«Այն ժամանակ, երբ Դաշնակցությունն իշխանության մաս էր, ՀՀ-ն տնտեսական ամենաբարձր աճն էր ապահովում»,- ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա հիշեցրեց՝ ՀՀ-ն կոչվում էր «կովկասյան վագր» ու շարունակեց․ «Այդ տնտեսական աճը պայմանավորված չէր ղումարբազներով, որոնք 4,2 տրիլիոն դրամ գումարի շրջանառություն են ապահովում։ Դրա մասին խոսում է կառավարությունը։ Տնտեսական բումի պայմաններում աղքատությունը չէր ավելանում, տնտեսական բումը չէր ապահովվում ՌԴ-ից եկածների հաշվին»։
ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նախ անդրադարձավ արտաքին հետախուզության ստեղծման գաղափարին ու նշեց, որ այն շատ կարևոր ինստիտուտ է։ Հետո էլ անդրադառնալով Գուրգեն Արսենյանի այն պնդումներին, թե խորհրդային ԿԳԲ-ի ժամանակ մեզ օգնել են սփյուռքի մեր հայրենակիցներն, ասաց․ «Օգնել են, բայց մի մասն էլ այլ երկրների համար են աշխատել։ Դրա համար պետք է ունենանք հայկական նման կառույց, որը պետք է աշխատի հայկական շահի համար։ Դրանով անվտանգային շատ խնդիրներ ենք լուծում»։
Կարդացեք նաև
Արթուր Խաչատրյանին արձագանքելով՝ Խաչատուր Սուքիասյանն ասաց․ «Պարոն Խաչատրյան, երբ ասում եք՝ վագրային թռիչքներ, վիճակագրություն նայեք։ Պաշտոն եք զբաղեցրել, նայեք այսօրվա պահուստները, այսօրվա ընդհանուր կառույցներում ֆիզիկական անձերի աշխատավարձերի չափերը, նրանց տված հարկերը, նայեք, թե բանկային համակարգում ինչքան դեպոզիտ գումարներ, ավանդ կա, դրանից հետո խոսեք։ Դուք էլ երկար ժամանակ պաշտոն եք զբաղեցրել, նախարար եք եղել, ամոթ է՝ ո՞նց եք եկել, այսօրվա ունեցած թվերն աղավաղում, ասում՝ այն ժամանակ վագրերը, չգիտեմ՝ ինչ թռիչքներ։ Նայե՞լ եք այսօրվա, անցյալ տարվա թվերը»։ Արթուր Խաչատրյանը տեղից արձագանքեց, որ «կովկասյան վագր» բնորոշումը «Համաշխարհային բանկինն» էր։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ