Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ գնալով հիասթափվում են ներհայաստանյան իրողություններից

Դեկտեմբեր 23,2022 18:00

Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց «Ռուս-Ուկրաինական հակամարտություն. հայացք Հայաստանից» հետազոտության երրորդ փուլի արդյունքները, ինչպես նաեւ անդրադարձավ ներհայաստանյան օրակարգին:

Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ քաղաքների եւ մարզերի 1100 քաղաքացիների շրջանում:

«Հարցումների ժամանակահատվածը չի ընդգրկել վերջին զարգացումները՝ Լաչինի շրջափակումը»,- տեղեկացրեց պարոն Նավասարդյանը:

Հարցման ամփոփումը ցույց է տվել, որ տարվա ընթացքում նկատելիորեն նվազել է վստահությունն ու հավատը գործող իշխանության, պետական կառույցների, բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց վարած քաղաքականության նկատմամբ:

Մասնավորապես, երկրի տնտեսական վիճակը քաղաքացիների շուրջ 13 %-ն է նշել դրական տիրույթում, վատ համարել է շուրջ 34 %-ը, իսկ մոտ 54 %-ը գնահատել է միջին, ինչը նույն գոյատեւելն է:

ԱԺ-ի գործունեությանը ընդամենը 13,7 %-ն է միանշանակ հավանություն տվել, ՀՀ կառավարությանը՝ 16,1 %-ը, ՀՀ նախագահինը՝ 15,0 %-ը, իսկ վարչապետինը՝ 23,2 %-ը:

Հետաքրքիր թվեր են արձանագրվել նախարարների եւ նրանց ղեկավարած նախարարությունների եւ պետական կառույցների գործունեությունը 1-5 բալով գնահատելու ժամանակ: Արամ Նավասարդյանը տեղեկացրեց, որ հարցում իրականացնելու ժամանակահատվածում դեռեւս ազատված չէր ԿԳՄՍ նախարարը, իսկ ֆինանսների նախարարը դեռ չեր նշանակվել փոխվարչապետ: Շատ թե քիչ դրական տիրույթում գնահատական ստացել են 15 պետական կառույցներից միայն 7-ը: Զավեշտալի է, որ ամենացածր՝ 2,7, գնահատականի արժանացած ֆինանսների արդեն նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը դրանից հետո պաշտոնի բարձրացում է ստացել՝ նշանակվելով փոխվարչապետ: Համեմատության համար ասենք նաեւ, որ նախկինում արված հարցումների ընթացքում ավանդաբար ամենաբարձր գնահատական ստացել են հիմնականում ուժային կառույցները, սակայն նրանց վարկանիշը գնալով ընկնում է:

Հայաստանի հարցված քաղաքացիների կեսից ավելին՝ 51,5 %-ը դրական է վերաբերում Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելու փաստին, 21,0 %-ը դժվարացել է պատասխանել հարցին:

Կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների, Ռուսաստան-Ուկրաինա, Ռուսաստան- Արեւմուտք հարաբերությունների հետ, որոշակիորեն նվազել է Ռուսաստանի վարկանիշը, ինչը Արամ Նավասարդյանը մեկնաբանեց նաեւ վերջին տարիներին ու հատկապես վերջին շրջանում Հայաստանում հակառուսական քարոզչության կտրուկ ավելացման իրողությունով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031