Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Լիդերի համար շատ կարեւոր է կայուն բնավորությունը

Դեկտեմբեր 24,2022 12:30

Իշխանություն տվեք նրան, ով ավելի լավ է տիրապետում տեղեկատվությանը

Հոգեբան Սերգեյ Լեոնիդովիչ Ռուբինշտեյնն ասում էր, որ բնավորությունը ծագում է իրադրականորեն պայմանավորված դրդապատճառներից: Հանգուցային հարցն այն է, թե որքան են կյանքի իրադրությունների համար բնորոշ դրդիչները ձեւափոխվում անձին բնորոշ կայուն երեւույթների: Մարդու անձնային գիծ դառնալու համար դրդապատճառը պետք է ընդհանրացվի եւ տարածվի սկզբնականին համասեռ բոլոր իրադրությունների վրա: Հոգեբանը կարծում էր, որ բնավորության յուրաքանչյուր գիծ որոշակի պայմաններում որոշակի գործողություններ կատարելու միտում է: Բնավորության գիծը ծագում է տվյալ իրադրության մեջ առաջին պատասխան գործողության հիման վրա: Լիդերի համար շատ կարեւոր է կայուն բնավորությունը, քանի որ կորցնելով բնավորությունը` լիդերը կորցնում է ամեն ինչ:

Եթե ղեկավարն ուզում է հասնել հաջողության, նա պետք է սովորի վստահել իր թիմին առավել, քան ինքն իրեն:

Կապիտան Դեյվիդ Մարկեն գտնում էր, որ բարձր ղեկավարությունն ունի լիակատար իշխանություն, բայց չի տիրապետում տեղեկատվությանը: Այն դեպքում, երբ աստիճանակարգով ցածր մարդիկ տիրապետում են տեղեկատվությանը, բայց չունեն իշխանություն: Եվ քանի դեռ այն մարդիկ, ովքեր չեն տիրապետում տեղեկատվությանը, հրաժարվում են ղեկավարել, կառավարել, տվյալ ընկերությունը, կազմակերպությունը չի կարող աշխատել ավելի լավ, հանգիստ եւ հասնել լավ արդյունքի: Նա հասկացավ, որ լիդերի դերը հետեւյալն է` ձեւավորել թիմ եւ պատասխանատվություն կրել թիմի հաջողության կամ պարտության համար: Լիդերի խնդիրն է պատասխատվություն կրել թիմի յուրաքանչյուր անդամի համար եւ ներշնչելով պատասխանատվություն` կատարել իր առջեւ դրված առաքելությունը: Լիդերի խնդիրն է ոչ թե լոկ հրամաններ, կարգադրություններ տալը, այլ առաջադրել նպատակ ու ուղղություն եւ թույլ տալ թիմն ինքն ընտրի` ինչ անել եւ ինչպես հասնել արդյունքի: Մարկեն գտնում էր, որ մենք մարդկանց սովորեցնում ենք ենթարկվել, այլ ոչ թե մտածել: Եթե մարդիկ միայն ենթարկվում եւ կատարում են հրամանները, նրանցից դժվար է ակնկալել պատասխանատվություն իրենց իսկ գործողությունների համար: Պատասխանատվություն չէ, թե կատարել այն, ինչ հրամայում են, այլ կատարել այն, ինչը ճիշտ ես համարում:

Լիդերությունը դա կոչում չէ, կամ աստղ չէ, որ օձիքին կրես: Լիդերությունը դա պատասխանատվություն է, որը լիովին կախված է բնավորությունից: Լիդերությունը բարեխղճություն է, ազնվություն, պատասխանատվություն, վստահություն է: Լիդերն ասում է ոչ թե այն, ինչ մենք ուզում ենք լսել, այլ այն, ինչը մեզ անհրաժեշտ է լսել: Իրական լիդեր դառնալու համար, որը լիակատար վստահություն է ներշնչում, անհրաժեշտ է ասել ճշմարտությունը: Ուղղամտությունը մեր հիմքն է, մեր ֆունդամենտը: Ազնիվ գործել երբեմն ավելի կարեւոր է, քան գործել օրենքի սահմաններում: Մենք, մեր բնույթն այնպիսին է, որ անընդհատ գնահատում ու վերլուծում ենք այն ինֆորմացիան, որը ստանում ենք, եւ գնահատում այն գործողությունները, որոնք տեսնում ենք: Վստահությունն առաջանում է այն ժամանակ, երբ մենք բավականին փաստեր ունենք, երբ մարդը կամ տվյալ կազմակերպությունը, ընկերությունն իրոք ազնիվ է գործում, երբ այդ ապացույցները բավարար են մեր ուղեղի համար: Ընկերները շատ կարեւոր են: Հակառակորդները մրցակցում են, ընկերները` համագործակցում:

Տվյալ ընկերության արդյունավետությունն անմիջականորեն կապված է այդ ընկերության ղեկավարի անձի եւ նրա արժեքների հետ: Ջեկ Ուելչը հինգ գիրք է գրել լիդերության մասին: Նրան առաջին հերթին հետաքրքրում էր ընկերությունում իր հեղինակությունը, հետո նոր միայն ընկերության հեղինակությունը, կորպորատիվ մշակույթը: Հակառակ նրան` Ջեյմս Սինեգալը, որը հիմել էր Costco (Կոստկո) ընկերությունը եւ ղեկավարել է այն 1983-2012թթ., գտնում էր, որ ընկերության աշխատակիցներին պետք է վերաբերվել ընտանիքի անդամների պես եւ նրանք փոխադարձաբար կսիրեն ղեկավարին:

Մեր նպատակները պետք է լինեն նյութական

Մարդիկ տեսողական ուղղվածություն ունեն: Երբ մենք ձայն ենք լսում, գնում ենք, տեսնենք՝ ինչ է եղել, եւ երբ համոզվում ենք, որ ոչինչ էլ չկա, նոր հանգիստ պառկում ենք քնելու: Եվ երբ ինչ-որ մեկը մեզ որեւէ բան է խոստանում կամ հաստատում, մեզ անհրաժեշտ է, որ դա տեսնենք մեր աչքերով: Դա է պատճառը, որ շատ մասնագետներ հաստատում են, որ մենք մեր նպատակները գրի առնենք, քանի որ երբ մենք տեսնում ենք նպատակների ցանկը, շատ հավանական է, որ մենք կհասնենք դրան: Երբ մենք հստակ տեսնում ենք այն նպատակը, որին ձգտում ենք, մենք կհասնենք դրան: Նույնկերպ մենք պետք է տեսնենք տվյալ ընկերության ղեկավարի տեսլականը, ծրագիրը: Այսինքն` ինչի է ձգտում, եւ ինչ մրցանակ մենք կունենանք տվյալ ծրագրի իրականացումից: Կառավարման ընթացքում շատ կարեւոր է կատարել փոփոխություններ, բայց պետք չէ դրանցով շատ տարվել: Յուրաքանչյուրը հասկանում է փոփոխությունների անհրաժեշտությունը, սակայն կան մարդիկ, որոնք ապրում են կարծրացած սովորություններով եւ ցանկացած փոփոխություն հիվանդագին եւ ցավով են ընդունում: Կառավարման գործում նորաթուխներին խորհուրդ կտանք ձեւացնել, որ նրանք պահպանում են հինը, սակայն կատարում են ինչ-ինչ նորարարություն: Հոգեբանորեն մարդիկ հասկանում են, որ պետք է գնան փոփոխությունների, դուրս գան հարմարավետության գոտուց, բայց միեւնույն ժամանակ դժվարանում են, որովհետեւ սովորությունը հզոր ուժ է:

Կառավարման ընթացքում շատ մեծ դեր ունի սրտերն ու մտքերը գրավելը: Պետք է գայթակղել մարդկանց, որպեսզի նրանք ցանկանան հետեւել ձեզ: Մարդկանց գրավելու համար պետք է հաշվի առնել նրանց անհատական յուրահատկություններն ու թուլությունները: Կարելի է մեղմել մարդկանց դիմադրությունը` կարեւորելով այն, ինչ նրանք իրենց համար թանկ են համարում եւ աշխատելով նրանց վախի գործոնի վրա: Եթե անտեսեք մարդկանց սրտերն ու մտքերը, արդյունքում նրանք ձեզ կատեն: Դուք նկատած կլինեք, որ նոր անձինք, որոնք հայտնվում են նոր միջավայրում, փոխանակ ուսումնասիրեն շրջապատի մարդկանց, նրանց սովորույթներն ու հետաքրքրությունները, նմանություններն ու տարբերություններն այլ անձանցից, ոմանք շտապում են իրենք պարծենալ իրենց հաջողությամբ, խելքով, ձեռքբերումներով: Նման մարդիկ չեն էլ նկատում, որ դրանով իսկ ձեռք են բերում հակառակորդներ: Խաղացեք հիմնական զգացմունքների հետ` սեր, ատելություն, խանդ: Այդ դեպքում նրանք կթուլացնեն իրենց վերահսկողությունը, եւ նրանց համոզելն ավելի հեշտ կդառնա: «Դուք կարող եք ձեզ համարել իսկական լիդեր, եթե ձեր գործողությունները ներշնչում են մյուսներին երազել ավելին, ավելի շատ սովորել, ավելի շատ գործել եւ դառնալ ավելին, քան կան իրականում», ասվում է շրջիկ մի ասացվածքում, գուցե իսկապես այդպես է:

Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031