Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Գյումրիի «Մուշ-2» թաղամասում կառուցված շենքերի բացման արարողությանը

Դեկտեմբեր 23,2022 20:30

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Գյումրիի «Մուշ-2» թաղամասում կառուցված երկու բնակելի շենքերի պաշտոնական բացման արարողությանը: Բացման արարողությանը ներկա են եղել «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը և այլ պաշտոնատար անձինք:

«Մուշ-2» թաղամասում կառուցված երկու բազմաբնակարան շենքերը նախատեսված են 36 ընտանիքի համար, ևս երկու շենք կառուցման փուլում է: Բնակարանային համալիրում կառուցվել է նաև մանկապարտեզ, իսկ շենքերի ձեղնահարկերում կգործեն արհեստանոցներ:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է ներկաներին և նշել.

«Նախ շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ: Ինչպես ասում են կյանքը շարունակվում է: Այնպես եղավ, որ այսօրվա այս գեղեցիկ միջոցառումը համընկավ մեր հերթական խնդիրների հետ, բայց մենք որոշեցինք չհետաձգել այն: Շատերին կթվա, որ մենք խնդիրներ ունենք, ինչու այդ խնդիրներով չենք զբաղվում, բայց գիտեք, եթե սկսենք խնդիրներին առաջնահերթություններ տալ, այդպես էլ չենք կարող ասել, թե առաջինը որն է: 1988 թվականի երկրաշարժից հետո մեզ համար առաջինը միշտ եղել է երկրաշարժի հետևանքները վերացնելը: Եվ հիմա տեսնում ենք, թե քանի տարի է անցել, տասնամյակներ են անցել, բայց դեռևս, ցավոք սրտի, մինչև վերջ չենք կարողացել վերացնել հետևանքները: Սակայն համոզված եմ, որ դրա վերջն արդեն եկել է:

Դուք այդ միջավայրում եք ապրում և տեսնում եք, որ պետությունն իսկապես ամեն ինչ անում է, որ մենք երկրաշարժի հետևանքները չունենանք և մարդիկ, ովքեր տուժել են երկրաշարժից վերջապես կարողանան ստանալ այն, ինչին արժանի են, վերականգնեն կորուստները, որոնք ունեցել են:

Այսօրվա այս բնակարանամուտը հենց դրան է նվիրված: Այն մի փոքր յուրահատուկ է: Յուրահատուկ է նրանով, որ մարդիկ, ովքեր կմտնեն այսօր իրենց բնակարան ամեն ինչ կունենանա: Երբ Հայաստան հիմնադրամում քննարկում է եղել և որոշում է կայացվել, որ գիտեք՝ մարդիկ կարիք ունեն, բնակարանը ստանան, դատարկ պատեր, իսկ հետո ինչ են անելու և պետք է դիմել տեղական իշխանություններին, բարերարներին, բարեգործներին, քանի որ օգնության անհրաժեշտություն կա: Կարծում եմ, որ սա շատ ճիշտ նախաձեռնություն է և մարդիկ կարող են ուղղակի մտնել տուն և ապրել այնտեղ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այս շենքի կառուցման գործին:

Համոզված եմ, որ այստեղ ապրող քաղաքացիները իսկապես իրենց հետագա կյանքում մեծ ներդրում կունենան Հայաստանի կայացման համար: Վստահ եղեք, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ մենք ավելի բարեկեցիկ ապրենք, ամեն ինչ անում են, որ մենք ավելի անվտանգ երկրում ապրենք և այսօր էլ ամեն ինչ անում են, որ մեր հայրենակիցները, ովքեր գտնվում են Արցախում, կարողանան իրենց անվտանգ զգան: Այդ դժվարությունները հաղթահարվելու են, բայց դրանք մենք պետք է հաղթահարենք միասին: Շնորհավորում եմ բոլոր նրանց ովքեր այսօր նոր բնակարաններ են մուտք գործելու»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031