Հայաստանը դիվանագիտական խողովակներ չի կիրառել Մոսկվայում նախատեսվող հանդիպումից հրաժարվելու մասին տեղեկացնելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի՝ տեղեկացման մեթոդը, որն օգտագործել է հայկական կողմը, «հարցեր է առաջացնում»:
Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ռուսաստանն օրակարգից չի հանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպում կազմակերպելու հարցը:
«Ես կարծում եմ, որ այս հանդիպումը շատ-շատ օգտակար էր: Մենք ունենք ընդհանուր ընկալում, որ օրակարգից չենք հանում մեր հայ գործընկերների մասնակցությամբ եռակողմ շփումների հարցը, պատրաստակամություն ենք հաստատել ընդունել մեր հայ բարեկամներին Մոսկվայում»,- ասել է Լավրովը:
Կարդացեք նաև
Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի թեման պահանջում է մշտական ուշադրություն: «Որքան շատ մենք նպաստենք բանակցային գործընթացի առաջմղմանը, այնքան շուտ կլուծվեն այն հարցերը, որոնք այժմ մտահոգությունների տեղիք են տալիս գետնի վրա»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարը՝ արխիվային