Պարսկական հովազի երկու առանձնյակներ՝ Նեոն (արու) ու Նովան (ենթադրաբար, էգ) ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ նկարահանվել են Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից կառավարվող ու պահպանվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված թակարդ-տեսախցիկներով։
Հիմնադրամի մասնագետները ենթադրում են, որ Նովան էգ է և ամենայն հավանականությամբ հետևում է Նեոյին՝ փնտրելով իր համար զուգընկեր։ Այդ մասին է վկայում նաև Նեո ու Նովա հովազների նույն միգրացիոն ճանապարհով ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ հաճախակի անցնելու փաստը։
Հովազների՝ ԿԿԱ տարածքում պարբերաբար մշտադիտարկումը փաստում է բնապահպանական տարածքների մասնավոր կերպով կառավարման և պահպանման արդյունավետության մասին: Ապաստարանը կապ է ստեղծում և ապահովում է հովազների և մյուս խոշոր կաթնասունների միգրացիոն ուղիների անընդհատելիությունը պահպանվող տարածքների միջև: Ավելին, հովազների՝ ԿԿԱ-ում ներկայությունը վկայում է այնպիսի տեսակների նորմալ պոպուլյացիայի առկայության մասին, ինչպիսիք են բեզոարյան այծը, եվրոպական նապաստակը, եվրոպական փորսուղը, հնդկական մացառախոզը և այլն: Ըստ IUCN Տեսակների գոյատևման հանձնաժողովի/Կատվազգիների մասնագետների խմբի՝ հովազն անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներից է:
ԿԿԱ-ի էկոհամակարգի, կենսամիջավայրերի ու կենսաբազմազանության պահպանումն իրականացնում է Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: Պարբերական մշտադիտարկումը իրականացվում է բրիտանական World Land Trust, WWF-Belgium, ԱՄՆ Անտառների ծառայության պետդեպարտամենտի և Viva-MTS գործընկերներ կազմակերպությունների աջակցությամբ:
Կարդացեք նաև
Նշենք, որ վերոհիշյալ տարածքների մեծ մասը գտնվում է Ադրբեջանի հետ հակամարտության գոտում։ Չնայած այդ փաստին, հիմնադրամի ռենջերների նվիրվածության ու ջանքերի շնորհիվ, Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը շարունակում է հաջողությամբ իրականացնել ապաստարանի բացառիկ կենդանական և բուսական աշխարհի պահպանությունը։
Հույս ենք հայտնում, որ բնապահպանական դաշտը Հայաստանում վերջիվերջո կհամախմբի տեղական ու միջազգային կազմակերպությունների՝ ի նպաստ կենսաբազմազանության և մասնավորապես՝ հովազի պահպանության։ Վստահ ենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է ձևավորի այն կարևոր հարթակը, որտեղ բնապահպանական գիտական համայնքը վերջապես կկարողանա համագործակցություն ստեղծել ու ծավալել։
Շուրջ 30,000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: ԿԿԱ և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այստեղ են բնակվում այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու կովկասյան հովազը: Արդեն երկար տարիներ հիմնադրամը բարձր արդյունավետությամբ ու հաջողությամբ համագործակցում է Վեդիի (Արարատի մարզ) խոշորացված համայնքի հետ։
Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ