Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ասրյան․ «Եթե զիջենք, թույլ տանք  այդ «էկոլոգ» կոչվածների մուտքն այդ տարածքներ, ապա հետագայում առաջ կգան այլ պահանջներ»

Դեկտեմբեր 25,2022 16:18

«Արդեն 14 օր է՝ Արցախի տոտալ շրջափակման մեջ ենք, բայց դիմակայում ենք պատվով, զրկանքները կրում ենք պատվով, իսկական արցախցուն վայել ձեւով»,-այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների, հարազատների  միության» նախագահ Արմեն Ասրյանը։

Նրա խոսքով՝ հասկանալի է՝ «էկոակտիվիստ» կոչվածների անվան տակ Ադրբեջանը ցանկանում է կոտրել արցախցիների համառությունը, ծնկի բերել, որպեսզի հասնի իր նպատակներին՝ հայաթափի Արցախը․ «Դիմում եմ այդ «էկոակտիվիստ» կոչեցյալներին՝ գնացե՛ք ձեր կեղտոտ նավթահանքերի էկոլոգիայով զբաղվեք, գնացե՛ք ձեր Բաքվի եւ Սումգայիթի գարշահոտ օդի մաքրության համար պայքարեք։ Չե՛ք կարող դա անել, դուք չունեք այդ ձայնի ազատությունը ձեր տոտալիտար երկրում, այնտեղ ձայնազուրկ եք, հիմա եկել եք այստեղ կապիկություններ եք անում։ Չի ընդունվելու դա»։

Ասրյանի խոսքով՝ Ադրբեջանն այս բնապահպանական պատրվակի տակ այլ ծրագրեր ունի, բայց եթե զիջենք, թույլ տանք  այդ էկոլոգ կոչվածների անարգել մուտքն այդ տարածքներ, ապա հետագայում առաջ կգան այլ պահանջներ, այլ խնդիրներ, եւ ճանապարհը կրկին փակելը նրանց համար մեծ դժվարություն չի լինի։  Հրապարակում հավաքված արցախցիները բացականչեցին, որ թույլ չեն տալու ադրբեջանցիների մուտքը հանքավայրեր։

Ասրյանը կրկին նշեց՝ պետք է պատրաստ լինել պատվով դիմակայել զրկանքներին ու դժվարություններին՝ ինչպես 1990-ականներին։

«Մենք բոլորս գտնվում ենք մի նավի մեջ, եւ ուրեմն պետք է ունենանք մեկ նավապետ եւ բոլորս պետք է համախմբվենք նավապետի շուրջ, որպեսզի նավը չխորտակվի։ Այդ նավում չպետք է լինեն արտոնյալներ, դրա համար ժողովրդի հետ պետք է լինել անկեղծ, պետք է ժողովուրդը վստահ լինի, որ իր թիկունքում հարցեր չեն լուծվելու, պետք է բոլոր քաղաքական ուժերը,  հասարակական կազմակերպություններն  ու գործիչները մի կողմ դնեն բոլոր անձնական քաղաքական տարաձայնություններն ու ամբիցիաները, համախմբվեն մեկ գաղափարի շուրջ»,-ասաց Ասրյանը։

Նրա  խոսքով՝ Արցախի բոլոր ժամանակների իշխանություններն էլ թույլ են տվել բացթողումներ եւ սխալներ, բայց նրանք այսօր հրապարակում  են․ «Պետք է իշխանություն եւ ժողովուրդ անդունդը վերանա, դրա համար պետք է վստահություն, իսկ վստահությունը արդարության եւ օրենքի գերակայությունն է։ Ես արցախյան գոյապայքարի ժամանակ կորցրել եմ ծնող, եղբայր, որդի, ունեմ շատ հարցեր եւ մեղադրանքներ 44-օրյա պատերազմի հետ կապված որոշ պաշտոնյաներին ու  հրամանատարներին։ Բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա մենք մի գերակա խնդիր ունենք՝ Արցախի գոյության ապահովումը եւ այս գաղափարի շուրջ պետք է կենտրոնացնենք մեր ողջ ներուժը, պետք է լսելի դարձնենք Արցախի ձայնը, Արցախի ապրելու եւ ինքնորոշվելու իրավունքը բոլոր ատյաններում։ Այս առումով մենք շատ անելիքներ ունենք։ Կոչ եմ անում Հայաստանի եւ սփյուռքի մեր հայրենակիցներին՝ Արցախը վտանգված է, Արցախի համար պետք է պայքարել՝օգտագործելով ամբողջ ներուժն ու լծակները։ Անտարբերությունը մահացու է լինելու բոլորիս համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031