Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեր պահանջներն անտեսվեն, ստիպված ենք լինելու գնալ զոհողությունների, փորձելու ենք ինքներս բացել ճանապարհը». Ցույց ՌԴ դեսպանատան մոտ

Դեկտեմբեր 23,2022 21:12

Այսօր «Արցախի հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնությունը հավաք-երթ էր կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի: Նրանք հայտարարությամբ հանդես եկան Ազատության հրապարակում, այնուհետեւ երթով շարժվեցին ՌԴ դեսպանատուն:

Ըստ հայտարարության՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Լաչինի միջանցքը պետք է լիներ ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ, Ադրբեջանն էլ պետք է ապահովեր քաղաքացիների, մեքենաների եւ բեռների անվտանգ տեղաշարժը միջանցքով: Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը, ներկայացնելով հայտարարությունը, ասաց. «Ադրբեջանն արգելափակել է կենսական ճանապարհը եւ դադարեցրել կապը ԼՂ-ի հետ՝ օգտագործելով բնապահպանական մտահոգությունների անհասկանալի պատրվակը, որպեսզի ահաբեկմամբ կորզի ՀՀ տարածքները, հայաթափի Արցախը, որին հովանավոր է հանդիսանում ՌԴ-ն՝ իր անգործությամբ: Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը գործում է անբարեխիղճ ու խախտում համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

Համաձայնագրի ստորագրումից հետո շաբաթների ընթացքում ԼՂ-ի եւ Ադրբեջանի շփման գիծը չի պաշտպանվել, մինչեւ մեկ տասնյակ գյուղեր հանձնվել են, նոր գերիներ են վերցվել, քաղաքացիներ են սպանվել: Լաչինի միջանցքի կարգավիճակը խաթարվել է: Այսպիսով հասկանալի է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ հակամարտության խաղաղ հանգուցալուծմամբ, ավելի շատ մտահոգված է տարածքային նորանոր նկրտումներով, ուստի մենք պահանջում ենք, որ ՌԴ-ն, որպես հրադադարի համաձայնագիրը ստորագրող երկիր, որի զորքերը տեղակայված են Արցախում, կատարի իր պարտավորությունները եւ գործի կենսական ճանապարհի բացման ուղղությամբ: Մենք պետք է նաեւ կոչ անենք բազմազգ խաղաղապահներ տեղակայել՝ միջազգային մանդատով եւ լիազորություններով խաղաղությունը պահպանելու եւ ՀՀ-ի, Արցախի ժողովրդին պաշտպանելու համար: Մենք պետք է աշխարհին հորդորենք ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

Ըստ նախաձեռնության անդամների, միավորվելով՝ հայերը կարող են փոփոխություն բերել. «ԼՂ-ում իրավիճակը սարսափելի է եւ պահանջում է անհապաղ գործողություններ…Որպես «Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնություն, պատրաստ ենք ստանձնել քաղաքական պատասխանատվություն Արցախի կենսական ճանապարհի ապաշրջափակման ու խաղաղության համար: Եթե մեր պահանջները, խնդրանքները, հորդորները անտեսվեն, ինչը անցանկալի է խաղաղության խաթարման եւ անդառնալիության տեսանկյունից, մենք ստիպված ենք լինելու գնալ զոհողությունների եւ փորձելու ենք ինքներս կենսական ճանապարհը բացել՝ 120 հազար արցախցիների համար: Մենք չենք կարող կողքի կանգնել եւ թույլ տալ, որ մեր հայրենակիցները տառապեն: Մենք բարձրացնում ենք մեր համերաշխության ձայնը Արցախի ժողովրդի հետ: Եկեք միասին պահանջենք արդարություն Արցախի ժողովրդի համար: Միասին մենք կարող ենք փոփոխություններ անել ու ապահովել ավելի պայծառ ապագա բոլորի համար»:

Մինչ ՌԴ դեսպանատուն հասնելը՝ ցուցարարներն անցան կառավարության եւ ՄԱԿ-ի գրասենյակի մոտով: Կառավարությանը նրանք հորդորեցին առավել կոշտ լինել ու պահանջ ներկայացնել ՌԴ խաղաղապահների առաջ՝ կատարելու իրենց պարտավորությունները:
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ մարդասիրական միջանցքը միջազգային իրավունք է. «Ե՛վ միջազգային հանրությունը, ե՛ւ ՌԴ-ն պարտավոր են կատարել իրենց պարտավորությունները, 21-րդ դարում ունենալ 120 հազար գերեվարված մարդ, ուղղակի ե՛ւ միջազգային կառույցների անտարբերության հետեւանքն է, ե՛ւ ՌԴ-ի հանցավոր գործունեության հետեւանքն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031