Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղամիջոցները շուրջ 3 ամիս չգույքագրվելու հետևանքով դարձել են ժամկետանց. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դեղերի պատվերների ձևավորման, հաշվառման և բաշխման գործընթացներում

Դեկտեմբեր 23,2022 17:03

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա՝ ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացրել է Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողություն, որի ընթացքում ուսումնասիրվել է 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ ներմուծված դեղերի և բժշկական նշանակության պարագաների պատվերների ձևավորման, ստացման, հաշվառման և բաշխման գործընթացները:

Ուսումնասիրվել են նաև դեղամիջոցների ոչնչացման գործընթացը, որի ընթացքում արձանագրվել է դեպք, երբ ՊՈԱԿի կողմից պահեստում գտնվող դեղամիջոցները շուրջ 3 ամիս չեն գույքագրվել և դրանց բաշխումը չի իրականացվել, որի արդյունքում 1 044 192 240 ՀՀ դրամ ինվոյսային արժեքով դեղամիջոցների պահպանման ժամկետները անցել են և համաձայն ներկայացված փաստաթղթերի՝ դրանք ոչնչացվել են:

Հարկ է նշել, որ ՊՈԱԿ-ի մեկ այլ պահեստում պահպանվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մեծ մասը սահմանված կարգով գույքագրված և ՊՈԱԿ-ի հաշվեկշռում արտացոլված չեն եղել: Ավելին՝ պահեստում իրականացված տեղատեսության արդյունքում ուսումնասիրող խմբի կողմից հայտնաբերվել են՝ 71 095 080 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ դեղեր (որոնց պահպանման ժամկետները հիմնականում լրանում էին 2022 թվականին), որոնք ՊՈԱԿ-ի տիրապետման տակ են գտնվել դեռևս 2020-2021 թվականներից, սակայն սահմանված կարգով չեն հաշվառվել և հետագայում չեն բաշխվել, ինչի արդյունքում դարձել են ժամկետանց:

Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է նաև, որ ՊՈԱԿ-ի պահեստից որոշ ապրանքներ բացակայել են  և դրանց ելքը հավաստող փաստաթղթեր առկա չեն եղել, մասնավորապես՝  պահեստից բացակայել են «Անալիզի նմուշային փայտիկներ բամբակյա ներդիրով՝ 12000 հատ և «Նմուշային կոլբաներ»՝ 6000 հատ: Նշված ապրանքներն ըստ ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերագնահատման՝ արժեցել են՝ ընդհանուր 4 200 000 ՀՀ դրամ.

 Ուսումնասիրության ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

Միաժամանակ, ուսումնասիրության ընթացքում իրականացվել է նաև ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի միջև 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների փաստացի կատարման, փաստաթղթերի և այլ կրիչների հանդիպակաց ուսումնասիրություն, որի ընթացքում տարբեր դրվագներով բացահայտվել է 34 անվանում՝ ընդհանուր 201 495 ԱՄՆ դոլար արժեքով դեղերի անհետացման դեպքեր, որոնք Փորձագիտական կենտրոնի կողմից առանց իրավական հիմքի չեն վերադարձվել ՊՈԱԿ-ին և միաժամանակ չեն գտնվել Փորձագիտական կենտրոնում:

Հայտնում ենք, որ առերևույթ հանցագործության հանգամանքների վերաբերյալ Ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031