Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային գիտակները գտնում են, որ աշխարհի առաջնությունում հաղթեց հարձակողական ֆուտբոլը

Դեկտեմբեր 23,2022 21:12

Ֆուտբոլային գիտակների ակումբի մասնակիցները ամփոփեցին եւ գնահատականներ տվեցին Կատարում վերջերս տեղի ունեցած  աշխարհի ֆուտբոլի առաջնությանը։ Այս քննարկումը, որի անցկացմանը աջակցեց «Ավերս» ընկերությունը, տեղի ունեցավ «Առագաստ» սրճարանում։

Ակումբի հիմնադիր, լրագրող Տիգրան Հովհաննիսյանի կարծիքով՝ աշխարհի առաջնությունում հարձակողական ֆուտբոլը գերիշխեց, իսկ պաշտպանողական խաղը մատնվեց անհաջողությանը։ Այն թիմերը, որոնք ցանկանում էին խմբային փուլում ամեն գնով պահել հաշիվը, քանի որ ոչ–ոքին ձեռնտու էր, չկարողացան դա անել։ Այդպես եղավ եւ Գերմանիայի, եւ Բելգիայի եւ այլ տիտղոսակիր հավաքականների հետ։ Ըստ նրա առաջնությունը տվեց նաեւ նոր անուններ, հայտնություններ, օրինակ Գաքպո Նիդերլանդներից, Ալվարես եւ Հերնանդես Արգենտինայից, Բոնու Մարոկկոյից եւ այլն։

Անվանի սպորտային մեկնաբան Սլավա Սարգսյանի կարծիքով՝ հարձակողական ֆուտբոլը միշտ էլ հաղթում է ու այս անգամ էլ բացառություն չէր, որ Արգենտինայի հավաքականը նվաճեց չեմպիոնի կոչումը։ Նա գտնում է, որ առաջնության հայտնությունը Մարոկկոյի հավաքականն էր։ Ֆուտբոլասերներից շատերը երեւի չգիտեին, որ այդ թիմի խաղացողների մեծամասնությունը հանդես են գալիս եվրոպական առաջատար թիմերում եւ բավականին հաջող խաղ էին ցուցադրում։ Այժմ նրանք միացան, դարձան մի բռունցք եւ կամային որակներով եւ միասնությամբ հասան կիսաեզրափակիչ։

Խոսելով Արգենտինայի հաղթանակի մասին, նա նշեց, որ բոլորը սպասում էին, որ Մեսին պիտի դառնա աշխարհի չեմպիոն, քանի որ նա բոլոր ֆուտբոլային մրցանակները նվաճել էր, բացի չեմպիոնի կոչումից։ Ըստ նրա, այդ հանգամանքը բավականին մեծ թվով մարդկանց դարձրել էր Արգենտինայի երկրպագու։ Նրա խոսքով՝ Արգենտինան խաղաց Մեսիի համար, իսկ նա թիմի համար եւ այդ իսկ պատճառով նրանք հասան արդյունքի։ Նրա համոզմամբ, ամենաթիմային խաղ ցուցադրեց հենց Արգենտինայի հավաքականը։ Սարգսյանը խոստովանեց, որ ինքն երկրպագում էր Բրազիլիայի հավաքականին, սակայն ինչ –որ բան խանգարեց նրանց հասնել հաջողության։

Անվանի ֆուտբոլային մեկնաբան, «Ֆուտբոլ պլուս» թերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը, որը բազմիցս մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակիչներին՝ որպես լրագրող, գտնում է, որ վերջին աշխարհի առաջնությունը լավագույնն էր պատմության ամբողջ ընթացքում։  «Եղան բազմաթիվ անակնկալներ, այնուամենայնիվ եզրափակիչում հայտնվեցին ամենաարժանի եւ ամենագլխավոր հավակնորդները` աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան եւ Ամերիկայի չեմպիոն Արգենտինան։ Այդ երկու հավաքականները առանձնանում էին ուրիշ թիմերից նրանով, որ ունեին Մեսի եւ Մբապե», – նշեց մասնագետը։ Ըստ նրա, այս երկու ֆուտբոլիստները ուղղակի հրաշք գործեցին այս առաջնությունում, իսկ այս եզրափակիչը կարելի անվանել երազանքների եզրափակիչ, հատկապես Մեսիի համար։  Բաղդասարյանը նշեց, որ այս ֆուտբոլիստը արտակարգ խաղ ցուցադրեց 35–տարեկան հասակում, քանի որ այս եզրափակիչը նրա համար կյանքի գին ուներ։ Նա նշեց նաեւ, որ որեւէ թիմ չեր կարող հաղթել Ֆրանսիայի հավաքականին, բացի Արգենտինայից։ Ինչ վերաբերում է ֆրանցիացիների պարտությանը Թունիսին խմբային փուլում, ապա դա ոչնչի մասին չի խոսում, քանի որ Ֆրանսիան մարտական կազմով հանդես չեկավ այդ խաղում։ Ըստ նրա, հնարավոր է, որ այդպիսի եզրափակիչ աշխարհի առաջնությունում էլ մենք չտեսնենք իր դրամատիզմով եւ գեղեցկությամբ։

Ըստ «Ավերս» ընկերության գլխավոր տնօրեն Կարո Շահբազյանի, որը հետեւել է  աշխարհի առաջնության որոշ խաղերին Քաթարի մարզադաշտերում, այդ մրցումները արտակարգ կազմակերպված էր, մանավանդ անվտանգության առումով։ Խոսելով առաջնության եզրափակիչի մասին, նա նշեց, որ այդպիսի դինամիկա, անսպասելի հաշիվ եւ հուզմունք վաղուց չեր ապրել։ Ըստ նրա, դիտելով այն, նա բոլոր առաջնության խամրած խաղերը ներեց։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար, հայտնի դարպասապահ Ռոման Բերեզովսկին նույնպես նշեց, որ այս առաջնությունում հարձակողական ֆուտբոլը ավելի առաջնահերթ էր։ Թիմերից նա ընդգծեց Մարոկկոյի հավաքականի խաղը, որը լավ դրսեւորեց իրեն կազմակերպչական եւ նվիրվածության առումով, մանավանդ գնդակը խլելու իրենց ունակություններով։ Նա գտնում է, որ պաշտպանվելիս շատ մեծ դեր էր խաղում իրենց հենակետային կիսապաշտպան Սոֆյան Ամրաբաթը, որը արագ հետ էր բերում գնդակը։ Սակայն նա գտնում է բնական, որ առաջնությունում հաղթեց ավելի հարձակողական խաղ ցույց տված ֆուտբոլային թիմը` Արգենտինան։

Խոսելով Հայաստանի հավաքականի տղաների մասին, նա ասեց, որ ներկայումս պետք է ավելի շատ աշխատել հոգեբանների հետ, որպեսզի նրանք հավատան իրենց ուժերին։ Բերեզովսկու կարծիքով, հայ ֆուտբոլը պետք է լինի ավելի ագրեսիվ եւ հարձակողական, ինչը ավելի բնորոշ է իրենց մտածելակերպին։

«Մենք չենք կարող Մարոկկոյի նման սլանանք, փախնենք առաջ։ Մի քանի խաղ միգուցե հնարավոր է, բայց դա չի կարող մեր հավաքականի  հիմնական ոճը լինել։ Մենք պետք է գնդակ պահենք մեր կիսադաշտում, հետո իրենց կիսադաշտում, քանի որ մեր հարձակվողները մարոկանյան անտրոպոլոգիան չունեն, որպեսզի սլանան առաջ եւ արագ գրոհներ ձեռնարկեն։ Մարոկացիները ունեն այդ հաղթաքարտը եւ այն օգտագործում են», – նշեց նա։ Ըստ նրա, Հայաստանը պետք է իրենը ստեղծի, իսկ ամենաառաջնահերթը տղաները պետք է հավատան իրենց ուժերին, խոսքը վերաբերում է նաեւ պաշտպաններին, մանավանդ կենտրոնական, կիսապաշտպաններին եւ հարձակվողներին, որպեսզի ավելի սառնասիրտ կատարեն իրենց պարտականությունները։ Հավաքականի գլխավոր մարզիչը գտնում է, որ պետք է նաեւ շատ ակտիվ  պրեսսինգ անել մրցակցի կիսադաշտում։ «Ես այդպես եմ տեսնում մեր հավաքականի զարգացումը», – ընդգծեց նա։

Վիվառո Մեդիայի ֆուտբոլային մեկնաբան, «Պրոֆֆուտբոլ» հաղորդաշարի  հեղինակ–հիմնադիր Սենիկ Կարա–Պողոսյանի կարծիքով, այս առաջնությունը ամենալավը չէր, կան ավելի հաջողված առաջնություններ` 1986-ինը եւ հատկապես 1990-ինը։  Նա ընդգծեց, որ այս եզրափակիչը, անշուշտ, լավագույնն էր եւ հնարավոր է էլ կյանքում այդպիսի եզրափակիչ չտեսնենք։ Նա գտնում է, որ այս առաջնությունը երկակի տպավորություն թողեց։ Ըստ նրա, առաջին հերթին, դա կիսադատարկ տրիբունաներն էին մինչեւ կիսաեզրափակիչներ սկսելը։ «Չեմ պատկերացնում, ինչպե՞ս կարող է աշխարհի առաջնությունում ազատ նստատեղ լինի , այն էլ դիմային տրիբունայում, սակայն մի քանի տասնյակ ժամ է անցել, բայց մենք արդեն կարոտում ենք այդ խաղերին», – ասեց նա։

Ռադիո «Վան»–ի հայտնի հաղորդավար Գոռ Գրիգորյանը տարակուսանք հայտնեց այն կապակցությամբ, որ երկրներ, որոնց բնակչությունը համարյա հավասար է Հայաստանի բնակչության հետ (Խորվաթիա, Սերբիա, Ուրուգվայ), հասնում են հաջողությունների աշխարհի առաջնություններում, այն դեպքում, երբ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ Հայաստանը դեռ երբեք դուրս չի եկել։ «Ո՞րն է խնդիրը, որ իրենց մոտ ստացվում է, իսկ մեր մոտ ոչ։ Ինչու Ռոման Բերեզովսկու նման տղաները 10 տարի մեկ չեն ծնվում եւ առաջ չեն գնում։ Հենց դա է ինձ հետաքրքրում», – նշեց նա։ Հաղորդավարը ասեց, որ մեծ հետաքրքրությամբ հետեւում էր առաջնությունում այդ փոքր երկրների հավաքականների ելույթներին։ Ըստ նրա, դա հարց է, որի պատասխանը նա, ցավոք սրտի, չունի եւ այդ խնդիրը պետք է բարձրաձայնել։

Ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը, լինելով Ֆրանսիայի հավաքականի երկրպագու, արժանին մատուցեց ֆրանսիացիների խաղին, որոնց շնորհիվ աշխարհի առաջնությունը ունեցավ այդ դիտարժան եզրափակիչը, քանի որ, պարտվելով 0–2 հաշվով , նրանք այդ խաղը շրջեցին, ինչը քչերին է հաջողվում։ Ըստ նրա, առաջնությունում ստացված եզրափակիչ էր, հաշվի առնելով նաեւ այն, որ Մեսիի ոսկե մեդալների նվաճումը իր կարիերայի տրամաբանական ավարտ էր միջազգային մակարդակով։ «Մեսիի մոտ ինձ դուր է գալիս արագ մտածելու կարողությունը, որը շատ կարեւոր է ֆուտբոլում։ Խաղերի ընթացքում նա մի քանի տարբերակներ ուներ եւ միշտ արագ գտնում էր ճիշտ զարգացումը դաշտում», – եզրափակեց նա։

 

Տիգրան Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031