Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը РБК-ի հետ զրույցում ասել է, որ Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը չմասնակցելը եղել է «Հայաստանի արտգործնախարարի ու թերևս Հայաստանի վարչապետի որոշումը, իսկ ինքը կարծում է, որ լավ կլիներ հայկական կողմի դիրքորոշումը հասցնել Սերգեյ Լավրովին:
«Դա նրանց որոշումն է: Ես կարծում եմ՝ ավելի լավ կլիներ, եթե նրանք դիրքորոշումը, այդ թվում Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, հասցնեին Սերգեյ Վիկտորովիչ Լավրովին, որը, ինձ թվում է, լիարժեք տեղեկացված չէր այն մասին, թե ինչ է այստեղ կատարվում, և ով է հրաժարվել ինչ-որ լուծումներից»:
Վարդանյանի խոսքով՝ արցախյան կողմը համաձայնել է Լաչինի միջանցքում իրավիճակի կարգավորման այն լուծմանը, որն առաջարկել էին ռուս խաղաղապահները, բայց ադրբեջանական կողմը դրանից կտրականապես հրաժարվել է:
Ընդհանուր առմամբ նկարագրելով իրավիճակն Արցախում՝ նա այն բնութագրել է որպես «լիարժեք մարդասիրական աղետ», քանի որ ճանապարհն արգելափակած «բնապահպանները» ճանապարհը բացում են միայն Կարմիր խաչի մեքենաների և ռուս խաղաղապահների համար: «Հայկական համարանիշերով մեքենաները կարողանում են անցնել միայն Կարմիր խաչի ուղեկցությամբ: Դրանով խախտվում է պայմանագրի 9-րդ կետն այն մասին, որ ճանապարհը պետք է ազատ լինի»,- ասել է Վարդանյանը:
Կարդացեք նաև
Նա նաև պատասխանել է Ադրբեջանի արտգործնախարարի պահանջին, թե ինքը պետք է հնարավորինս շուտ լքի Արցախը:
«Ես 20 տարի գալիս եմ Արցախ: Իրականացրել եմ բազմաթիվ նախագծեր, կազմակերպել եմ Շուշիի մզկիթի վերականգնումը: Ես ունեմ արցախյան արմատներ, իմ տատն այստեղից է: Ես այստեղ տուն ունեմ, և լավ չեմ հասկանում՝ ինչու պիտի այստեղից գնամ: Միշտ ամեն ինչ արել եմ, որ Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների ժողովուրդները կարողանան ապրել կողք կողքի, բայց ոչ միասին: Դա միակ հնարավորություններ է բոլոր կողմերի համար՝ վեճերից խուսափելու համար»,- ասել է Վարդանյանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ