Միացյալ Նահանգներում հաշված դպրոցներ կան, որտեղ լրագրություն են դասավանդում: Տեխաս նահանգի Ֆլաուեր Մաունդ քաղաքի «Founders» դասական ակադեմիայի «լրագրություն» ընտրովի առարկան արդեն չորս ամսական է:
Երբ 2021-ի սեպտեմբերին ես հիմնադրեցի դպրոցի «Parliament Post» լրագիրը, մտքովս չէր անցնում, որ մեկ տարի անց հնարավորություն կունենամ լրագրություն սովորել դպրոցական դասաժամերին: 24-ամյա ուսուցիչը՝ Ռոբերտ Լուեքը, գրականագետ է: Լրագրությունից բացի, նա 9-րդ դասարանում դասավանդում է հունահռոմեական գրականություն և 12-րդ դասարանում՝ ռուս գրականություն:
«Երբ 2021-ին Արսենն ինձ առաջարկեց դպրոցի լրագիր ստեղծել, ես ամեն կերպ փորձեցի աջակցել նրան: Լրագիրը ստեղծվեց: Արդեն մայիսին լրագրություն դասավանդելու առաջարկ ստացա տնօրենից», – ասում է պարոն Լուեքը՝ ընդգծելով, որ լրագրի առկայությունը մեծ դեր է խաղաղացել տնօրենի առաջարկն ընդունելու հարցում:
Այս ամիսներին 2 հիմնական աշխատանք ենք ուսումնասիրել: Սկզբում կարդացել ենք Վիլիամ Զինսերի «Ճիշտ գրելու մասին» գիրքը, որը «բացեց մեր աչքերը»:
Կարդացեք նաև
Նախքան սա կարդալը, մենք կարծում էինք, որ որքան երկար լինի նյութը, այնքան լավ, որքան բարդ բառակապակցություններ կիրառենք, այնքան պրոֆեսիոնալ կլինի: Հաճախ օգտագործում էինք բառարանային բառեր:
Սակայն, Զինսերն իր գրքում բացատրում է՝ նյութը պետք է այնքան պարզ և մատչելի լինի, որպեսզի հասկանալի լինի նաև չկրթված մարդուն:
«Ճիշտ գրելու մասին» գիրքը ստիպեց ինձ ավելի խորը մտածել գրելու մասին: Նախևառաջ՝ պետք է տրամաբանված գրել», – նշում է 9-րդ դասարանի աշակերտուհի Լուլու Փաչին և ավելացնում. «Այժմ ես ավելի սահուն և ներդաշնակ եմ գրում»:
Նոյեմբերին անցանք ամերիկացի լրագրող Ջոն Հերսիի «Հերոսիմա» աշխատությանը, որը Հերոսիմայի ողբերգությունից փրկված 6 մարդու տառապանքների մասին է:
Պարոն Լուեքին հարցրի, թե ինչո՞ւ է մեզ համար ընտրել հենց այս գիրքը:
«Թյուրըմբռնում կա, թե լրագրությունը գրականության հետ կապ չունի, բայց ես վստահ եմ, որ լրագրությունը գրականության տեսակ է», – պատասխանել է ուսուցիչը: Նրա խոսքով. «Հերոսիմա» աշխատությունը նման է իրական դեպքի վրա հիմնված հորինված ստեղծագործության: Բայց այդպես չէ: Հերսին լրագրական աշխատանք է կատարել պարզապես վեպի կամ պատմվածքի ոճով»:
11-րդ դասարանի աշակերտուհի Մայա Դեյվիսը կիսում է պարոն Լուեքի տեսակետը: Մայայի կարծիքով, Հերսին ցույց է տալիս, թե ինչպես կարելի է չոր փաստերը ներկայացնել փիլիսոփայական մոտեցմամբ: «Ամենակարևոր բանը, որ սովորեցի, գրավիչ նյութ պատրաստելն էր» – շեշտում է Մայան:
Կիսամյակը մոտենում է ավարտին: Երկրորդ կիսամյակում լրագրություն անցնելու հնարավորություն չունենք, սակայն գրելու մասին մեր ստացած գիտելիքները, վստահաբար, չենք մոռանա: Պարզ, հասկանալի և գրավիչ գրելը անհրաժեշտ է նաև լրագրությունից դուրս, ուստի մենք մեկ քայլ առաջ ենք գնացել:
Պարոն Լուեքը երախտագիտություն է հայտնել լրագրության 6 աշակերտներին: «Առաջին անգամ եմ դասավանդում լրագրություն: Հուսով եմ՝ աշակերտներիս համար լավ ուսուցիչ եմ եղել», – նշում է նա:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Տեխաս նահանգի Ֆլաուեր Մաունդ քաղաքի «Founders» դասական ակադեմիայի 11-րդ դասարանի աշակերտ