Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանը նորից օկուպացնի ՀՀ տարածքները, ՀՀ-ն նորից պետք է նստի ու նայի, որովհետեւ ՀԱՊԿ-ից դուրս ռազմաքաղաքական հարաբերություններ չի ձեւավորել»․ Արմինե Մարգարյան

Դեկտեմբեր 23,2022 18:35

Հայաստանի անվտանգային համակարգը չի համապատասխանում մեր կարիքներին։ Այսօր այսպիսի կարծիք հայտնեց ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Արմինե Մարգարյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ։

Նա, գնահատելով ՀՀ անվտանգային համակարգը, արտաքին հարաբերություններն ու մարտահրավերներն ու կառավարության քաղաքականությունն, ասաց՝ եթե նույնիսկ արտաքին գերատեսչական մարմինը փայլուն գործի, եւ փայլուն է գործում, արտաքին աշխարհում միջազգային գործընկերների հետ հարաբերություններ ձեւավորելիս շատ կարեւոր է, որպեսզի քո օրակարգը համահունչ լինի այն անվտանգային համակարգի հետ, որը դու ձեւավորել ես, եւ որի հիման վրա տեսնում ես քո զարգացումը։

«Իսկ մեր անվտանգային համակարգը չի համապատասխանում մեր կարիքներին, հետեւաբար այստեղ մի փոքր դիսոնանս է լինելու, որովհետեւ եթե մենք մեր արեւելյան գործընկերներին ներկայացնում ենք, որ մենք Արցախի հարցում ունենք խնդիր, որովհետեւ Ադրբեջանը փակել է կյանքի ճանապարհը, եւ այստեղ շեշտում են մարդու իրավունքներ, ժողովրդավարություններ, եւ մենք շեշտում ենք, որ միակողմանի լուծումներ չպետք է լինեն, այն բոլոր շեշտադրումները, որ արեւմտյան աշխարհն անում է, այս բոլորը պետք է համահունչ լինեն անվտանգային համակարգի ներսում քո որդեգրած սկզբունքների հետ։ Իսկ մեր անվտանգային համակարգը ձեւավորված է ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Այս առումով մենք որեւէ շոշափելի ազդակներ չենք տեսնում, որ պետությունը գնում է այն վերանայելու կամ վերաձեւակերպելու ճանապարհով»,-ասաց Մարգարյանը։

Քննարկման մյուս մասնակիցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ հավելեց՝ Հայաստանի անվտանգային համակարգում պաշտպանական բլոկում ոչինչ չի փոխվել։ Նա որպես սրա հիմնավորում նշեց․«Քո պաշտպանական վիճակն այնպիսին է, որ դու սեպտեմբերյան էսկալացիայի ժամանակ տալիս ես նույնքան զոհ, որքան 44-օրյա պատերազմի ժամանակ օրական զոհեր էիր տալիս։ Հետեւաբար, այստեղ նույնիսկ բարեփոխման մասին խոսելն ավելորդ է՝ եթե դու առաջնահերթ խնդիրների լուծման համար չունես ծրագրեր եւ գործողություններ։ Դրանց ուղղությամբ անգամ քայլեր, հայեցակարգ չկա»։ Նա ասաց, որ որոշ հանդիպումներ են լինում, բայց անհասկանալի է՝ ո՞ւր են տանելու այդ ամենը։

«Մենք մեր արտաքին հարաբերություններում, ոչ միայն ՀԱՊԿ, Եվրախորհուրդ, ԵԱՏՄ, ԵՄ, ՄԱԿ․․․ այս ամբողջ խճապատկերում մեկը մյուսի նկատմամբ փոխվել է, բայց մեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է, դու հրդեհային ընթացիկ գործողություններ ես կատարում՝ զուտ անելու համար, թե՞ մշակված կոնցեպտուալ մոտեցում ունես՝ հաշվի առնելով այս ամբողջ պատկերի արմատական փոփոխությունը, որոշել ես ինչ պետք է անես այդ իրավիճակում, որպեսզի քո անվտանգային խնդիրների լուծման հնարավորությունները ձեւավորես»,-ասաց Սաքունցը։

Նա նկատեց՝ մենք անընդհատ հանդես ենք գալիս ժողովրդավարական արժեքների տեսակետից, եւ առնվազն տարօրինակ է՝ եթե դու ժողովրդավարական արժեքներով ես հանդես գալիս, ինչպե՞ս ես հայտնվում տոտալիտար բռնապետական պետության դաշնակցի դերում․«Այսինքն, դու կարողացել ես խնդիրը ներկայացնել, որ ենթարկվում ես ագրեսիայի հանձինս բռնապետական ռեժիմի՝ Ադրբեջանի, որին աջակցում մյուս բռնապետական ռեժիմը՝ էրդողանը, որոնց հետ համագործակցում է մյուս ավտորիտար պետությունը՝ Ռուսաստանը, եւ այս իրավիճակում, երբ Հայաստանի հանրապետությունը միջազգային կառույցներում ձեռնպահ է քվեարկում․․․ ձեռնպահ քվեարկելու լիմիտը սպառվում է, որովհետեւ քեզանից հստակ դիրքորոշում են ուզում։ Իսկ սրան մերոնք հակադարձում են՝ եթե մենք կողմ քվեարկենք այն բոլոր բանաձեւերին, որոնք դատապարտում են Ռուսաստանի ագրեսիան, ապա մենք խնդիրներ կունենանք։ Իսկ ձեռնպահ քվեարկելով դու ոչ միայն խնդիրներ ես ունենում եւ ոչ միայն սպառնալիքների մեծացման առումով, այլեւ աջակցություն ստանալու առումով»։

Մանրամասն՝ տեսանյութում

Արմինե Մարգարյանն էլ հավելեց՝ պետք չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իշխանությունը պարզապես պետք է կարողանա մանեւրել ե՛ւ մեր ռազմավարական գործընկերոջ հետ, ե՛ւ արեւմուտքի հետ հարաբերություններ ձեւավորելիս․«ՌԴ-ին չի կարելի չնկատել մեր տարածաշրջանում, որովհետեւ նա այս տարածաշրջանն ընկալում է որպես իր ազդեցության գոտի»։

Նրա դիտարկմամբ՝ մեր դեպքում՝ որպես փոքր պետություն, մանեւրելը նշանակում է բլոկային սիստեմից պիտի դուրս լինենք․ «Այդ բլոկային սիստեմից՝ ՀԱՊԿ-ից, որը միայն թղթի վրա է, երբ կարողանանք դուրս գալ, կկարողանանք ռազմավարական գործընկերներ ձեւավորել այն ուժային կենտրոնների հետ, որոնք շահագրգռված են տարածաշրջանում ունենալ իրենց դիրքը, որոնք շահագրգռված են տարածաշրջանի անվտանգությամբ, եւ շահագրգռված են, որ Հայաստանն ամրապնդի իր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը եւ շահագրգռված են պայմաններ ստեղծել Հայաստանի կայուն զարգացման համար»։

12-րդ օրն է՝ փակ է Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ Այս խնդրին արձագանքել են տարբեր երկրներ, ՄԱԿ ԱԽ նիստում է քննարկվել, անդամ երկրների դեսպանները կոչ են արել ապաշրջափակել միջանցքը, սակայն արդյունքներ չեն գրանցվում, միջանցքը չի բացում Ադրբեջանը։ Եվ որքան էլ Հայաստանը ժողովրդավարության դիրքերից հանդես գա, Արցախի հարցում կարծես շոշափելի աջակցություն չի ստանում։

Արմինե Մարգարյանն այս առնչությամբ ասաց՝ քանի դեռ դու չես կարողացել հստակ ձեւավորել, թե որտեղ ես դու եւ ինչպես ես պատկերացնում քո զարգացումը, չես կարող ակնկալել այն աջակցությունը, որը կարող էիր ակնկալել․ «ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտականությունը, ՀՀ տարածքն օկուպացվել է, եւ եթե վաղը նորից նման բան լինի, նշանակում է Հայաստանը պետք է նստի ու նայի, թե ինչպես է իր տարածքն օկուպացվում, որովհետեւ ՀԱՊԿ-ից դուրս համակարգային ռազմաքաղաքական հարաբերություններ Հայաստանը չի ձեւավորել, չի ձեւավորում եւ չի կարողանալու ձեւավորել, քանի դեռ ՀԱՊԿ-ում է, սա սահմանափակող գործոն է»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031