Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի մեջ կա՞ն «ռեինտեգրացիայի» կողմնակիցներ

Դեկտեմբեր 24,2022 10:00

Ի տարբերություն մեր նշանավոր քաղաքագետների, վերլուծաբանների եւ քաղաքական մեկնաբանների՝ ես իմ կարծիքը վերջնական ճշմարտություն չեմ համարում եւ ավելի շատ հակված եմ հարցեր տալու եւ ինձնից տարբերվող տեսակետ ունեցողների դիրքորոշումը ճշտելու:

Ցանկացած հարցում ես առաջնորդվում եմ ինչ-որ տրամաբանությամբ, որը գուցեւ սխալ է: Վերցնենք, օրինակ, արտգործնախարարների տապալված եռակողմ հանդիպումը: Որքան հասկանում եմ, Հայաստանի իշխանությունը պահանջներ ունի ներկայացնելու 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկու կողմերին՝ Ադրբեջանին եւ Ռուսաստանին: Այդ կողմերից առաջինը փակել է Բերձորի միջանցքը, իսկ երկրորդը, թեեւ պարտավորություն է ստանձնել բաց պահել այդ ճանապարհը, իր այդ պարտավորությունը չի կատարում:

Եթե ես ճիշտ եմ հասկանում այդ պահանջները, ապա շատ տրամաբանական կլիներ, որ Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեր եռակողմ հանդիպմանը, պաշտպաներ մեր երկրի դիրքորոշումը: Բայց, կրկնեմ, ես ավելի շատ հակված եմ հարցեր տալուն: Բացառված չէ, որ պաշտոնական Երեւանը նման պահանջներ չունի, կամ՝ եռակողմ հանդիպմանը չմասնակցելու համար կային այլ հիմնավոր պատճառներ: Դրանք, սակայն, պաշտոնապես չեն հնչում:

Կամ՝ մեկ այլ օրինակ: Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը պնդում է, որ Ռուբեն Վարդանյանը խոչընդոտում է Արցախի եւ Ադրբեջանի ռեինտեգրացիային, որի վերաբերյալ, մինչեւ այդ գործարարի Ստեփանակերտ գալը, Բաքուն հայերի հետ ունեցել է «դրական կոնտակտներ»: Հետաքրքիր է, ո՞ր մակարդակի հայերի հետ էին այդ «կոնտակտները»: Ո՞ւմ հետ էին դրանք՝ Հայաստանի՞, թե՞ Արցախի իշխանությունների հետ: Կամ գուցե նրանք, ովքեր ամեն օր հայհոյում են Ռուբեն Վարդանյանին, նո՞ւյնպես կողմ են «ռեինտեգրացիային»:

Բայց դարձյալ կցանկանայի այլընտրանքային տեսակետներ լսել: Նախ՝ բացառված չէ, որ Բայրամովը ստում է: Բայց եթե չի ստում, ապա գուցե Հայաստանում կամ Արցախում կա՞ն մարդիկ, որոնք կարծում են, որ «ռեինտեգրացիան» լավ բան է:

Ինձ համար այդ բառի իմաստը պարզ է: Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են «ռեինտեգրացնել» Արցախի հայերին ճիշտ այնպես, ինչպես դա արել են Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի, Շուշիի եւ Հադրութի հայերի հետ: Կամ՝ ինչպես թուրքերը «ռեինտեգրացրել» են Արեւմտյան Հայաստանի հայերին:
Բայց, եթե կան այլ կարծիք ունեցող մարդիկ, թող անկեղծորեն հայտնեն իրենց տեսակետը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Այսօր աշխարհը ղեկավարում են այլասերվածները եւ ով սրանց ջրաղացին ջուր է լցնում, նա էլ օգտվում է: Մեր ազգը այլասերվածների ջրաղացին ջուր չի լցնում, դրանից էլ տուժում ենք մենք, ուկրաինացիները, ռուսները (ի դեպ, ոչ մի ռուսի բերնից չլսեցի, թե կողմ է պատերազմին, հակառակը, բոլորը երազում են, թե երբ այն կավարտվի, առանց խորանալու քաղաքականության մեջ), բայց եւ դրանց դեմ չի մարտնչում: Մեր անկեղծ կարգախոսը եւ հերոսական գործողությունը պետք է լինի այն, ինչ ուրիշ, նույնիսկ քաղաքակիրթ ազգերը չունեն, դա ժողովրդասիրությունն է, մենք պետք է սա աշխարհով մեկ շեփորահարենք, զրկանքներ կրելով պետք է պաշտպանենք ժողովուրդների, եւ ոչ միայն մեր ժողովրդի, իրավունքներն ու ստիպենք, որ կատարեն իրենց պարտականությունները, հիմնվելով ժողովրդասիրության սկզբունքից: Սա նոր բան չի, սա նույն ժողովրդավարությունն է, մարդասիրությունն է, միայն ոչ թե մարդու, քաղաքացու, այլ ժողովրդի մակարդակով: Ժողովուրդներն ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ: Բայց իրավունքն ու պարտականությունն իրենց թիկունքին պետք է ունենան օրենքի կատարման ուժային ստիպողական կառույց, որն ավելի հզոր պետք է լինի, քան այն, ինչ ունեն հակաժողովրդական այլասերված ուժերը:
    Մեր դատական համակարգի թուլությունը ցույց է տալիս, որ մենք լիարժեք չենք պաշտպանում մարդու եւ քաղաքացու իրավունքները, լիարժեք էլ չենք պահանջում մարդու եւ քաղաքացու պարտականությունների կատարումը: Սա քաղաքացիական, պետական անմակարդակություն է, մեր մեջ անչափահաս քաղաքացիների տոկոսը շատ բարձր է, դրանով էլ որոշվում է անմակարդակ ղեկավարումը, լինի դա երկրում եւ միգուցե երկրից դուրս:
    Ի՞նչ անել: Սփյուռքում հնարավոր է հասուն եւ անչափահաս քաղաքացիների տոկոսային հարաբերակցությունը ավելի բարվոք է, Սփյուռքն իր մեջ թող ստեղծի ցանցային պետություն՝ իր Հայ դատով, իր Հայ օրենքով եւ իր Հայ ուժով եւ տարածի այն մեր երկրում՝ Արցախն էլ բնական է այդ թվում: Մենք պետք է դառնանք մարդասիրական, ժողովրդասիրական պետություն, որն ուժով պաշտպանում է ոչ միայն իր, այլեւ մնացած բոլոր ժողովուրդների իրավունքներն ու պարտականությունները, ելնելով ժողովրդավարության, մարդասիրության եւ ժողովրդասիրության սկզբունքներից: Հայ դատ, Հայ օրենք, Հայ ուժ:

  2. Ալֆրեդ says:

    հոյակապ է ասված։

  3. Ալֆրեդ says:

    Ի տաբերություն նշանավոր քաղաքագետների։Հոյակապ է ասված։

  4. Հայ says:

    Արցախը,այն էլ ներկայիս փոքրացավ չափերով, մեծ հաշվով ոչ Ադրբեջանին է պետք, ոչ Թուրքիային, ոչ էլ Ռուսաստանին։
    Ամբողջ կռիվը Սյունիքի համար է։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031