Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան պատասխանել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի նամակին և անդրադրաձել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա խոսել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելության երկարաձգման անհրաժեշտության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Անն-Լորանս Պետելը այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հանդիպումն արդյունավետ է եղել, քանի որ գազամատակարարումը վերականգնվել է, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հասանելիություն ունի Լեռնային Ղարաբաղում:
«Ես լիովին կիսում եմ ձեր մտահոգությունը. դեկտեմբերի 12-ից Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող այդ միջանցքի արգելափակումն անընդունելի է և հղի է ծանր հումանիտար հետևանքներով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Ֆրանսիան անմիջապես հանդես է եկել տեղաշարժի սահմանափակումների անհապաղ և անվերապահորեն վերացման կոչով և հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների մասին ՝ երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով։ Ինչպես գիտեք, Լաչինի միջանցքը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ ՝ նույն եռակողմ հայտարարության համաձայն։ Ոչ Ֆրանսիան, ոչ Եվրամիությունը, ոչ էլ ՄԱԿ-ը ներկա չեն այնտեղ։ Պետք է արձանագրել, որ Ռուսաստանն այսօր դեռ ի վիճակի չէ կամ չի ցանկանում ապահովել իրեն վստահված անվտանգության երաշխիքները»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում