Ամփոփելով իր գործունեության 15 տարին՝ «Ժեստ» հոգեբանական կենտրոնը կազմել ու հրատարակել է «Հոգեբանական հանրագիտարան» գիրքը՝ հիմնված իրենց իսկ հետազոտությունների վրա: Գիրքը նախատեսված է հոգեբանների, ուսանողների և հոգեբանությամբ հետաքրքրվողների համար:
Կենտրոնի համահիմնադիր, հոգեբան Մարիամ Մեհրաբյանի խոսքով, «Ժեստ» հոգեբանական կենտրոնը ծառայում է ազգաբնակչության հոգեբանական շահը ապահովելուն. այն է՝ ընտանեկան և անձնային խնդիրների լուծում, տագնապի, վախերի, ֆոբիաների հաղթահարում: Կենտրոնում ներդրված ժամանակակից հոգեբանական թերապևտիկ ուղղությունները նպաստում են մարդկանց խնդիրների լուծմանը:
Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը նշում է, որ բնակչության հետ աշխատանքի հիմնադիրներից մեկը «Ժեստ»-ն է, մինչ այդ հոգեբանությունը բուհերում էր և որոշ լաբորատորիաներում և հավելում, որ Հայաստանում գործող 50-ից ավելի հոգեբանական կենտրոնների շարքում «Ժեստը» լավագույն հնգյակում է:
Բացի հասարակության լայն շերտերի հետ աշխատանքից, կենտրոնը համագործակցում է նաև պետական մարմինների հետ:
«2020 թ-ի սետեմբերի 27-ին, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, և մենք տագնապով հասանք մեր ծառայության վայր, 10-15 րոպե հետո զանգահարում է Մարիամը և ասում, որ իրենք թիմով պատրաստ են լինել այնտեղ, որտեղ կլինի իրենց կարիքը»,- հիշում է ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության ավագ սպա, փոխգնդապետ Արմինե Հովհաննիսյանը:
Այդ պահից սկսած մինչ օրս «Ժեստ» հոգեբանական կենտրոնը աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, մասնավորապես հոգեբանական ծառայություններ մատուցում զոհվածների ընտանիքներին, վիրավորներին ու զինվորներին:
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի համահիմնադիր, հոգեբան Արկադի Մեհրաբյանն էլ վստահեցնում է, որ կենտրոնն իր գործունեությամբ կշարունակի օգտակար լինել ինչպես Հայաստանին, այնպես էլ Արցախին և Սփյուռքին:
Փիրուզա ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ