Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մանվելյան. Առկա իրավիճակը իշխանությունների վերջին 4 տարվա քաղաքականության հետևանքն է. «Փաստ»

Դեկտեմբեր 24,2022 11:03

Ադրբեջանն ուզում է Արցախը՝ առանց հայության, նպատակը հայաթափումն է, որը չի թաքցնում, ու որի մասին բազմաթիվ հայտարարություններ կան: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանը, ճգնաժամից բխող վտանգներին:

«Այսօր առկա իրավիճակը Հայաստանի իշխանությունների վերջին 4 տարվա խայտառակ, պարտվողական ու ամոթալի քաղաքականության հետևանքն է: Երբ գալիս են իշխանության ու «ամեն ինչ 0 կետից են սկսում», ունենում ենք այն, ինչն ունենք հիմա. տնտեսապես, բարոյապես քանդված, պարտված իրավիճակ, իշխանությունների ոչ միայն անկարողություն, այլև դեպի դրականը որևէ քայլ անելու չկամություն: Երբ իրենց պատգամավորներն ու պաշտոնյաները հայտարարում են, որ Հայաստանն անգամ ինքն իրեն պաշտպանելու ռեսուրս չունի, պատճառն այն չէ, որ մեր երկիրը ռեսուրս չունի: Խնդիրն այն է, որ իրենք ինչ-որ բանելու անելու ցանկություն չունեն: Իրենց համար իշխանությունն ընդամենը վայելքների, պարգևավճարներ ստանալու համար է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բացարձակապես աշխատել չեն ցանկանում:

«Դե ֆակտո իշխանությունները երկրի անվտանգության պատասխանատվություն չեն ուզում վերցնել: Ընդհանրապես, ոչինչ չեն ուզում անել, պարգևավճարներ, բարձր աշխատավարձեր են ստանում, վայելում են կյանքն ու թքած ունեն մնացածի վրա: Իրենցից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքով են ապրում: Ու քանի դեռ իշխանության են, որքան կարող են, պետք է մնան իշխանության: Նման իրավիճակի հիմնական պատճառը իրենց իսկ քաղաքականության հետևանքն է: Ռուսաստանը նոյեմբերի 9-ին մտավ և փրկեց Արցախի մնացած մասը: Հիմա, փոխանակ պատասխանատվության գոնե իրենց մասը վերցնեն, քանի որ իրենք էլ են այդ խայտառակ հայտարարության տակ ստորագրել, ամբողջ մեղքը փորձում են գցել ռուսների վրա՝ այս ընթացքում բացահայտ կերպով վարելով հակառուսական քաղաքականություն»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ փորձում են ամբողջ պատասխանատվությունը գցել ռուսների վրա այն դեպքում, երբ Ուկրաինայի հետ պատերազմի մեջ գտնվելով՝ ռուսներն այժմ շատ ավելի թուլացած վիճակում են, քան մեկ տարի առաջ էր:

«Հակառակ դեպքում նման իրավիճակ չէր լինի: Իհարկե, ռուսները ևս իրենց մեղքի բաժինն ունեն, բայց փաստն այն է, որ թիվ մեկ պատասխանատուն այսօրվա դե ֆակտո իշխանություններն են:

Եթե մենք նորմալ իշխանություններ ունենայինք, առհասարակ նման իրավիճակ չէինք ունենա»,-նկատեց Մանվելյանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031