Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի 2 համայնքների նախկին ղեկավարների նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել

Դեկտեմբեր 24,2022 11:40

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Սյունիքի մարզի Նժդեհ համայնքի նախկին ղեկավար Գեղամ Օհանյանին եւ Արեւիս համայնքի նախկին ղեկավար Սասուն Սահակյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Գեղամ Օհանյանը 14 տարի Նժդեհ համայնքի ղեկավարն է եղել։ Այդ ժամանակահատվածում՝ 2003-2017թթ․–ի ընթացքում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին եւ Նժդեհ համայնքի համար անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես, գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 4 հա հողատարածքը 25 տարի ժամկետով՝ տարեկան 12.000 դրամ վարձավճարով տվել է եղբորը՝ Գրիշա Օհանյանին։

Բացի սրանից, համայնքի նախկին ղեկավարը, տեղյակ լինելով, որ նույն հողամասից 300 քմ մակերեսով հողատարածքն ամսական 40.000 դրամ վարձավճարով ենթավարձակալության է տրամադրվելու «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ), եւ հողատարածքն օգտագործվելու է ապօրինի՝ ոչ իր գործառնական նշանակությամբ, այն է՝ օգտագործվելու է որպես կապի օբյեկտի հող՝ բջջային հիմնական կայանի տեղակայման նպատակով, առանց հողակտորի նպատակային նշանակությունը փոխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու փոխարեն չի առարկել ապօրինի ենթավարձակալության պայմանագրի կնքման դեմ։ 6 հա վարելահող էլ վարձակալությամբ տրամադրել է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին («ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ)` 25 տարի ժամկետով, ամսական՝ 40 հազար դրամով:

Գեղամ Օհանյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածի 1-ին մասին) նախատեսված հանցագործության կատարման մեջ, բայց վաղեմության ժամկետներն անցնելու կապակցությամբ՝ նա ազատվել է քրեական պատասխանատվությունից` առանց պատիժ նշանակելու։

Մեկ այլ հոդվածի՝ 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) Գեղամ Օհանյանը մեղավոր է ճանաչվել նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նա ազատվել է քրեական պատասխանատվությունից` առանց պատիժ նշանակելու՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի կիրառմամբ:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանը նման մի դատավճիռ էլ կայացրել է Արեւիս համայնքի նախկին ղեկավար Սասուն Սահակյանի նկատմամբ։ Վերջինս մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածի 1-ին մասին) նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ վաղեմության ժամկետները անցնելու կապակցությամբ ազատվել է քրեական պատասխանատվությունից։

Դատարանի որոշմամբ, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին վճարված 5 000 000 դրամից 4 086 655 դրամը պետք է փոխանցվի Սյունիքի մարզի Սիսիան համայնքին, իսկ 913 455 դրամը՝ վերադարձվի Սասուն Սահակյանին։

Սասուն Սահակյանը համայնքի ղեկավար է աշխատել 16 տարի, 2001թ․-ից մինչեւ 2017 թվականը։ Նա նույնպես գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողատարածք է տրամադրել եղբորը՝ Տիգրան Սահակյանին։ Վերջինս էլ այդ հողատարածքը վարձակալությամբ է տվել բջջային օպերատորներին։

Դատավճիռները հրապարակվել են դեկտեմբերի 2-ին եւ ամբաստանյալները կարող են մեկամսյա ժամկետում բողոքարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031