«Մեր խնդիրը Դաշնակցությանը քննադատելը չէ, Դաշնակցությանն իր պատմությունը հիշեցնելը չէ, մեր խնդիրը անվտանգության համակարգի համար արտաքին հետախուզական ծառայության օրենսդրական փաթեթն ընդունելն է, որը կծառայի այն նպատակին, որը դրված է ՀՀ-ի առաջ»,- ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Այս թեմայով խոսելիս նա հիշեց ԿԳԲ-ի նախկին գեներալ Օլեգ Կալուգինին ու ասաց․ «Գայթակղությանը տրվելով՝ հիշեցնեմ Խորհրդային Միության անվտանգության կոմիտեի գեներալ լեյտենանտ Կալուգինի մի հարցազրույց։ Հիշում եք, որի մասին նաև Լևոն Տեր-Պետրոսյանն է ասել։ Նա ասում էր, որ Խորհրդային Միության արտաքին հետախուզական ծառայությունը լուրջ հաջողությունների էր հասել իր գործակալական ցանցը ստեղծելու ուղղությամբ, այդ թվում հայկական սփյուռքում գործող կառույցներում՝ նկատի ունենալով նաև Դաշնակցությանը։ Ես այդ դեպքում ուրախանում էի, որ իմ հայրենակիցները դրսում, որ գործել էին, աշխատել էին իմ հայրենիքի համար, քանի որ Խորհրդային միությունն այն ժամանակ իմ հայրենիքն էր։ Հույս ունեմ, որ էլի այս ծառայության գործունեության ընթացքում մեր երկրին կօգնեն։ Դաշնակցությունն էլ է գործում, հնչակներն էլ, ՔՊ-ն էլ։ Սա մեր երկիրն է, մեր երկրի անվտանգության համակարգը սպասարկող կարևորագույն կառույց է»։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, ասաց․ «Պարոն Գրիգորյան, արտաքին հետախուզական կառույց ստեղծելու ժամանակ խնդրում եմ հանկարծ Կալուգինի օրինակը չբերեք։ Նա սեփական երկրի դավաճան է։ Հանկարծ Կալուգինով չդաստիարակեք արտաքին հետախուզության ծառայողներին, թե չէ դավաճանների թիվը շատ ավելի կշատանա»։
Կարդացեք նաև
Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի՝ Դաշնակցության «Նեմեսիս» գործողության առիթով հնչեցվածին, ասաց․ «Գրադարանս բերեմ, ԱԺ-ում դնեմ, «Նեմեսիսի» մասին կինոները ցույց տանք։ «Նեմեսիս» գործողությամբ մարդ չի սպանվել, գնդակահարվել են Հայոց ցեղասպանության համար պատասխանատու մարդիկ»։
Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց՝ ամբողջն ասեք, Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Եթե թուրքերեն գիտեք, ամբողջ ցանկը կարող եք կարդալ, «Նեմեսիսում» գտնել։ Մի քանի օրից էլ, որ հուշարձանի բացումը եղավ, այդտեղ էլ հերոսների անունները կգտնեք»։
Անդրադառնալով իրենց հասցեին հնչեցված քննադատություններին, թե երբ իշխանության մաս էիք կազմում, երեսուն տարի զենք չեք գնել, ասաց․ «Ինչ էլ որ առել են, Արթիկից Կարոյի կլուբնիկը չի եղել, կրակող է եղել։ Ինչ էլ որ առել են, թռնող ու խփող են եղել, ոչ թե ՍՈՒ-30-ի նման խաղալիքներ են եղել։ Այդ երեսուն տարվա արդյունքում էլ Շուշիում պար եք բռնել, հիմա չեք էլ համարձակվում Տեղ գյուղից էն կողմ Արցախի սահման հասնեք»։
Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին, թե Լաչինի միջանցքը փակ է եղել, բացվել է, հիմա էլ կբացվի, Գեղամ Մանուկյանը ճշտում արեց․ «Լաչինի միջանցքը չի բացվել, այն բացել է հայ ժողովուրդը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ