Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյան. Այդ նույն մեծահասակները այդ նույն երեխաների ձեռքերը սրտաճմլիկ գրառումներ են տալիս, կանգնեցնում են տոնածառների առաջ ու լուսանկարում

Դեկտեմբեր 25,2022 10:48

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

2020 թվականի դեկտեմբերի 25-ին հայկական լրատվամիջոցները ողողված էին հետեւյալ վերնագրով նյութերով. «Սկանդալ Ստեփանակերտում. արցախցիների պահանջով ապամոնտաժվում են Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած վրանները եւ տոնածառը»:
Եվ իսկապես, տոնածառն ու երեխաների համար նախատեսված միջոցառման տաղավարները ապամոնտաժեցին, միջոցառումը չեղարկվեց: Պատերազմի ամբողջ դաժանությունը իրենց փոքրիկ հոգիներում մի կերպ քարշ տվող երեխաներին թույլ չտվեցին երեք օր ցրվել, կտրվել ծանր իրականությունից:

Մեծերը, հասկանում եք, սիրտ չունեին: Մինչդեռ նրանցից դա չէր էլ պահանջվում: Միջոցառումը մեծերի համար չէր, նրա՛նք չպետք է գնային պլաստիլինով տնակներ պատրաստելու, կամ քիմիական փորձեր անելու, կամ հեքիաթ պատմելու: Նրանցից պահանջվում էր իրենց երեխաներին տանել, թողնել այդ տաղավարներում, որտեղ խաղավարներ կային ու մի քանի ժամ կզբաղեցնեին երեխաներին: Հատուկ ընդգծեմ, որ համերգ, երգ-պար նախատեսված չէր, եւ դա դժվար չէր ճշտել:
Մի խոսքով, ավելի էգոիստական պահվածք մեծահասակների կողմից երեխաների հանդեպ, թվում էր, թե հնարավոր չէ պատկերացնել: Բայց դա միայն թվում էր:

Հիմա էլ, այդ նույն մեծահասակները այդ նույն երեխաների ձեռքերը սրտաճմլիկ գրառումներ են տալիս, կանգնեցնում են տոնածառների առաջ ու լուսանկարում: Լացացնող տեքստեր են սովորեցնում ու տեսանկահարանում, նրանց մասնակցությամբ տարբեր ակցիաներ են կազմակերպում եւ այդ ամենը տարածում են աշխարհով մեկ, որպեսզի խղճահարություն հարուցեն, վրաններ ապամոնտաժվեն:

3, 4, 5 տարեկան բալիկներին հայրիկներն ու մայրիկները ստիպում են պարզել հետեւյալ բնույթի տեքստեր. «Բացեք կյանքի ճանապարհը, ես ապրել եմ ուզում», «Կարոտում եմ իմ անհոգ Արցախը», «Մենք այստեղ ենք ուզում միայն ապրել», «Արցախը կա ու միշտ կլինի», «Արցախը իմ հոգին ու սիրտն է», «Օզում ում ճանապարհը բացվի, մամաս պապաս կյան կոխկս», «Ես Ձմեռ պապիկից ոչինչ չեմ ուզում, միայն խաղաղություն», «Արցախում կամքի ուժ կա» եւ այլն:

Երեխաները չեն տիրապետում տարածաշրջանային խնդիրներին, եւ նրանց մոտ իհարկե հարցեր կառաջանան: Նրանք ոչ մի կերպ չեն հասկանա, թե այդ ինչպես էր, որ Ստեփանակերտի կենտրոնում իրենց համար տեղադրված վրանների հարցերը հայրիկներն ու քեռիները այդքան հեշտությամբ լուծեցին, հզոր եւ հաղթանակած կեցվածքով ոտնակոխ անելով տոնածառն էլ, վրաններն էլ, իսկ ահա ճանապարհի վրաններից ազատվելու համար հենց իրենց՝ երեխաներին են «աշխատացնում»:

Այս հարցը անպայման կուղղվի մեծահասակներին եւ թերեւս ոչ մի սփոփող պատասխան չի գտնի:

Հ.Գ. Մի օր, ի վերջո, պետք է դադարել թաքնվել երեխաների ու 18-20 տարեկան զինվորների թիկունքում։ Եվ որքան շուտ գա այդ օրը, այնքան շուտ կավարտվեն մեր ողբերգությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անգամ մը եւս, խորապէս սխալ ըմբռնողութեան խնդիր մը կայ այստեղ:
     
    Դեկտեմբեր 2020ի ձեր այդ միջոցառման չեղարկումի էական պատճառը այն չէր, որ արցախցիները «սիրտ չունէին» այդպիսի զուարճանքի: Այլ՝ նրանք ձեզ – նուազագոյնը ըսելու համար…- ՝ պատասխանատու կը համարէին իրենց վիճակուած Աղէտին: Եւ հետեւաբար, անընդունելի կը համարէին որ իրենց երեխաները այդ վիճակին ենթարկած, միեւնոյն անձը, յետոյ էլ գայ ու նրանց զուարճացնէ:
     
    Իսկ երեխաների շահագործումը բնորոշ էր, յատկապէս, 2018-ի գարնան ձեր կատարածին: Ու անկէ ետք ալ, նոյն քաղաքա-գաղափարական հոսանքին համար ու կողմէ, բազմաթիւ եւ այլազան առիթներով:
     
    Մ. Հայդուկ Շամլեան
     

  2. Դժվար թե ասեմ ավելի ճիշտ քան Մ.Հայդուկ Շամլեանը: Տիկինը որերորդ անգամ բեմականություն է անում թե իբր չի հասկանում, որ հայությունը չի կամենում ունենալ որևիցե ընդհանուր բան իր և ամուսնու հետ: Որևիցե բան որ կրում ա ձեր մասնակցությունը բերում ա մահ ու կորուստներ: Հայը իրավունք չունի երեխան ՎՍՏԱՀԵԼ ձեր կազմակերպած մերձեցման արարողության (դա էր 2020-ի միջոցառման թեզը` “Դաստիարակում ենք Արցախի բնակիչ”): Ո՞րտեղից օդ հավաքեցիք ձեր թոքերը ու անվանեցիք Արցախցի ծնողներին անբարոյական: Լավ լուրը այն է որ ընդամենը 81-են “” արել: Ուրեմն ազգը խելքի ա գալիս: Եվ ինչո՞ւ Արցախը չի տանում այս տիկնոջը դատարան նման վարկաբեկիչ հայտարարությունների համար: Բարոյականության օրենքներից զուրկը դուք եք, տիկին աննա, վերջապես երբ կորդեքրեք այս հասարակ ճշմարտությունը: Հը, հիմա ինձ է՞լ եք անվանելու persona non grata?!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031