Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանյան առաջին բեմելիս անպայման կհաջորդեն՝ երկրորդը, երրորդը…»

Դեկտեմբեր 24,2022 13:00

«Հայահավաք» նախագիծը հայրենիք է բերել նաեւ Կարո Ավեսյանին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող «Հայահավաք» նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր հանդիսատեսի շրջանում, որի ընթացքում Հայաստանում ելույթ ունեցան այնպիսի երաժիշտներ, որոնք նախկինում ինչ-ինչ պատճառներով դեռ ելույթ չէին ունեցել հայրենիքում կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չէին ծավալել։ Գործնականում մեր հայրենակիցներին ներկայացնելով հայրենիքում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նպատակը մեկն է՝ նոր թափ հաղորդել հայաստանյան մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանը։ Երեւանյան համերգներում արդեն ներկայացել են դիրիժորներ Սիրիայից՝ Միսաք Պաղպուտարյանը, Կանադայից՝ Նուրհան Արմանը, Լիբանանից՝ Կարո Ավեսյանը եւ Շվեյցարիայից՝ Լյուք Բաղդասարյանը։

Արտասահմանում հայտնի անուն, լիբանանահայ դիրիժոր Կարո Ավեսյանն առաջին անգամ ներկայացավ հայ հանդիսատեսին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգին Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հետ հնչեցնելով Էդվարդ Միրզոյանի, Գուստավ Հոլստի եւ այլոց ստեղծագործություններից։

«Առավոտի» հետ հանդիպման սկզբում հետաքրքրվեցինք ծննդավայրում Կարո Ավեսյանի ստացած կրթությամբ, քանի որ մեզ հասած տեղեկություններով՝ նա ուշ է սկսել երաժշտության դասեր առնել, իսկ եթե չլիներ քրոջ հանգամանքը, գուցեեւ չմոտենար էլ երաժշտությանը։ «Իրականում այդպես էլ կա. 11 տարեկան էի, երբ կրտսեր քրոջս ուղեկցում էի դաշնամուրի դասերի։ Նշեմ, որ քույրս տառապում էր, ինչ-որ տեղ չուզենալով էր հաճախում, իսկ ես ուշադիր լսում էի դասը, որ տանը օգնեմ նրան։ Միառժամանակ անց ինքս ինձ ասացի՝ իսկ ինչո՞ւ ես էլ չսովորեմ։ Լրացել էր 13-ս, երբ սկսեցի հաճախել Բեյրութի «Թեքելյան» երաժշտական դպրոց եւ շատ չանցած ստեղծագործելու ցանկություն առաջացավ մոտս։ Առաջ անցնելով ասեմ, որ հաշվետու համերգներից մեկում դասատուիս առաջարկեցի կատարել իմ գործերից «Ծնունդ արտահայտության» ստեղծագործությունը։ Դասատուս հրավիրեց տնօրենին, նրանք լսեցին եւ արդյունքում թույլատրեցին այդ երկով հանդես գալ Ամերիկյան համալսարանի Assembly Hall-ում։ Հանդիսատեսը ոգեւորությամբ ընդունեց ելույթս, որից հետո նպատակադրված սկսեցի հաճախել կոմպոզիցիայի դասերին՝ Վաչե Քալենդերյանի ղեկավարությամբ։ Իմիջիայլոց, հեռահար նպատակ էլ ունեի. դպրոցն ավարտելուց հետո ուսումս շարունակել հայրենիքում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Եկա, ընդունվեցի կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանի դասարան, իսկ երկու տարի անց համատեղեցի սիմֆո-դիրիժորությամբ՝ Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ»,- ներկայացրեց դիրիժորը։

Դիտարկմանը, թե հայաստանյան ուսման առիթով տեղեկացված ենք, իսկ հետո… արդեն կարիերայի սկիզբը, ի՞նչ ընթացք ունեցավ, մեր զրուցակիցը պատասխանեց. «2007-ին Երեւանի կոնսերվատորիայում ուսումս ավարտելուց հետո վերադարձա Լիբանան եւ դիմեցի Բեյրութի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Վալիդ Ղոլմիեին՝ հնարավորություն տալ ղեկավարել նվագախումբը։ Այդպես սկսվեց կարիերաս, ինչին զուգահեռ դասավանդում էի տեղի կոնսերվատորիայում»։ Խնդրեցինք խոսել նաեւ մի միջազգային մրցույթի մասին, որտեղ արժանացել է գրան պրիի։ «2018թ. Բուդապեշտում ավանդաբար անցկացվող Danub միջազգային մրցույթի ժյուրին ինձ արժանացրեց գրան պրիի եւ առաջին մրցանակի, հաջորդ տարի արդեն վարպետության դասերի մասնակցեցի վիեննական դիրիժորական դպրոցի անվանի ներկայացուցիչ Աքիմ Հոլուբի ղեկավարությամբ։ Նշեմ, որ այդ մրցույթի հաղթողը հնարավորություն էր ստանում ղեկավարել Danub-ի սիմֆոնիկ նվագախումբը։ Իսկ մինչ մրցույթը մասնակցել եմ վարպետության դասերի Ֆրանսիայում՝ Ջորջ Փեհլիվանյանի եւ Չիկագորում՝ Դոնալդ Շլայքերի ղեկավարությամբ»,- ներկայացրեց դիրիժորը։

Ինչ վերաբերում է համավարակի շրջանին, մեր զրուցակիցը հետեւյալը նշեց. «Երբ սկսվեց քովիդը, հրավեր ունեի Դամասկոսի ազգային սիմֆոնիկ նվագախմբից, որի գեղարվեստական ղեկավարը մեր հայրենակիցն է՝ Միսաք Պաղպուտարյանը։ Այդ նվագախմբի հետ քանիցս համերգներ ղեկավարեցի օնլայն։ Քովիդի ավարտից հետո էլ ղեկավարել եմ Ռումինիայի Sibiu սիմֆոնիկ նվագախումբը… Եվ վերջապես երազանքս՝ հանդես գալ հայրենիքում, իրականացավ այս տարի։ Նոյեմբերի 22-ին՝ Լիբանանի անկախության տոնի կապակցությամբ հանդիսավոր համերգը, որին մասնակցություն ունեցա նաեւ ես, լիբանանյան LBCI հեռուստաընկերությունը հեռարձակեց աշխարհով մեկ»։

Ավելի շատ արտասահմանում հայտնի դիրիժորին խնդրեցինք տեղեկացնել, թե իր երկացանկում ո՞ր հայ կոմպոզիտորներն են հաճախ տեղ գտնում։ «Համաշխարհային դասական երաժշտության գանձերից բացի, ներկայացնում եմ մեր անվանիներին նույնպես՝ կոմիտասյան գոհարներից մինչեւ Խաչատրյան, Բաբաջանյան, Միրզոյան, Հարությունյան, Ալթունյան, Մանսուրյան… Հաճախ էլ որպես մենակատարներ հրավիրում եմ աշխարհով մեկ սփռված հայազգի երաժիշտներին ու հանդես գալիս նրանց հետ։ Ցանկություն ունեմ երկացանկս հարստացնել հայ ժամանակակից գործերով եւս՝ Արամ Սաթյան, Վաչե Շարաֆյան, Աշոտ Զոհրաբյան եւ այլն»,- ասաց դիրիժորը։ Նա զրույցի ընթացքում նշեց, որ օրերս Բեյրութ վերադառնալուն պես կշարունակի գործունեությունը տեղի ֆիլհարմոնիկի հետ, իսկ 2023-ի գարնանից, շվեյցարական Vida Art պրոդյուսերական ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն՝ կսկսի համերգաշար եվրոպական երկրներում։ Հայտնեց նաեւ, որ վերջին օրերին իր խնդրանքով հանդիպումներ է ունեցել նաեւ մաեստրոներ Դուրգարյանի եւ Թոփչյանի հետ. «Մաեստրո Թոփչյանի հետ, կարելի է ասել՝ ուրվագծել ենք մեր հեռանկարային ծրագրերը (նկատի ունի Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ իր ղեկավարությամբ համերգները- Ս. Դ.)։ Տպավորված եմ մաեստրո Դուրգարյանի հետ կարճատեւ զրույցից, որի ընթացքում ինձ համար նրան բացահայտեցի որպես հրաշալի անձնավորություն»։ Կանխելով մեր հետաքրքրությունը, թե հավանաբար օպերա կամ բալետ էլ է ուզում ղեկավարել, Կարո Ավեսյանը հավաստիացրեց, որ Բեյրութում նվագախմբի, Armiss երգչախմբի եւ մեներգիչների հետ հատվածաբար ներկայացրել է Տիգրանյանի «Անուշ» օպերան։

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե՝ չի՞ շտապում վերադառնալ ծննդավայր, դիրիժորը նշեց, որ այնտեղ իրեն սպասում են կինը, երեք արու զավակները, հետո էլ հայտնեց, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում անվանի արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանի ղեկավարությամբ ձեռնամուխ է եղել գիտական թեզի աշխատանքներին, որի թեման լիբանանահայ կոմպոզիտոր Պողոս Ջելալյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունն է. «Արտասահմանում հայտնի մաեստրո Ջելալյանը, ցավոք, իր կենդանության օրոք երբեք հայրենիքում չի եղել, բայց մշտապես նամակագրական կապերի մեջ է եղել Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի հետ։ Նրա ստեղծագործություններն էլ առատորեն չեն հնչել հայրենիքում։ Նշեմ միայն կոմպոզիտորի «7 սեկվենցիաներ կամերային նվագախմբի համար» ստեղծագործությունը, որը հնչել է դիրիժոր Վաչե Բարսամյանի մեկնաբանությամբ»։

Զրույցի ավարտին Կարո Ավեսյանը, առանց հստակ ժամանակացույց նշելու, վստահեցրեց, թե հայաստանյան իր առաջին բեմելին անպայման կհաջորդեն երկրորդը, երրորդը եւ այդպես շարունակ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031