Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցագնի չափը գերազանցող գույքերի նկատմամբ կիրառված արգելանքները չեն հանվել

Դեկտեմբեր 24,2022 14:00
harkadir

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ գույքի գնահատման եզրակացության մեջ նշված գույքի արժեքի հետ համաձայն չլինելու դեպքում պահանջատերը միջնորդությունն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, կարող է եզրակացության արժանահավատության վերաբերյալ առարկություններ ներկայացնել հարկադիր կատարողին:

Արդյոք, դա այդպես է: Գործարար Անդրանիկ Պողոսյանը (Անթրանիկ Բողոսսյան) դիմելով «Առավոտին»՝ տեղեկացրեց, որ թվով 6 քաղաքացիական գործերի շրջանակներում կիրառվել են հայցի ապահովման միջոցներ եւ հարուցված կատարողական վարույթների շրջանակներում ընդհանուր առմամբ պետք է կիրառվեին 84050596 դրամի չափով արգելանքներ։ Սակայն ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանքներ է կիրառել իրեն պատկանող բոլոր անշարժ, շարժական գույքերի եւ դրամական միջոցների վրա։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոնի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ֆ. Մեղրյանը «Սիվիլնեթի» լրագրողի հարցմանը (Գեւորգ Թոսունյան) պատասխանել էր. «ՎՏԲ» ԲԲԸ-ում եւ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում առկա 12 000 000 եւ 8.417.499 ՀՀ դրամ գումարները եւ հայցագնի չափով ապահովված գումարներով կատարողական վարույթների շրջանակներում կիրառված մնացած արգելանքները վերացված են»: Մինչդեռ, գործարարը պատասխանից բավարարված չէ: Այդ կապակցությամբ դիմել է նաեւ «Առավոտին»:

Անդրանիկ Պողոսյանի բողոքին (Անթրանիկ Բողոսսյանից պահանջել են ներկայացնել ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ի կողմից համապատասխան տեղեկանք, որ Անթրանիկ Բողոսսյանն ու Անդրանիկ Պողոսյանը նույն անձն են հանդիսանում-Ռ.Մ.) անդրադարձել ենք: Նա Երեւանի Վերին Անտառային 138/2 հասցեում գտնվող առեւտրի կենտրոնի սեփականատերն է, ով վարձակալությամբ տվել էր տարածքը «Ֆայն Քարս օֆ Արմինիա» ՍՊ ընկերությանը: Այդ ընկերությունը ներկրող տարբեր մակնիշների ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: 2018 թվականի դեկտեմբերի 28-ին սեփականատիրոջ եւ ընկերության միջեւ կնքվել էր անշարժ գույքի վարձակալության նախնական պայմանագիր:

Հիշեցնեմ, որ Ա. Պողոսյանի ներկայացուցիչ Տ. Սարգսյանը 2020թ. օգոստոսի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Երեւան քաղաքի դատարան (դատավոր՝ Գայանե Մազմանյան)՝ ընդդեմ «Ֆայն Քարս օֆ Արմինիա» ՍՊԸ-ի (ընկերության նախագահ՝ Մոսթաֆա Նասերի Աղիլի) սեփականության իրավունքի խախտումները վերացնելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու եւ Երեւանի Վերին Անտառային 138/2 հասցեից վտարելու, շարժական գույքն օգտագործելն արգելելու եւ անշարժ գույքի բանալիները հանձնելու պահանջների մասին:

Տարածքից վտարելու, առոչինչ շինծու պայմանագրերի նկատմամբ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջով Ա. Բողոսսյանը 2020թ. հուլիսի 13-ին հայցապահանջ էր ներկայացրել «Ֆայն Քարս Օֆ Արմինիա» ՍՊ ընկերության դեմ, գործը դատավոր Տաթեւիկ Ստեփանյանի վարույթ էր ընդունվել նույն թվի օգոստոսի 20-ին: Ստացվել էր, որ դատարանում առկա է նույն հիմքով երկու հայցապահանջ, հետեւաբար, Տ. Ստեփանյանի որոշմամբ մայիսի 5-ին հայցապահանջը մերժվել էր: Վերաքննիչ դատարանը Ա. Խառատյանի նախագահությամբ 2022թ. հուլիսի 4-ին բողոքը նույնպես մերժում է եւ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Տ. Ստեփանյանի կայացրած որոշումը թողնում ուժի մեջ:

Անդրանիկ Պողոսյանի գույքերի վրա, համաձայն կատարողական վարույթի, արգելանք էր դրվել: Ա. Պողոսյանը «Առավոտին» երեկ ասաց. «ԴԱՀԿ-ն դատական գործերի հետ կապված ապահովում է կիրառում, երբ դատարանը վարույթ է ընդունում, թվացյալ պահանջը՝ ասենք, հարյուր միլիոն դրամը ժամանակավորապես պահում է, մինչ դատական ակտի կայացումը: ԴԱՀԿ-ի առաջին գործը պետք է լիներ իքս- անձի միջոցների վրա, եթե միջոցներ գոյություն ունեն, կալանք դնելը: ԴԱՀԿ-ն չգիտի սակայն, թե տվյալ անձի նյութական միջոցներն ինչ արժողության են: Գույքի սեփականատերը դիմում է ԴԱՀԿ-ին՝ գույքի գումարի չափի համար:

Ես ունեմ եւ շարժական, եւ անշարժ գույքեր, դրամական միջոցներ տարբեր բանկերում գործող ինձ պատկանող հաշվեհամարներին, որոնց արժեքն անհամեմատ գերազանցել է կիրառված հայցի ապահովման միջոցները: Իմ ներկայացուցիչն այս տարվա՝ 2022 թվականի ապրիլի 15-ին ներկայացրեց միջնորդություն, որով խնդրեցինք հայցագնի չափը գերազանցող գույքերի նկատմամբ կիրառված արգելանքները հանել` արգելանքները պահպանելով իր կողմից ներկայացրած թվով յոթ անշարժ գույքերի վրա, որոնց լիկվիդացիոն արժեքն ընդհանուր առմամբ կազմել է 94.499.000 դրամ: Ես ունեմ անշարժ գույք, ասում եմ, գնահատեք, արժե այնքան, որը դատարանը պահանջում է: ԴԱՀԿ-ն, երբ իրեն բերում եմ գնահատված գույքը, պետք է ասի, որ գնահատված գույքը թող լինի շուկայական եւ լիկվիդացիոն, վերջինն ուժ ունի: Նրանք ուղարկում են որոշումը գնահատողին, ասում, գրեք, շուկայականը, մենք ասում ենք՝ թերի է ձեր պահանջը, ասում է՝ ինձ շուկայականը բավարար է: Գնահատողը տվել է շուկայականը, որն անմիջապես պետք է կիրառի: Հիմա էլ ասում է՝ հակառակ կողմին պետք է ուղարկենք, հակառակ կողմը, բնականաբար, ասում է՝ հավաստի չէ, երկրորդ գնահատողի մոտ պետք է ուղարկեր: Ամիսներով ԴԱՀԿ-ն խաղացնում է, ձգձգում, ի վերջո, ուղարկում է երկրորդ գնահատողի մոտ, պահանջելով իմ անշարժ գույքի շուկայական արժեքը, դարձյալ լիկվիդացիոն գինը չպահանջելով: Շուկայականը ստանալուց հետո հանկարծ ասում են՝ լիկվիդացիոնը ստանանք: Ութ ամիս է՝ վեճը գնում է, իմ պահանջը սա է՝ ազատեք իմ մյուս միջոցներից արգելանքը, չեն լսում»:

Ա. Պողոսյանն ասում է, որ իր կողմից ներկայացրած գույքերի լիկվիդացիոն արժեքը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նշանակած փորձաքննության արդյունքում կազմել է 83.250.000 դրամ, այսինքն՝ գույքերի լիկվիդացիոն արժեքը գնահատվել է 800.596 դրամի չափով պակաս, ինչից ելնելով՝ միջնորդել է 800.596 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել իրեն պատկանող «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում գործող հաշվեհամարին առկա դրամական միջոցների վրա, իսկ մնացած դրամական միջոցների վրայից հանել կիրառված արգելանքները։ Ինչո՞վ է պայմանավորված, որ մինչ այսօր արգելանքները պահպանված են նաեւ 30 միլիոն ՀՀ դրամ գումարի վրա, այն պարագայում, երբ առկա է 83.250.000 դրամի (լիկվիդացիոն արժեքը) անշարժ գույք։

«Երեւույթը կա, պետք է այս մասին խոսել»,-ասում է Ա. Պողոսյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031