռադիոյոդաթերապիայի միջամտությամբ։
Վահանաձև գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու ճիշտ բուժումը բավականին լավ արդյունք են տալիս, այդ թվում՝ նաև վահանագեղձի քաղցկեղի շատ տեսակների դեպքում՝ օգնելով ազատվել հիվանդության հիմնական ախտանշաններից։

Իհարկե, խրոնիկ հոգնածության պատճառներն այսքանով չեն սահմանափակվում․ քաղցկեղի տարատեսակները, քնի խանգարումները և վերջապես ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նույնպես կարող են բերել այդ վիճակին, այստեղ կարևորն օրգանիզմի ազդանշաններին ականջալուր լինելն ու հիվանդությունների վաղ ախտորոշման և օրգանիզմին ժամանակին հանգիստ նվիրելու համար անհրաժեշտ ջանքերի ձեռնարկումն է։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031