Աղվան Վարդանյանի խոսքը Գալուստ Սահակյանի հիշատակին
Հարգելի բարեկամներ,
Գալուստ Գրիգորիչի հողաթմբի առաջ ենք։ Վերջին հրաժեշտի։ Բայց, վստահ եմ, ներքին մի ժպիտ, ներքին մի լույս կա յուրաքանչյուրիս մեջ։
Ի՞նչ է կյանքը, ի՞նչ է մահը։ Արդյո՞ք ամենակարեւորը հենց այդ լույսը չէ, որ մնում է Մարդուց հետո։ Շնորհակալ եմ, Գալուստ Գրիգորիչ, դառն ու դաժան այս օրերը նույնիսկ քո մահով լուսավորելու համար։
Կարդացեք նաև
Ապրել-աշխատել ենք, հարցեր ենք քննարկել։ Կատակել, ծիծաղել, ծաղրել։ Բայց մնայունը շփման անմիջականությունն էր, մարդկանց ճանաչելու եւ ըստ այդմ վերաբերվելու նրա բացառիկ կարողությունը։
Նախագահներից մինչեւ հասարակ քաղաքացի։
Հաճախ թերասացությամբ, հումորով, առանց վիրավորելու, անկրկնելի խորքով ու պարզությամբ։
Եզակի մարդկանց մասին ասում են. «Նա մի բան գիտի, որ մենք չգիտենք»։ Հիմա Գրիգորիչի համար եմ ասում։
Պատահական չէր, չէ՞, Մաեստրո կոչումը։
Ճանապարհի, կուսակցական, պետական գործչի, կայունության մասին բոլորը կվկայեն։ Ինձ համար առանձնահատուկը Գրիգորիչի մարդկային նկարագիրն է, հոգատարությունը, բոլորին լուռ օգնելու բնական շնորհը։
Ճանաչում էր բոլոր ժամանակների ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, գիտեր ներքին խնդիրները, գիտեր մարդկանց։ Տարբերում էր կարեւորը անկարեւորից, պատեհապաշտ կարիերիստին սկզբունք, ողնաշար ունեցողից։ Իմացածը ծառայեցնում էր մի նպատակի՝ հանդուրժողություն-երկխոսությանը։
Նեղանար, ցույց չէր տա, օգներ, չէր հիշեցնի։ Գիտեր, որ փոքրերը մեծանալու հատկություն ունեն, օգնում էր, որ շուտ մեծանան։
Լավ կամ վատ՝ ահա մեծացել ու մեր մեծին հրաժեշտ ենք տալիս՝ իր լույսը մեր մեջ ամբարած։
Ու պարտավորություն-պատասխանատվությամբ ազգային- պետական գործիչ, Գալուստ Գրիգորի Սահակյան հայ մարդու հողաթմբի առաջ, որ կարելին, անկարելին անելու ենք, Հայաստանն ու Արցախը այս վիճակից դուրս ենք բերելու։
Սա մեր պարտքն է, որ խաղաղվեն Գալուստ Գրիգորիչի, իր նմանների խռով հոգիները։
Լույսի մեջ, Գրիգորիչ ջան։