Լրահոս
Օրվա լրահոսը

Ձիաուժը տեխանձնագրով հաստատվել էր նաեւ ԱՄՆ-ում եւ ուղարկվել Երեւան

Դեկտեմբեր 24,2022 13:30

Պետք է դիտավորությամբ արված սխալը լուծել միայն ավտոտեսչությունում

Հայաստանում եւ ամբողջ աշխարհում երբ բարձրացավ ամեն ինչի գինը, մենք՝ ավտոսիրող վարորդներս, գոհ մնացինք ավտոտեսչությունից, որ գոնե տուգանքները չեն բարձրացել (քանի որ հաճախ ենք տուգանվում), բայց շատ սխալվել էինք, քանի որ ավտոտեսչությունը գտել էր այլ ելք ժողովրդին խաբելու եւ մեծ գումարներ կորզելու համար։ Օրինակ, կբերեմ մեր մեքենայի պատմությունը, որը կարծում եմ՝ վերաբերում է նաեւ բազմաթիվ մեքենաների վարորդների, որոնք բողոքում են բանավոր ձեւով։

«Infinity G35» մեր ավտոմեքենան արտադրվել է 2003 թ.-ին, Ճապոնիայում, այնուհետեւ ԱՄՆ-ից այն որպես օգնություն (էժան գնով գնված) ուղարկվել է Երեւան 2008թ.-ին։ Այդ օրվանից սկսած՝ 14 տարի որպես գույքահարկ վճարել եմ մեքենայի տեխնիկական անձնագրում նշված 162/220 ձիաուժին համապատասխան հարկ (այն ինձ տրվել է թաղապետարանում)։ Արտադրված մեքենայի ձիաուժը ուղարկված էր վերը նշված թվով, այն տեխանձնագրով հաստատվել էր նաեւ ԱՄՆ-ում եւ ուղարկվել Երեւան։ Այս տարվանից սկսած ինքնուրույնաբար պետավտոտեսչությունը, հաշվի չառնելով գործարանային արտադրության ձիաուժը, այն դարձրել է 260՝ թքած ունենալով մեքենան արտադրող գործարանի նշած տեխանձնագրի վրա։

Երբ բանավոր զրուցում եմ պետավտոտեսչության աշխատակիցների հետ, նրանք պատճառաբանում եւ արդարանում են, որ սկզբում իրենք սխալ են նշել. պետք է լիներ ոչ թե 162 ձիաուժ, այլ 260։ Եվ 14 տարի անց մեզ պարտադրում են վճարել նաեւ այդ 14 տարի առաջվա իրենց իսկ թույլ տված սխալի համար, որը կազմում է մի հսկայական գումար։ Այն ավելի շատ է, քան կիսակոռոզիայի ենթարկված 20 տարեկան ավտոմեքենայի ինքնարժեքը։ Թաղապետարանի աշխատակիցները զարմացած են մնացել ներկայիս հարկաբաժինը համեմատելով նախկինի հետ, բայց առարկում են, որ դա իրենց մեղքով չէ, այլ՝ պետավտոտեսչության նոր գնացուցակով է այդպես եւ պետք է դիտավորությամբ արված սխալը լուծել միայն ավտոտեսչությունում։ Տեխզննման կայանը նույնպես դիտավորությունը տեսնում է միայն ավտոտեսչության աշխատակիցների մեջ եւ իր հերթին հրաժարվում է տեխզննում կատարել, չնայած որ կատարել եմ 120.000 դրամի մուծում թաղապետարանում եւ տեխզննման կայանում։

Իհարկե, գրավոր բողոք ուղարկեցի եւ պետավտոտեսչություն, եւ վարչության պետ Ե.Կարապետյանին պատվիրած նամակներով՝ նշելով, որ անպայման ինձ պատասխանեն գրավոր ձեւով եւ նաեւ նշելով, որ այդ հարցը լուծելու եմ դատական գործընթացով, տեղյակ պահելով նաեւ լրատվամիջոցներին։ Անցել է 1 ամիս, սակայն ոչ գրավոր, ոչ բանավոր պատասխան չեմ ստացել նրանցից։ Պարզ է, որ խարդախություն անողն իր խաբեության համար չի կարող արդարանալ, այն էլ գրավոր ձեւով։ Այժմ այդ հարցը պետք է լուծեմ դատարանի միջոցով՝ տեղյակ պահելով նաեւ դատախազությանը՝ քրեական գործ հարուցելու համար։

ՋԵՄՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ
55 տարվա ավտոսիրող վարորդ, թոշակառու բժիշկ,
սպառողների
միության անդամ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031