Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական կողմը դիվանագիտական դեմարշ է արել, Լավրովի խոսքերում թաքնված սպառնալիքներ եմ տեսնում ՀՀ-ի հանդեպ»․ Արմեն Վարդանյան

Դեկտեմբեր 24,2022 10:24

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ եթե դիվանագիտությունը չի աշխատում, դրան հետևում են ռազմական սրացումները։
«Ես Սերգեյ Լավրովի խոսքերում միշտ նաև թաքնված սպառնալիքներ եմ տեսնում Հայաստանի հանդեպ»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ վտանգներ եք տեսնում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեղադրանքներում ՀՀ-ի հասցեին, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Հիշեցնենք՝ Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում մի շարք մեղադրանքներ հնչեցրեց ՀՀ-ի հասցեին։ Նրա ձևակերպմամբ՝ «այն մեթոդը, որով հայկական կողմը Մոսկվայում նախատեսվող հանդիպումից հրաժարվելու մասին տեղեկացրել է, լուրջ հարցեր է առաջացնում»։

Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ մասնավորապես հայտարարեց․ «Առավոտվանից էքսպրոմտով նման հայտարարություններ անելուց առաջ՝ այն էլ խորհրդարանում՝ ի լուր աշխարհի, կարելի էր խորհրդակցություններ անել, ստանալ օգնություն, խորհուրդներ այն կապակցությամբ, թե ում հրավիրել օգնության այս կամ այն հակամարտության լուծման համար»։

Ի պատասխան լրագրողների հարցերին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք հայկական կողմի հրաժարումը, Սերգեյ Լավրովը պատասխանեց․ «Մենք, ինչպես դուք, իմացել ենք այդ հրաժարման մասին մամուլի ծառայության տեղեկատվությունից։ Ինչպես սովորաբար արվում է, Հայաստանը դիվանագիտական խողովակներ չի կիրառել։ Սա հայկական կողմի որոշումն է։ Ոչ մի պայմանավորվածություն, համաձայնություն, որը կայացվել է պատերազմի, հակամարտության արդյունքում, որոնք շարունակվել են տասնամյակներով, չեն իրականացվում հարյուր տոկոսով և միանգամից։ Այսպես, թե այնպես խախտումներ լինում են։ Դրանցով զբաղվում են խաղաղապահները։ Այդպիսի կետեր կան ԼՂ հակամարտության հետ կապված հայտարարություններում։ Միջադեպերը լինում են, մեր խաղաղապահներն իրենց մանդատի համաձայն փորձում են լուծումներ գտնել։ Այս միջադեպերը, որոնք անխուսափելի են, որոնց պետք է օպերատիվ դիտարկել, դրանք կշարունակվեն ավելի շատ ու ավելի երկար, եթե ամեն միջադեպից հետո երկրներից մեկը հրաժարվի բանակցությունների՝ նախապես համաձայնեցված փուլից։ Սա երբեք ոչ մեկի օգուտ չի բերել։ Բացի այդ Արարատ Միրզոյանը բաց թողեց նաև հնարավորությունը միջազգային հանրությանն իր տեսակետը ներկայացնելու հարցում, ինչը արեց պարոն Բայրամովը»։

Ըստ Արմեն Վարդանյանի՝ հայկական կողմն ակնհայտ դիվանագիտական դեմարշ է իրականացրել։ Մեր հարցին՝ և դա ի՞նչ կտա Հայաստանին՝ օգո՞ւտ, թե՝ վնաս, քաղաքագետը պատասխանեց․ «Թե ընտրված միջոցը ճիշտ էր, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա, բայց ակնհայտ է, որ հայկական կողմին դուր չեն գալիս նաև Կրեմլի գործողությունները և դրա մասին արդեն բարձրաձայն են հայտարարում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ է անում, Արարատ Միրզոյանը գնում է դիվանագիտական դեմարշի։ Ակնհայտ է, որ ՀՀ իշխանություններին դուր չի գալիս ՌԴ-ի վարքագիծը»։

Իսկ թե Հայաստանն այս քայլով ի՞նչ հաշվարկ է արել, Արմեն Վարդանյանը դժվարացավ պատասխանել։ Ըստ նրա՝ դա ժամանակը ցույց կտա․ «Հաշվարկներն արել են մեր դիվանագիտական, արտաքին քաղաքականության պատասխանատուները։ Դա մեզ համար օգուտ, թե վնաս կլինի, կդժվարանամ ասել։ Ժամանակը ցույց կտա։ Հնարավոր է՝ օգուտ տա․ ՌԴ-ն սթափվի, բայց հնարավոր է նաև վնաս տա․ փորձեն ի հեճուկս ՀՀ-ի այս հանդուգն քայլի մեզ համար նոր խնդիրներ ստեղծել»։

Մեր հարցին՝ ինչո՞ւ է նաև ՌԴ-ի տոնայնությունը փոխվել, Սերգեյ Լավրովը նշում է՝ եթե Բաքուն և Երևանը ցանկանում են հրաժարվել ռուս խաղաղապահների ծառայություններից, նրանք կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ և մտածել այլ տարբերակի մասին։ Արմեն Վարդանյանն այստեղ նոր բան չի տեսնում։ Նա ասաց․ «Լավրովը դիվանագիտական հնարք է կիրառել։ Ինքը շատ լավ գիտի, որ գոնե հայկական կողմն այս փուլում չի հրաժարվելու խաղաղապահներից։ Եվ փորձում է այնպիսի մի իրավիճակ ստեղծել, կարծես թե իրենք առանձնապես էլ ցանկ չունեն՝ որպես խաղաղապահ հանդես գալ, այլ ուղղակի իրենց կողմից բարի կամքի դրսևորում է դա։ Մինչդեռ Ռուսաստանը մշտապես ցանկացել է բոլոր հետխորհրդային երկրներում ստեղծել կոնֆլիկտներ և այնտեղ տեղակայել իր խաղաղապահներին։ Նախկինում նա ուներ խաղաղապահներ Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում և հիմա էլ 44-օրյա պատերազմից հետո նաև հասավ իր ևս մեկ բաղձալի նպատակի՝ Արցախում խաղաղապահներ տեղակայեց, որով նա լրացուցիչ լծակներ ստացավ ՀՀ-ի և Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու համար։ ՌԴ-ն դողում է, ամեն ինչ անում է, որ իր խաղաղապահները դուրս չգան Արցախից։ Մինչդեռ մեզ ու Ադրբեջանին այնպես է ներկայացնում, որ դա կարծես իրենց բարի կամքի դրսևորումն է»։

Փաստեցինք՝ Ադրբեջանի ԱԳ նախարարն էլ է ՀՀ-ի հասցեին մեղադրանքներ հնչեցնում, թե իբր «առաջարկները ներկայացնելուց հետո հայկական կողմը հայտարարել էր, թե իբր Ադրբեջանը հրաժարվում է հանդիպումից, և նման ապատեղեկատվություն տարածելով՝ փորձում է սխալ հանրային կարծիք ստեղծել»։ Հետաքրքրվեցինք՝ սա չի՞ նշանակում, որ բանակցությունները մտել են փակուղի, և ի՞նչ վտանգներ ունի այս իրավիճակը։ Արմեն Վարդանյանը նշեց․ «Այս իրավիճակն ընդհանուր առմամբ որոշակի ռիսկեր պարունակում է, քանի որ ամենավատ բանակցությունն ամենալավ պատերազմից գերադասելի է։ Բայց, որ արդեն տևական ժամանակ կողմերի միջև բանակցային գործընթացում շատ լուրջ խնդիրներ կան, սա միանշանակ է։ Ի սկզբանե էլ ես կարծում էի, որ հաջողության չեն հասնի կողմերը, բայց բանակցային գործընթացը վերջին ժամանակներն է մտել փակուղի։ Գոնե նախկինում հանդիպում էին։ Դեկտեմբերի 7-ին Ադրբեջանը հրաժարվեց Բրյուսել գնալ և Փաշինյանի հետ հանդիպել, հիմա էլ արդեն Արարատ Միրզոյանի հրաժարվելը»։

Ըստ քաղաքագետի՝ բանակցային խողովակները փակվել են, կողմերն այլևս շատ չեն հանդիպում, որոշ դեպքերում հանդիպումները վերջին պահերին խափանվում են, և դա կարող է բերել նոր սրացումների կամ անկանխատեսելի հետևանքների։ Հետաքրքրվեցինք՝ նաև ռազմակա՞ն սրացումներ, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Կարող է նաև դա լինել։ Եթե դիվանագիտությունը չի աշխատում, դրան հետևում են ռազմական սրացումները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031