Վերջին օրերի իրադարձությունները՝ կապված Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետ, նշանակում է, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է հայաթափել Արցախը, իրեն պահել Հայաստանից գրաված տարածքները՝ գնալով, էլ ավելի ընդլայնելով դրանք, պարտադրել բացել Սյունիքի միջանցքը, իր թելադրած պայմաններով կնքել «խաղաղության» դարաշրջանի հաստատման պայմանագիրը եւ այլ նման բաներ:
Տեսնելով, որ հայկական կողմը խոնարհաբար չի ընդունում «խաղաղության» դարաշրջանի հաստատման պայմանագրի իր առաջարկած բոլոր պայմանները եւ նաեւ ձգձգում է այն, անցել է իր մշտական ոճին՝ ուժային մեթոդով, սակայն այս անգամ բնապահպանական միջոցառումների իրականացման անվան տակ փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փորձելով հայերին հասկացնել. եթե չկատարեք իմ բոլոր թելադրանքները, ապա ոչ ավել, ոչ պակաս, այս քայլով կկոտորեմ Արցախի 120 000-անոց բնակչությանը: Նախքան դա, նա փակել էր Արցախ գնացող գազի մուտքը, որն այս պահի դրությամբ արդեն բացվել է: Ալիեւի այս հերթական շանտաժին ողջ հայությունը ըմբոստացավ, դիմեց մի շարք հզոր պետությունների, միջազգային շատ կառույցների, որպեսզի նրան ստիպեն անմիջապես բացել միջանցքը, այլապես սանկցիաներ կկիրառեն նրա նկատմամբ, որը, ցավոք, առ այս պահը դեռեւս դրական արդյունք չի տվել: Կարծում եմ, այդ ճնշումն ինտենսիվորեն շարունակվում է եւ հավանաբար, այն մոտ օրերս կտա իր արդյունքը: Չնայած Ադրբեջանը դեռեւս համառում է, բայց կարծում եմ՝ նա չի կարող պլստալ եւ չոր դուրս գալ այդ միջազգային ճնշումներից ու պարտադրված տեղի կտա:
Հավանաբար, միջանցքի բացման ձգձգումը կապված է նաեւ նրա հետ, որ այն ճնշումը, որն իրականացնում են այդ երկրներն ու միջազգային կառույցները, չունի այն կոնկրետությունն ու ուժգնությունը, որի պարագայում միջանցքն արդեն բացված կլիներ: Ինչ արած, որ դա Արեւմուտքի, Եվրոպայի եւ միջազգային կառույցների աշխատելաոճն է, որի արդյունքում այս պահին ունենք այն, ինչ ունենք:
Թե ինչ քայլեր են իրականացնում Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները, դա եւս բոլորին է հայտնի ու ավելորդ եմ համարում դրանց գնահատականներ տալ, քանզի նրանք անում են այն, ինչը միշտ են արել եւ ոչինչ ավելին:
Կարդացեք նաև
Հասկանալի է, որ ստեղծված վիճակն օրհասական է եւ չափազանց անհրաժեշտ է անհետաձգելի քայլեր ձեռնարկել, քանզի նույն բաները մշտապես բարձրաձայնելով, խնդրի լուծումը դարձյալ կձգձգվի: Ուստի առաջարկում եմ շտապ կազմակերպել եռակողմ հանդիպում՝ Ռուսաստան, Ադրբեջան, Արցախ (ոչ մի դեպքում՝ Հայաստան) եւ բանակցությունների միջոցով արագ փորձել խնդրին լուծում տալ: Կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ սա այն հարցն է, որի լուծումը պետք է տրվի րոպե առաջ:
Աստված մի արասցե, եթե այս եռակողմ հանդիպումն էլ շտապ արդյունք չարձանագրի, ապա պետք է ագրեսորին պատասխանել ճիշտ նույն կերպ, քանզի կարծես նա այլ լեզու չի հասկանում: Բազմիցս ենք համոզվել, որ Ադրբեջանն իր ագրեսորական քայլերն անելուց հետո, մշտապես սրբի կեցվածքով փորձում է մոլորեցնել աշխարհին ու միջազգային կառույցներին՝ իր կողմից կոնկրետ կատարած քայլերը ներկայացնելով լիովին այլ մոտիվացիաներով, հաշվի առնելով, որ շատ հաճախ, այդ երկրներն ու միջազգային կառույցները լուրջ են ընդունում դրանք եւ նվազեցնում են իրենց կողմից իրականացվելիք գործողությունների ինտենսիվությունն ու երկարաձգում են դրանց իրականացման ժամկետները:
Նշեմ նաեւ շատ կարեւոր մի հանգամանքի մասին, բնավ պատահական չէ, որ նրանք այս անգամ կիրառում են բնապահպանական միջոցառումներ տերմինը. քանզի ամեն ինչից զատ, նրանց գերնպատակներից մեկն էլ Արցախի հանքավայրերի՝ իրենցով անելու քողարկված փորձն է, քանզի հենց դրանք են Արցախին շահույթ բերող հիմնական ոլորտները, որոնք որոշակիորեն ապահովում են Արցախի գոյատեւումը: Հակառակ պարագայում, նրանց համար դժվար չէր այլ տերմիններ հորինելը:
Ինչեւէ, կարծում եմ խնդիրը բոլորին պարզ է եւ մնում է միայն մեր կողմից հստակ քալերի ձեռնարկումն ու դրանց իրականացումը …
Փառք մեր հերոսական ժողովրդին եւ առաջ Աստված:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
24.12.2022