ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մտավորականների հետ, որի ժամանակ տարածքային հավակնություններ է ներկայացրել Իրանի ու Հայաստանի նկատմամբ։ Նա մասնավորապես ասել է (հիմնական թեզերը մեջբերում եմ բառացի)․
-Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է։ Դա հաստատվում է բազմաթիվ պատմական փաստաթղթերով, պատմական քարտեզներով, հաստատվում է մեր պատմությամբ։
-Կգա մի օր, երբ Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաները, թոռները կվերադառնան մեր պատմական երկիր՝ Արևմտյան Ադրբեջան։ Ես վստահ եմ, որ այդ օրը գալու է, և վստահ եմ, որ արևմտյան ադրբեջանցիներն անհամբերությամբ և էնտուզիազմով կվերադառնան հայրենի հողեր և կապրեն այնտեղ։
-20-րդ դարն այս առումով շատ մեծ ողբերգություններ բերեց մեր ժողովրդի համար։ 1918 թվականին նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունն իր առաջին որոշումներից մեկում փաստացի Հայաստանին նվիրեց մեր պատմական քաղաքը` Իրավանը (Երևանը)։ Դա աններելի քայլ էր, դավաճանություն ու հանցագործություն էր։ Մենք բոլորս դա լավ գիտենք, և մեր ժողովուրդը պետք է դա իմանա։ Մենք երբեք չպետք է խեղաթյուրենք մեր պատմությունը։
Ալիևը ոչ միայն շարունակում է խեղաթյուրել պատմությունը, այլ նաև չի դադարեցնում իր հարևանների, մասնավորապես Հայաստանի ու Իրանի նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնել։
Կարդացեք նաև
Նույն հանդիպման ժամանակ Ալիևն ասել է. «Զանգեզուրի անջատումն Ադրբեջանից և նրա միացումը Հայաստանին հերթական հանցագործությունն էր մեր ժողովրդի դեմ»։
Երբ առավոտից երեկո ասում ենք, որ Արցախը հանձնելով ՀՀ-ն չենք փրկի, հենց այս նկատի ունենք` Ադրբեջանի ախորժակն անսպառ է, ուստի ոչ թե պետք է քննարկենք ինչ զիջենք, այլ հասկանանք ինչպես աշխատենք, ինչ փոխենք, որ մեր պետությունը չկորցնենք։