Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դերասանը հասնի մի պահի ու համարի, որ արդեն կայացած է, ուրեմն՝ վերջ»

Դեկտեմբեր 26,2022 12:00

Սաշա Սուքիասյանը՝ կարիերայի, թատրոնում եւ հեռուստասերիալներում խաղացած դերերի մասին

– Սովորելով Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ ինչ ստացաք, ինչ ձեռք բերեցիք այդ տարիների ընթացքում։

– Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ վարպետներին…

Ես սկզբում՝ 2015թ.-ին, սովորել եմ Հակոբ Ղազանչյանի կուրսում, 2016-ից գնացել եմ բանակ, 2018-ին վերադարձել եմ, ապա ուսումս շարունակել Դավիթ Հարությունյանի կուրսում։ Շնորհակալ եմ իմ բոլոր վարպետներին՝ թե՛ բեմական խոսքի, թե՛ վոկալի ու ամեն ինչի համար։ Ամեն դեպքում՝ կարեւոր է նաեւ ինքնակրթությամբ զբաղվելը, ինչը եթե չանես, սովորածդ 4 տարիներն անիմաստ կլինեն։

– Սովորելու տարիներին եղե՞լ է, որ մտածեք ուսումը կիսատ թողնելու մասին։

– Եղել են նման դեպքեր……Սկզբում սովորում էի Աշոտ Ղազարյանի՝ Հումորի, խոսքի, երգիծանքի ստուդիայում, հետո գնացի ուսումնարան, որտեղ մանրանկարչություն էի սովորում, ու էդ ընթացքում լիարժեք կտրվել էի դերասանի մասնագիտությունից, երբ եկավ ժամանակը, որ պետք է դիմեի ինստիտուտ, միանգամից «ընկա» դերասանական գծի վրա։ Բանակից վերադառնալուց որոշեցի, որ պետք է հեռու մնամ դերասանի մասնագիտությունից, բայց ընկերներիս խորհրդով ընդունվեցի եւ սովորեցի Պատանի հանդիսատեսի թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Հարությունյանի կուրսում, ով այդ ժամանակ ինձ տվեց դեր, որը եղավ բանակից հետո իմ առաջին քայլը Պատանի հանդիսատեսի թատրոնում, բայց մինչ այդ էլ ունեցել եմ ծավալած գործունեություն «Մհեր Մկրտչյանի» արտիստական թատրոնում։

– Ինչպիսի՞ն պետք է լինի իրական դերասանը։

– Շատ բարդ հարց է, երեւի մեծերը ավելի կարճ ու կոնկրետ տվել են պատասխանը։ Իմ կարծիքով, դերասանը պետք է ցանկացած ժամանակաշրջանում կարողանա տնօրինել ժամանակը։ Եթեն դերասանը հանկարծ հասնի մի պահի ու համարի, որ արդեն կայացած է, ուրեմն՝ վերջ, դա էր իր «պիկը»։ Իրականում դերասանը միշտ կայանալու եւ սովորելու տեղ ունի։

– Ե՞րբ սկսեցիք երեւալ հեռուստաէկրաններին եւ ո՞րն է եղել ձեր առաջին ներկայացումը։ Ինչպե՞ս ստացվեց, հեշտ համաձայնեցիք, թե՝ ոչ։

– Հեռուստաէկրաններին սկսեցի երեւալ 2018թ.-ից, սկզբում մասսայական տեսարան էր, բայց ամեն դեպքում փորձում էի չկտրվել իմ մասնագիտությունից, գեղարվեստական ֆիլմում եմ նկարվել, որից հետո եղել են առաջարկներ, որոնք մերժել եմ, որովհետեւ ինձ համար առաջնայինը թատրոնն էր։ 2018 թվականից ու առաջին այդպիսի մեծ դերը, որ եղավ «Արյունոտ խաղադրույքում», Ալեքսի կերպարն էր, որից հետո եղավ առաջարկ՝ «Բռնիր ձեռքս»-ն էր, եւ դրան զուգահեռ նաեւ թատրոնն էր պիկի վրա։ Նկարվել եմ «Իշխանություն» ֆիլմում. գեղարվեստական ֆիլմ, որը ինձ համար ձեռքբերում էր, որի համար շնորհակալ եմ Մհեր Մկրտչյանին՝ ինձ նկատելու եւ ինձ հետ աշխատելու համար, որովհոտեւ ես շատ մեծ դպրոց անցա նրա մոտ։ Հիմա արդեն նկարվում եմ «30 արծաթում»։

– Շա՞տ եք ստանում առաջարկներ՝ տարբեր նախագծերում նկարահանվելու համար, եւ ձեր ո՞ր կերպարից հետո սկսեցիք ավելի շատ հետաքրքրել սցենարիստներին ու ռեժիսորներին։

– Երեւի «Արյունոտ խաղադրույքից» հետո եղան բոլոր առաջարկները։ Դրա համար շնորհակալություն Շատյան Հարութին՝ լավ աշխատանքի համար։ Դրանից հետո եղել են ռեժիսորներ, որ ծանոթանում էինք, ասում էին՝ մենք քո տեղը ոնց չգիտեինք։ Ես էլ պատասխանում էի՝ ինձ համար առաջնային եղել է ու կա թատրոնը, դրա համար այդքան չեմ գնացել դեպի հեռուստաէկրաններ։ Չեմ կարող ասել, թե ինչ արձագանքներ կլինեն «Իշխանություն 2»-ի վերաբերյալ, ամեն դեպքում, հետաքրքիր է։

– Ասացիք, որ թատրոնն ավելի հոգեհարազատ է…

– Այո, որովհետեւ առաջին ու բազում քայլերս եղել են հենց թատրոնում։ 2015թ.-ից պրոֆեսիոնալ գործունեության մեկնարկը տրվել է Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Փոքր տարիքում, երբ դեռ սովորում էի Աշոտ Ղազարյանի դպրոցում, «Սուտասանը» հեքիաթում խաղացել եմ թագավորի դերը, դրանից հետո արդեն էլի հեքիաթներ, էլի դերեր, իսկ արդեն 2018թ.-ին, հասուն տարիքում մասսայական տեսարանում եմ հանդես եկել Դավիթ Հարությունյանի «Իուարշայի սուրը» ներկայացման մեջ, հետո ստացել եմ բազմաթիվ դերեր։

– Կխոսե՞ք «Կուզե՞ս քեզ աստղ նվիրեմ» ներկայացման մասին, գիտեմ, որ այն ներկայիս երիտասարդությանը հետաքրքրող թեմայով է։

– Մենք ունենք փոքրիկ թատրոն, որը չունի շենք եւ այն Արինա Արարատյանի թատրոնն է, որտեղ լինում են էքսպերիմենտներ թե՛ մեր, թե՛ Արինայի համար։ Ներկայացումներ, որտեղ թե՛ մենք, թե՛ պարողները անում են այնպիսի բաներ, որոնք մենք կյանքում անում ենք առաջին անգամ։ Ինչ վերաբերում է «Կուզե՞ս քեզ աստղ նվիրեմ» ներկայացմանը, ինձ համար նոր էր այդ ներկայացման բեմադրման պրոցեսը, որովհետեւ Արինան մի փոքր այլ տարբերակով է աշխատում՝ բավականին մատչելի դերասանի համար։ Ամեն անգամ այդ ներկայացումը խաղալիս՝ ինչ-որ նոր բան եմ սովորում, ինչ-որ նոր բան եմ բացահայտում ինքս ինձ համար։ Մի խնդիր կա՝ եթե մարդիկ լսում են պարային ներկայացում, մտածում են՝ գալու են տեսնեն՝ ինչ-որ պար ու գնան։ Վստահեցնում եմ, իրենց սպասումները կարդարացնենք: Կան մարդիկ էլ, որոնք գալիս ու սպասում են, թե կտեսնեն դասական ինչ-որ ներկայացում, բայց ասեմ, որ դա էլ չի լինելու։

Զրույցը՝
Ռոզա ԱՄԻՐՋԱՆՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031