Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բարոյական իրավունք չունենք ապրելու, եթե չպայքարենք մեր իրավունքների համար»․ Առուշ Առուշանյան

Դեկտեմբեր 25,2022 23:32

Այսուհետ Գորիսից Ակներ  բնակիչները կարող են երթեւեկել նորոգված, ասֆալտապատ ճանապարհով։ Անցած տարի նորոգվել էր ճանապարհի մի մասը, իսկ այս տարի այն հասցվեց իր վերջնագծին։ Նորոգումը արժեցել է 450 մլն դրամ։ Այն  իրականացվել է սուբվենցիոն ծրագրի արդյունքում․ պետության համաներդրումն այստեղ 45 տոկոս է։ Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ճանապարհի հանդիսավոր բացումը։  Ակներ բնակավայրում Գորիսի համայնքապետարանի եւ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի համատեղ ուժերով խաղահրապարակ բացվեց։ Ի դեպ, սա համատեղ ծրագրի շրջանակում՝  թվով 9-րդ խաղահրապարակն է տեղադրվում Գորիս համայնքում:

Օրը տոնական էր նաեւ Վերիշեն բնակավայրում․ այստեղ էլ հիմնանորոգվել էր մանկապարտեզը։ Նախակրթարանի հիմնանորոգման աշխատանքները սկսվել էին ամիսներ առաջ եւ «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ ընթացել մի քանի փուլով։   «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության միջոցներով նոր գույք է ձեռք բերվել։ Հիմնանորոգումից հետո  նոր խմբեր կբացվեն մանկապարտեզում ու   Ակներ, Վերիշեն բնակավայրերի մոտ 50 երեխա կհաճախեն այստեղ։

200 մլն դրամ բյուջեով նորոգվել է նաեւ Գորիսի  Մխիթար Սպարապետ փողոցը․ այստեղ ֆինանսավորումը կատարվեց պետություն-համայնք համաչափությամբ։

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի խոսքով՝ այս տարի լրանում է Դավիթ Բեկի գլխավորությամբ Սյունիքի ազգային-ազատագրական պայքարի 300-ամյակը, ուստի երկու փողոց անվանափոխվեց։ «Շատ կարեւոր էր , որ համայնքում ունենանք Դավիթ Բեկի ու Մխիթար Սպարապետի անուններով փողոցներ, Աստծո կամոք հասցրեցինք, ու սա ուժի սիմվոլ է Կարծում եմ, 300 տարի հետո նույն հաղթանակները կկրկնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանը։

Գորիսի համայնքապետը համոզված է՝ «թշնամու մի փամփուշտին պիտի 100 փամփուշտով պատասխանենք»։ «Բնության օրենք է՝  ուժեղները պիտի ապրեն, թույլերը վերանան։ Մենք պետք է զենք վերցնենք ու կռվենք։ Պետք է պայքարենք մեր հայրենիքի համար, մենք բարոյական իրավունք չունենք ապրելու, եթե չպայքարենք մեր իրավունքների համար»,-մասնավորապես նշեց Առուշ Առուշանյանը։

Ի դեպ, այսօր՝ դեկտեմբերի 25-ին վառվեցին Գորիսի գլխավոր եղեւնու լույսերը։

Գորիսյան միջոցառումներին մասնակցեց նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031