Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամ Գասպարյան․ «Դիվանագիտական սխալ կլինի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը կյանքի կոչել առանց ռուսական ֆորմալ եւ ոչ ֆորմալ հովանավորության»

Դեկտեմբեր 25,2022 21:44

«Շրջափակված Արցախն, ինչպես երեսուն տարի առաջ էր, այնպես էլ այսօր հայկական անվտանգային միջավայրի էպիկենտրոնն է եւ շարունակելու է մնալ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման գրավականը։ Դա, իհարկե, կախված է մեզանից, թե ինչպես պաշտոնական Երեւանին կկարողանանք պարտադրել ձեւավորել անվտանգային, ռազմաքաղաքական, դիվանագիտական արդյունավետ օրակարգ, որը հայեցակարգային եւ ռազմավարական հակասություններ չի ունենա Ստեփանակերտի կենսական շահերի հետ»,-այս մասին այսօր «Genesis Armenia» ուղեղային կենտրոն/հիմնադրամի տարեկան հաշվետու միջոցառման ժամանակ ասաց կենտրոնի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

Նրա խոսքով՝ հետպատերազմյան Ստեփանակերտը պարտավոր է հայության ռազմավարական դաշնակցի համբավ ունեցող Ռուսաստանի հետ տանել լրջագույն դիվանագիտական աշխատանք, գործակցել եւ գործարկել մեխանիզմների համալիրը ոչ ստրկատիրական ենթակայության տրամաբանությամբ՝ հասնելու արդյունավետ լուծումների․ «Անվտանգային համատեղ շահերի հարցում Հայաստանի  առումով նույն ակնկալիքն ունենք նաեւ մեր բնական դաշնակից Իրանից։ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգային երաշխավորի դերի փոխակերպումը, նոր մարտահրավեր է ստեղծել հայկական գոյութենական գործոնի համար։ Բաքու-Ստեփանակերտ  հորիզոնական հարաբերությունների կամ երկխոսության հաստատումը դարձել է անհրաժեշտ  հրամայական, որը սակայն չի կարող կայանալ եւ  դիվանագիտական մեծագույն սխալ կլինի այն կյանքի կոչել առանց միջազգային երաշխավորության հովանոցի, իսկ ավելի օբյեկտիվորեն, ռուսական ֆորմալ եւ ոչ ֆորմալ հովանավորությամբ։ Այս առումով Արցախի անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանից դաշնակցային պարտավորությունների, պատմաքաղաքական պատասխանատվության ավելի աչալուրջ  կեցվածք ենք ակնկալում՝ անկախ ՀՀ-ում գործող իշխանության նկատմամբ պաշտոնական Մոսկվայի վերաբերմունքից։ Ռուսաստանի պրագմատիզմը, տարածաշրջանային ռազմատնտեսական եւ աշխարհաքաղաքական առաջնահերթությունները, Թուրքիայի հետ մարտավարական շահերի համընկնումը չպետք է ոտնակոխ անեն հայի էքզիստենցիալ, պետականության շարունակականության եւ ազգերի իրավահավասարության իրավունքը։ Այլապես անմիջական գաղութացման ցանկացած փորձ կամ Հայաստանի հանրապետության ու հայության  կենսական շահերի որեւէ անտեսում մեզ իրավունք է վերապահելու ցանկացած ձեւերով պայքարել ազգային իրավունքների, պետականության ընդհատմանը նպաստող գործոնների եւ գործիքների դեմ»,-ասաց Գասպարյանը։

Նրա ներկայացմամբ՝ Երեւանի եւ Ստեփանակերտի մոտեցումների միջեւ կա խզում, եւ այն ունի հստակ հասցեական մեղավորներ՝ Հայաստանի ապաշնորհ իշխանությունն իր ձեւավորած հակազգային եւ հակապետական օրակարգով․«Հայ հասարակությունը, որը չի կարողանում պարտադրել իր օրակարգը, իսկ Արցախի իշխանության ռազմաքաղաքական եւ դիվանագիտական հստակ օրակարգի, ակնկալիքների, ռազմավարության ու տեսլականի  դեֆիցիտը, պաշտոնական եւ ոչ ֆորմալ մոբիլիզացիայի բացակայությունը լրացուցիչ բարդություններ են առաջացնում եւ սահմանափակում միասնական օրակարգով առաջնորդվելու հնարավորությունը։ Արցախը դեռեւս ունի ներուժ իր շուրջը համախմբելու համայն հայության մտավոր, գիտական, տնտեսական, քաղաքական ու լոբբիստական ներուժը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031