Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունները փոխանակ Արցախի հարցը լուծեն, Դաշնակցությանը մեղադրում են 2013-ին տեղի ունեցած սպանությունը չբացահայտելու մեջ»․ Քրիստինե Վարդանյան

Դեկտեմբեր 23,2022 17:46

«Մենք պետք է ունենանք արտաքին հետախուզություն, պետք է այս հետախուզությունն ուժեղ լինի։ Որքան լավը լինի, այնքան ներքին անվտանգությունն ավելի մեծ կլինի, բայց միայն օրենքն ընդունելով, կառուցվածք ստեղծելով՝ իրավիճակը չի փոխվում։ Պետք է քայլեր անել, որ այդ ամենն իրականություն դառնա»,- ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նշենք՝ ԱԺ-ում քննարկվեց եւ ընդունվեց օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն։

Գեղամ Նազարյանը կոչ արեց, որ ՀՀ պետական կառույցները զբաղվեն կասկածելի մարդկանցով, որոնք լցված են ՀՀ-ում և թշնամական քարոզ են անում բնակչության շրջանում ու շարունակեց․ «Այդ մարդիկ ասում են, որ սեպտեմբերի 13-ին ռուս զինծառայողներն են հայերին սպանել, Արցախը ՀՀ-ից կտրել են ոչ թե թուրքերն ու ադրբեջանցիները, այլ ռուսները, ասում են՝ արցախցիներն իրականում հայեր չեն և այլն։ Ցավոք, դա գնալով լայն տարածում է ստանում, անդադար ապատեղեկատվություն են տարածում, և ոչինչ չի արվում այդ ուղղությամբ»։

Գեղամ Նազարյանը կոչ արեց անդադար չհիշել անցյալը ու ասաց․ «Այդ անցյալում չորս հազարից ավելի հայեր չէին սպանվել, Շուշին չէինք կորցրել»։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Անցյալից խոսելիս հիշեք՝ ում կուսակցությունով եք այստեղ հայտնվել, ձեր առաջին համարն ով է։ Մահացած մարդկանցից եք խոսում»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ նշեց․ «Արցախն արդեն 11 օր է՝ շրջափակման մեջ է, իսկ իշխանության ներկայացուցիչները փոխանակ այդ խնդիրը լուծեն, հիմա Դաշնակցությանը մեղադրում են 2013-ին տեղի ունեցած սպանությունը չբացահայտելու կամ սպանության կազմակերպիչներին չգնդակահարելու մեջ։ Խոսքը 2013-ին սպանված լեգենդար ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանության մասին է։ Որպեսզի երեսպաշտության աստիճանը պատկերացնեք, հերիք չէ չորս տարի առաջընթաց չկա այս գործում, մի հատ էլ Դիմադրության շարժման շրջանակներում ապօրինի քրեական հետապնդում են ձեռնարկել Հրաչ Մուրադյանի ընտանիքի միակ խնամակալի՝ Գևորգ Մուրադյանի նկատմամբ․․․Ես միայն հույս ունեմ, որ չեք այցելել Նիկոլ Փաշինյանի շարասյան հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի հայրիկին ու խորհուրդ չեք տվել հայրիկին բացահայտել սպանությունը և գտնել ու գնդակահարել սպանության կազմակերպիչներին»։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց․«Նախ Արցախի շրջափակման 12-րդ օրն է, երկրորդ՝ մի շահարկեք մարդկանց անուններ։ Եթե այդքան ուզում եք գնալ, գնացեք Պողոս Պողոսյանի բարեկամներին այցելեք և փորձեք հասկանալ, թե ով է հրաման տվել սպանել այդ մարդուն՝ «պրիվետ, Ռոբ» ասելու համար։ Խոսելուց հիշեք, որ այնքան բան կա հիշելու, որ կարող է մի նիստ չհերիքի»։

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն էլ ասաց․ «ՀՅԴ-ականները գտնվում են մի քաղաքական լիդերի իշխանության կամ ղեկավարության ներքո, որի թիկնապահները զուգարանում ծեծելով սպանել են իրենց կուսակից ընկերոջը։ Տիկին Կրպեյան, ես գնահատում եմ Ձեր դեմքի ժպիտն այս արտահայտությունը լսելիս, բայց այն համահունչ չէ նշվածին։ Նաև գնահատում եմ այն ոգևորությունը, որով պարոն Մանուկյանը խոսում է   երեսուն տարվա մասին։ Երեսուն տարին դուք ու պարոն Օհանյանը, որ այստեղ չէ, ՀՀ բանակը պահել եք այս 19 հրետանային մարտկոցների մակարդակի, այն ժամանակ, երբ թշնամին գնում էր նորանոր զենքեր։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ նախորդ դարի առաջին կեսում ստեղծված հրանոթներով հայ զինվորը կանգնած էր թշնամու առաջ»։

Ի դեպ, Վահագն Ալեքսանյանի այս պնդմանը, թե «Դուք երեսուն տարի պահել եք այն դամը, որի տակ թշնամին հզորացել է, ձեր ղեկավարները հարստացել են, մեր բանակն էլ առաջ չի գնացել»՝ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը մասնավորապես հիշեցնելով՝ «44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բռնապետն իր մի քանի հարցազրույցներում և ելույթներում հայտարարել է, որ վերջին արցախյան պատերազմի ժամանակ ոչնչացրել է հայկական բանակի 4-5 միլիարդ դոլարի զինտեխնիկա… Հայաստանի գործող իշխանությունները վախենում են հերքել Ալիևի այս հայտարարությունը շատ լավ գիտենալով, որ Բաքուն դրա վերաբերյալ ապացույցներ ունի… Եթե հայկական բանակը թալանված էր, ապա ո՞վ գնեց այդ զենքը, որ քայլիստ-դավաճանների թայֆայի պատճառով ոչնչացվեց կամ որպես ռազմավար հայտնվեց թուրքերի ձեռքում… Թալանված բանակը 4-5 միլիարդ դոլարի զենք կունենար, որ կորցնե՞ր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031