Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վստահում է ՀՀ ԱԳՆ-ին եւ նրա աշխատանքին, ուստի, եթե ԱԳՆ-ում որոշել են չմասնակցել Մոսկվայում ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, ուրեմն դրա համար բավարար հիմքեր եղել են: Այդ մասին իշխող խմբակցության պատգամավորն ասաց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Մեկ այլ հարցի՝ Երեւանը ուղիղ բանակցո՞ւմ է Բաքվի հետ, Բերձորի միջանցքը բացելու հարցով, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Բանակցությունները տեղի են ունենում միջնորդների միջոցով եւ հիմնականում այդ խնդրի ողջ առանցքը ՌԴ խաղաղապահ ուժերն են, նրանք են այդ խնդիրներով զբաղվում, նաեւ բանակցում ադրբեջանական կողմի հետ»:
Արցախում գազամատակարարումը վերականգնելուց հետո, նաեւ իր պատկերացումներով, այդ թվում՝ խաղաղապահ զորքերից ստացած տեղեկություններով, մեծ էր հավանականությունը, որ միջանցքը պետք է բացվի. «Բայց մենք պետք է մի բան հաշվի առնենք, որ բանակցություններն իրականացվում են Ադրբեջանի հետ, իսկ Ադրբեջանի գործելաոճը բոլորիս հայտնի է: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը ստորագրել է, պարտավորվել է, բայց այդ պարտավորությունները մնացել են օդում»:
Կարդացեք նաև
Արմեն Խաչատրյանը վստահեցնում է, որ միջանցքի բացման համար բանակցությունները բոլոր հարթություններով ընթանում են. «Օրեր առաջ դուք տեսաք ՄԱԿ-ի ԱԽ նիստը, որը նույնպես շատ լուրջ միջազգային ճնշում էր: Հարցն այն է, թե այդ ճնշումներն արդյոք բավարար կլինե՞ն, որ Ադրբեջանն իր սադրիչ գործողություններին վերջ տա: Այս պահի դրությամբ, դեռեւս, ցավոք, սրտի, ճանապարհը մնում է փակ: Սա նշանակում է, որ մեր աշխատանքներն ավելի ակտիվ պետք է լինեն, պետք է շարունակություն ունենան: Մի շարք ուղղություններով են աշխատանքներ իրականացվում, այդ թվում՝ ռուս խաղաղապահների գործառույթների կտարման ուղղությամբ են աշխատանքներ իրականացվում: Իհարկե, ռուս խաղաղապահներին պահանջներ կան, որ իրենց առջեւ դրված խնդիրները լուծեն, բայց նաեւ հարց է առաջանում՝ կարողանո՞ւմ են լուծել, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ նրանք, այո, ի զորու են այդ խնդիրը լուծել, ուղղակի ժամանակի հարց է, ամեն ինչ արվում է, որպեսզի էսկալացիոն պրոցեսներ չլինեն, իսկ դա որոշակի ժամանակ է պահանջում»:
Արձագանքելով լրագրողների դիտարկումներին՝ հենց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների եւ վարչապետի կողմից ռուս խաղաղապահ առաքելության նկատմամբ՝ պարտավորությունները չկատարելու մեղադրանքներին, այդ առիթով ՌԴ նախագահի խոսնակի պատասխանին, Արմեն Խաչատրյանն ասաց. «Իրենց առջեւ դրված է կարեւորագույն խնդիր՝ ապահովել Լաչինի միջանցքի ազատ երթեւեկությունը: Այսօր այդ գործառույթը խաթարվել է եւ խաղաղապահները չեն կարողանում իրենց ստանձնած պարտավորությունը կատարել։ Հայաստանի իշխանությունների կողմից հնչել է գնահատական, որ իրենք չեն կարողանում իրենց ստանձնած պարտավորությունը կատարել: Սա փաստական իրադրության արձանագրում է, բայց մենք հույս ունենք, որ խաղաղապահներն իրենց պարտավորությունը շուտով կկատարեն»:
Արմեն Խաչատրյանը նաեւ հայտարարեց՝ ռուս խաղաղապահները Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման տակ են, բայց միջանցքը միանշանակ պետք է բացվի ու բացվելու է առանց նախապայմանների:
Իշխող ուժի ներկայացուցիչը քիչ հավանական է համարում, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքվի. «Այս լարված իրավիճակում եւ Ադրբեջանի հռետորաբանությունը ուսումնասիրելով, կարծում եմ, որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ