Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաքը, որտեղ առաջինը ելույթ ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Այսօր մենք հերթական անգամ համախմբվել ենք մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի՝ ազատության հրապարակում՝ առաջին հերթին ինքներս մեզ, եւ ապա արտաքին աշխարհին ցույց տալու մեր միասնականությունն ու վճռականությունը եւ կարող ենք արձանագրել, որ այս հարցում մենք հաջողել ենք; Բայց սրանով հանդերձ՝ մեզ այսօր միավորել է նաեւ բազում խնդիրների լուծման եւ ապագայի հանդեպ վստահության վերականգնման ընդհանուր մտահոգությունն՝ ինչպես պետք է լինի մեր ազգի փրկությունը»,-ասաց Վրթանես եպիսկոպոսը։
Նրա խոսքով՝ այս նեղությունները մեզ հաճախ օգնում են սթափվելու, միավորվելու եւ փրկության ուղիներ փնտրելու, բայց այս ամենն ինքնանպատակ ու անպտուղ չպետք է լինի, այլ առիթ պետք է տա գործնական ու շոշափելի քայլերի։
Կարդացեք նաև
«Վստահաբար, բոլորս էլ մտածում ենք, որ եթե արցախյան վերջին պատերազմում մենք հաղթեինք, ապա այսօր կանգնած չէինք լինի այսպիսի դժվարությունների առջեւ։ Բայց ուզում եմ, որ մենք կարողանանք իրողություններն ավելի խորությամբ քննել եւ հասկանալ՝ արտաքին թշնամիներից առավել վտանգավոր թշնամիները ներսում են ՝ մեր մեջ։ Ցավոք, մեր ազգը շատ հաճախ է ընկնում մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ։ Երբ երեսուն տարի առաջ երկիրը գտնվում էր կործանման եզրին, համախմբվեցինք, ազգովի ապաշխարեցինք եւ կերտեցինք մեծամեծ հաղթանակներ, բայց իրական փորձությունը գալիս է հաղթանակից հետո, երբ անհրաժեշտ է խոհեմություն եւ շրջահայացություն՝ հոգեկան հավասարակշռությունը պահելու, արդարության եւ մարդկանց հավասարության այն նույն զգացումները անելու, որոնք ունեինք վտանգի ժամանակ»,-ասաց եպիսկոպոսը։
Պատմությունը, ըստ նրա, բազմիցս ցույց է տվել, որ հաղթանակից հետո հաճախ գլուխ են բարձրացնում մեր ներքին թշնամիները ՝ եսը, նյութապաշտությունը, անձնական շահը եւ 8-րդ մահացու մեղքը՝ անտարբերությունը դիմացինի եւ ազգի հանդեպ ու փչացնում է մեր նկարագիրը, մոռացվում են աստված եւ եկեղեցին եւ ներկան համարելով որպես վերջնական եւ մնայուն մի վիճակ․«Բոլորը սկսում են աշխարհի գանձերը գերադասել երկնային գանձերից։ Ահա այս մահացու շրջապտույտից դուրս գալը պետք է լինի ազգային մեր կյանքի հիմնական խնդիրը, եւ այսօր, երբ Արցախը ենթարկվել է ֆիզիկական շրջափակման, եւ երբ մեր շուրջը բոլոր ճանապարհները փակ են, մեր հայացքներն ուղղենք դեպի վերեւ եւ տեսնենք, որ դեպի երկինք տանող ճանապարհները միշտ էլ բաց են։ Աշխարհից մեկուսացած այսօրը առիթ է մեր ինքնամաքրման, միասնականության վերականգնման համար, ուստի սկսենք իրար ավելի շատ սիրել, ներել ու գնահատել, որովհետեւ բոլորս էլ նույն նավի մեջ ենք»։
Վրթանես եպիսկոպոսի կարծիքով՝ Արցախի ապագան այսօր կրկին դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը, եւ որպեսզի այդ քննությունը ստանա պատվաբեր գնահատական, պետք է ազգովի սթափվենք ու զգաստանանք եւ Արցախն ու յուրաքանչյուր հայը պետք է դառնա մեր ազգի հոգու եւ խղճի զարթուցիչը․«Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է սուրբ Ծննդյան տոնը, ուստի այս առիթով մեր կոչն ենք հղում համայն քրիստոնեական աշխարհին՝ վեր կանգնելու քաղաքական շարժառիթներից եւ քրիստոնեական սիրուց մղված անդրադառնալու Արցախում ապրող իրենց հավատալից քույրերի եւ եղբայրների մարդկային տարրական իրավունքների պահպանման հիմնախնդրին, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք լիարժեք եւ խաղաղ պայմաններում տոնելու սուրբ Ծննդյան հրաշափառ տոնը։ Մեր ուղին օրհնված է, որովհետեւ աստված մեզ հետ է, եւ ինչպիսի փորձություններ էլ լինեն, դրանք անզոր են մեզ կործանելու եւ մենք, աստծո խոսքի համաձայն, սիրով ծառայենք միմյանց»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ