«Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանի կերպարը, կապերը, ինքն առհասարակ խանգարում է ադրբեջանական ինչ-որ բաների։ Ինչ-որ բաների տակ ակնհայտ է, որ շատ բացասական զարգացումներ են»,- Aravot.am-ի հարցին՝ Ջեյհուն Բայրամովին ի՞նչն է այդքան ջղաձգել Ռուբեն Վարդանյանի գործունեության առիթով, որ նա հայտարարում է, թե նա ապակայունացնող գործոն է տարածաշրջանում, Վարդանյանի՝ այստեղ մնալը խանգարում է «վերաինտեգրմանը», և նա պետք է հեռանա տարածաշրջանից, այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործունեությանը, հայտարարեց․ «Այսօր մեր տարածաշրջանում օտար տարրեր կան։ Նկատի ունեմ Ռուբեն Վարդանյանին։ Նրա գործունեությունը կրում է հանցավոր եւ արկածախնդիր բնույթ։ Կարծում ենք, որ սրան պետք է վերջ դրվի։ Որքան արագ այս անձը հեռանա տարածաշրջանից, այնքան լավ կլինի իր համար։ Նա առաջին հերթին վնասում է տեղի բնակչությանը, նրանց վերաինտերգմանը, քանի որ մինչև նրա հայտնվելն արդեն դրական շփումներ են եղել, և կարծում եմ՝ նրա գործոնը վնասական և ապակայունացնող ազդեցություն ունի»։
Ադրբեջանական հարձակումը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Արմեն Աշոտյանի համար նշան է շատ ավելի խորքային գործընթացների։ Նա շարունակեց․ «Վստահ եմ՝ այստեղ չկա որևէ դավադրապաշտություն, որը տարածված է որոշ հասարակական շրջանակներում։ Ըստ նրանց՝ Ռուբեն Վարդանյանին բերել են Արցախը հանձնելու համար։ Արայիկ Հարությունյանից ավելի լավ հանձնող Ադրբեջանի իշխանությունները երբեք չէին ունենա՝ որպես Արցախի «ղեկավար»։ Երբ ասում եմ՝ Ադրբեջանի իշխանություններ, փակագծերում բոլոր տեղերում գրեք ՀՀ իշխանությունների կամակատարությամբ կամ գործակցությամբ, քանի որ հենց այդպես էլ զարգանում են իրադարձությունները։ Ի դեպ, Ռուբեն Վարդանյանը Արցախի բացառիկ պաշտոնյան էր հետպատերազմական շրջանում, որ թեկուզ մեղմ, այնուհանդերձ, չակերտավոր հանդգնեց քննադատել նաև ՀՀ գործող վարչակազմին իրենց կողմից իրականացվող քաղաքականության համար»։
Արմեն Աշոտյանը նաև նշեց՝ Ռուբեն Վարդանյանի գործունեությանը մշտապես վերաբերվել է՝ ըստ արդյունքների ու մանրամասնեց․ «Նրա հայրենասիրական, ներդրումային նախագծերի հետ կապված՝ լինի Դիլիջանի դպրոցը, որի կապակցությամբ շատ ավելի եմ տեղեկացված և աշխատել եմ այդ ուղղությամբ աջակցության համար, Տաթևի թևերը կամ որևէ այլ նախագիծ դրական եմ գնահատում։ Տարբեր օգտագործված և օգտագործվելիք հաճախորդների վերաբուծումը ՀՀ քաղաքական դաշտում բացասական եմ ընկալել։ Արցախի պետնախարարի պաշտոնում իր աշխատանքի վերաբերյալ մինչ այս զարգացումներն ունեի զգուշավոր լավատեսություն և պատրաստվում էի բացառապես արդյունքների հիման վրա դատել գործունեության նպատակի և որակի մասին։ Այս վերջին օրերին, երբ ականատես ենք լինում այն փաստին, որ Ռուբեն Վարդանյանի գոյությունն Արցախում այնքան է նյարդայնացնում Ադրբեջանին, որ նրանք Ռուբեն Վարդանյանի մասին խոսում են ՄԱԿ-ի ԱԽ նիստին, ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում և այլ վայրերում։ Սա ինձ թույլ է տալիս մի կարևոր ուղղությամբ մտածել։ Ադրբեջանական հարձակումը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ինձ համար նշան է շատ ավելի խորքային գործընթացների, որոնց պետք է ուշադիր լինել և ջրի հետ միասին երեխային տաշտից դուրս չշպրտել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ