Երեւանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի «Ուրիշ» թատրոնում ուսանողական ներկայացումների պակաս չկա։ Հերթականը ժամանակակից գրող Մարկ Արենի վիպակի հիման վրա բեմադրված «Սուրբծննդյան հրեշտակը» ներկայացումն էր։
Քոլեջի «Ռեժիսուրա» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արտյոմ Ավետիսյանն իր գիտելիքներն ու հմտությունները համատեղելով` վիպակը պիես է դարձրել, բեմադրել, կատարել է անգամ բեմանկարչական եւ հագուստի ձեւավորման աշխատանքները։ Իսկ երաժշտական ձեւավորումը քոլեջի մեկ այլ ուսանողի` Գեւորգ Մարգարյանի հետ համատեղ են արել։ Սրանով չի սահմանափակվում քոլեջի ներսում ուսանողների համագործակցությունը։ Արտյոմը զարմացած է ներկայացման պաստառի հեղինակի` ընկերոջ` Գոռի հետաքրքիր մտածողության եւ գրաֆիկ դիզայների հմտությունների վրա։ Իսկ Աղասի Սարիբեկյանը ձայնային մշակման աշխատանքն է կատարել։
«Ես վստահ չէի, որ պրեմիերան լինելու է, փորձարարական ձեւով եմ սկսել եւ մտածել` փորձեմ, տեսնեմ կստացվի՞։ Չհասկացա` ինչպես եկավ պրեմիերայի օրը։ Աշխատել եմ մեծ սիրով, աշխատել ենք մեծ սիրով։ Ընկերներս գիտեն, որ ես շատ պատասխանատվությամբ եմ մոտենում ամեն ինչին, հատկապես՝ թատրոնին, հատկապես՝ ներկայացում բեմադրելուն։ Ես սիրում եմ իրենց ու չեմ ցանկանում, որ վատ ներկայանան… Ի վերջո, իրենք են բեմից ներկայացնում աշխատանքը,-ասում է ներկայացման երիտասարդ բեմադրիչ Արտյոմ Ավետիսյանը, շարունակելով,-ընթացքում վիճել ենք, նեղացել… ես` իրենցից, իրենք` ինձնից ավելի շատ։ Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք»։
Քոլեջի ուսանողն ասում է` շնորհակալ է ու շարունակելու է շնորհակալ լինել Պարույր Սանթրոսյանին։ «Միշտ իմ եւ մյուս ուսանողների կողքին է պարոն Սանթրոսյանը, ամեն ինչ անում է եւ սատար է կանգնում ուսանողական նախաձեռնություններին»,-նշեց Արտյոմ Ավետիսյանը։
Ներկայացումը դիտել է նաեւ վիպակի հեղինակ Մարկ Արենը։ Նա բարձր է գնահատել կատարված աշխատանքը եւ հաջողություններ մաղթել ուսանողներին հետագա նախաձեռնություններում։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
23.12.2022