«Սաղ աշխարհը մեզնից երես է թեքել, այս ժողովուրդը ներողություն խնդրելով խնդրում է, որ մեզ օգնես, Աստված ջան», «Աստված մեզ հետ հենց հիմա»,- քիչ առաջ այսպիսի բացականչություններով մեկնարկեց արցախցիների ցույցը դեպի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ։
Հիշեցնենք՝ երեկ մի խումբ արցախցիներ գնացել էին ռուս խաղաղապահների մոտ՝ տանելով բնապահպանական ոլորտին վերաբերող փաստաթղթեր։ Նրանք հայտարարեցին, որ կգան վաղն արդեն երեխաների հետ՝ ավելի մեծ խմբով, եթե մինչեւ ժամը 15-ը ճանապարհը չբացվի, եւ խաղաղապահները պետք է թույլ տան իրենց՝ առաջանալ։
Արցախցիները հայտարարեցին, որ նախ գնում են իրենց զոհված հարազատների շիրիմներին այցելելու, հետո Վերածննդի հրապարակ։ Իսկ այնտեղից շարժվելու են դեպի ռուս խաղաղապահների անցակետ։
Կարդացեք նաև
«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը, դիմելով իրենց քննադատողներին, ասաց․ «Մենք տեսնում ենք` ինչպիսի դավադրապաշտական վերլուծություններ են արվում եմ։ Մարդիկ մտածում են՝ միայն իրենք են ընդունակ տրամաբանական վերլուծություններ անել։ Այս որոշումները միայնակ չեն կայացվում, խորհրդակցվում է, այն էլ լուրջ, իրական մարդկանց հետ, ոչ թե դիվանների փորձագետների հետ։ Ադրբեջանական կողմի սադրանքների մասին հասկանում ենք, ռուսի արած թալակների մասին՝ ևս։ Երեկ մի հատ թալակ փորձեցին իրականացնել, միանգամից հասկացանք։ Հանգիստ եղեք, լավ է, որ ձեր կարծիքն արտահայտում եք, բայց ձև կա արտահայտելու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ