Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում հանդիպել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում ժամանակավորապես բնակվող արցախցիներին։ Մարզպետը հետաքրքրել է նրանց կացարանների պայմանների ու կենցաղի կազմակերպման հարցերով, լսել է նրանց մտահոգությունները։
Ռոբերտ Ղուկասյանը կրկին վստահեցրել է, որ Սյունիքի մարզպետարանն իրենց կողքին է ու պատրաստ՝ արձագանքելու ծագած խնդիրների լուծմանը, աջակցելու ինչով հնարավոր է՝ դժվարություններին միասին դիմագրավելու համար:
«Այստեղ գտնվող յուրաքանչյուր արցախցի պիտի զգա, որ Սյունիքում ինքն իրենց տանն է»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ռոբերտ Ղուկասյանը։ Ըստ մարզպետի՝ մարզային իշխանությունը նրանց կողքին է եւ պատրաստ է աջակցել ամեն ինչով, որպեսզի դժվարություններին միասին դիմագրավեն։
Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա մարզպետի խոսքով՝ մարզը շարունակում է ապրել բնականոն կյանքով, չնայած «իրավիճակը բոլորս գիտենք՝ լարված է»։ Մասնավորապես նա նորից անդրադարձավ Ներքին Հանդում ստեղծված իրավիճակին։ «Ադրբեջանական կողմից այդտեղ ունենք ներխուժում, պիտի նրանք հետ քաշվեն»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը։ Նրա խոսքով, միայն այդ գյուղում մոտ 25 մլն դրամի ծրագիր է իրականացվում, որպեսզի մարդիկ ստեղծեն իրենց տնտեսությունները։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ