Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա գրական ընթացքը ե՛ւ բազմադեմ է, ե՛ւ բազմադիմակ»

Դեկտեմբեր 26,2022 12:30

Ասում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ նախագահության անդամ Գոհար Գալստյանը

– Ի՞նչ է պոեզիան բանաստեղծի եւ ընթերցողի համար…

– Բանաստեղծի համար պոեզիան իր հոգու մեղվանոցի անխառն զտածոն է, իր ոգենյութը, որը բաշխվելով բազմապատկվում է։ Պոեզիայի մարմինը հազարավոր ապրումների ու մտածումների բառ համատեքստ է, ուր ամեն թրթիռի մեջ բանաստեղծի արյան կոդերն են, որտեղ նրա սիրտն է տրոփում։

Ընթերցողի համար պոեզիան առաջին հերթին հենց հոգեւոր սնունդ է, միաժամանակ՝ հրաշագործ մի հայելի, որի ընդերքում պարփակ լույսը (ընթերցումով լինի, թե՝ ունկնդրելով), երբ բացահայտվում է՝ դիպչելով քո ներքին աղբյուրներին, ի զորու է ընդարձակել հոգուդ տեսադաշտը, միանգամից քոնը դարձնելով այն, ինչը դեռ չգիտեիր, բայց՝ թվում է, թե միշտ է եղել քոնը։

– Նոր մտածողություն, ոճ, տրամաբանություն եւ տրամադրություն… այսօրվա գրական ընթացքի մասին։

– Այո, «նոր մտածողություն»՝ ճանաչողության կերպ, «նոր ոճ» – սրանք պոեզիայի հագուստներն են՝ միանգամայն տեղին, «տրամաբանություն եւ տրամադրություն»՝ պոեզիայի խելքն ու բնավորության գծերը, բայց շատ զիլ մտածողությունն ու խոսքի ոճը դեռեւս պոեզիա չէ, ինչպես որ՝ տրամաբանված խոսքն ու տրամադրությունը… Այսօրվա գրական ընթացքը ե՛ւ բազմադեմ է, ե՛ւ բազմադիմակ…

– Բաներ կան, որոնք գրվում են անհրաժեշտաբար… Բայց ժամանակը ստվեր գցելու հմտություն ունի։ Ստվերի խորհուրդը կամ բացասական կողմը…

– Միշտ են եղել բաներ, որ ժամանակի զարկերակի ռիթմով են գրվում, բայց դրանց ստվերի ենթակա լինելու պայմանը տարբեր է։ Ի վերջո, ստվերը լույսի անկյան տակ տարբեր է լինում, եւ շատ բնորոշ է, որ առարկան կամ մարդուն, նրա գործը «մեծացնելու» կամ հակառակը՝ նսեմացնելու նպատակով այն շահեկան կամ ո՛չ շահեկան լույսով մատուցվի։ Այսօրվա PR իրականության մոդելը հենց այդպիսին է։ Օպերատորները եւ լուսանկարիչները լավ կհասկանան՝ շահեկան ռակուրսով։ Այնինչ գաղտնիք չէ, որ ստվերը առարկային համարժեք է բնական լույսի համաչափության ներքո։

– Գաղափարից այն կողմ փնտրվող հիմքեր… Ի՞նչն է խանգարում այդ հիմքերը զարգացնելու համար։

– Հիմքերն արմատներում են։ Զարգացնելու համար պետք է առանցքը պահել եւ ձգտել դեպի լույսը՝ բարձրանալ եւ աճել… աճեցնելով եւ բարձրացնելով…

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
24.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031